Անցնող շաբաթը հագեցած էր քաղաքական-հասարակական բնույթի տարբեր իրադարձություններով: Հետաքրքիր իրադարձություններով էր լի ներհայաստանյան քաղաքական կյանքը, կրկին լարված էր իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, Սիրիայում էլ ոչ մի կերպ չի հանդարտվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը' շարունակելով իր վրա բևեռել ողջ աշխարհի ուշադրությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

 

ՀՀ Նախագահի ելույթը' Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը Նախագահը հանդես եկավ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթով:

 

Իր խոսքում ՀՀ Նախագահը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Նախագահ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների իրականացման այս փուլում կարևորեց ապագայի մասին պատկերացումները ևս մեկ անգամ բարձրաձայնելը: «Եվս մեկ անգամ հնչեցնենք մեր գաղափարները: Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Միգուցե նորություն ասած չեմ լինի, միգուցե կրկնվեմ, բայց հատկապես այս փուլում մեկ անգամ ևս ամրագրելը պարտադիր եմ համարում, որպեսզի վաղը, մյուս օրը տարբեր մեկնաբանություններ չլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Իր ելույթում Նախագահը խոսեց նաև Հայաստանի ապագայի մասին. «Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին, այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը»,-նշել էր Նախագահը: Նրա խոսքով' արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: ՀՀ նախագահն ընդգծեց նաև, որ մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան Այս համատեքստում Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ տեսնում է նոր, ազատ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորությունները:

 

Իր ելույթում ՀՀ Նախագահը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգի բարելավման մասին: Նա նաև համոզմունք հայտնեց, որ նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար: «Մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն: Պետք է վերացնենք այն հ ամոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որևէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը»,-ընդգծեց Նախագահը”

 

Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հանրապետության ղեկավարն անդրադարձավ նաև ԼՂ համակարտության խնդրին' ընդգծելով, որ ԼՂ խնդիրը լուծվելու է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: «Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ ան որոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող»,-նշեց Նախագահը:

 

Անդրադառնալով տնտեսության զարգացման խնդրին' ՀՀ Նախագահը շեշտադրեց մի քանի հիմնական սկզբունքներ: «Երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

 

Հանդիպման վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության տեղը երաշխավորված չի համարում և հորդորում է բոլորին զերծ մնալ ժամանակից շուտ ընտրարշավը սկսելու գայթակղությունից: «Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ: Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ Նախագահի փետրվարի 12-ի հրամանագրով Գորիկ Հակոբյանն ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Նրա փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվեց Գեորգի Կուտոյանը: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գորիիկ Հակոբյանը նշանակվեց Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:

 

Նույն օրը ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյանն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: «Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածութ յան որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ»,-նշեց Նախագահը:

 

ԼՂ հակամարտություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 6-7-ին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակեց շուրջ 1500 կրակոց:

 

ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին անդրադարձ կատարվեց փետրվարի 8-ին' ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը հանդիպման ժամանակ: Մայա Գոյկովիչը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշեց, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը ՀՀ վ

արչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ' ընդգծեց, որ դեմ է ԼՂ հարցով միակողմանի բանաձևերին:

 

Շվեդիան ևս ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան: «Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրը ընկալվում: Պետք է նշեմ, որ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը և պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի»,-ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը:

 

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլը վերահաստատեց նաև ՀՀ ԱԺ նախագահ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը: Յան Զահրադիլը նշեց, որ կողմ է հարցի' երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:

 

Իրանը ևս ԼՂ հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը:

 

Հակառակորդի կողմից փետրվարի 11-ին «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից զոհվեց քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Այսքանն էլ քիչ համարելով' ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմեց սադրանքի' հայկական կողմին մեղադրելով դիվերսիոն փորձ ձեռնակրելու մեջ' հայտարարելով, թե իբր կազմակերպված անհաջող դիվերսիայի հետևանքով ՊԲ-ն մի քանի զոհ է տվել: Այս հայտարարությունը հերքեց ԼՂՀ ՊՆ-ն' այն որակելով ադրբեջանական ձախողված քարոզչական հնարք:

 

ԼՂ հակամարտության թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ հակամարտության կարգավորման բանալին նախագահների ձեռքին է: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ:

Սերբիայի ԱԺ նախագահի պաշտոնական այցը Հայաստան


Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում էր Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ պատվիրակության անդամները փետրվարի 8-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 

Հայաստան կատարած այցի շրջանակներում Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին ընդունեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության սերտացման և միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում առավել արդյունավետ համագործակցության հարցեր։

 

Մայա Գոյկովիչին հյուրընկալեց նաև ՀՀ Նախագահը: Հանդիպմանը քննարկվեցին միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ եղավ նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը կարևորեց բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը սիրով ընդունեց գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա' ընդգծելով, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում:

 

Սերբիայի ԱԺ նախագահին ընդունեց նաև Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ պետական բարձր մակարդակով փոխայցելությունների շնորհիվ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առավել սերտանում են: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև դեռևս վաղ միջնադարից Սերբիայում հաստատված հայ համայնքին և հայ-սերբական պատմական կապերին: Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկրների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման գո րծում Եկեղեցիների բերած զորակցության մասին:

 

Հովիկ Աբրահամյանը փետրվարի 9-ին ընդունելով Մայա Գոյկովիչին' նշեց, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինա­միկան պահպանելու, ինչպես նաև տնտե­սա­կան, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլոր­տնե­րում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նաև բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտութ յան դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և կարևորեց Հայաստանի ու Սերբիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը:

ԵԱՏՄ-Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հարցերի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան ճիշտ է համարում Եվրասիական տնտեսական միության ստեղծման որոշումը: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Վալովայան անդրադառնալով ԵԱՏՄ տնտեսական աճի տեմպերին՝ նշեց նաև, որ դրանք բացասական են եղել: «Մենք տեսնում ենք, որ այս տարի արդեն կարող ենք տնտեսական որոշակի դրական աճ արձանագրել: Ճիշտ է, դա շատ փոքր կլինի, բայց նման հնարավորություն մենք տեսնում ենք: Դա կլինի շնորհիվ այն բանի, որ միության անդամ երկրները կարող են օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է միությունը: Խոսքը գնում է կարևոր ոլորտներում ապրանքների, ծառայությունների և կապիտալի միասնական շուկա ստեղծելու մասին»,- մանրամասնեց նա:

 

Լրագրողների հետ հանդիպմանը Վալովայան նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում միությանն անդամակցելու հարցով: «Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ չենք վարում, քանի որ այդ հարցով Ադրբեջանը մեզ չի էլ դիմել»,-ընդգծեց նա

:

կցության հնարավորությունը' Հայաստանը դիտարկելով որպես այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու կամուրջ: Նա հավելեց, որ հիմա, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, Իրանի հետ տրանսպորտի, լոգիստիկայի, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հնարավորությունները մեծանում են:

 

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացի մասին' Տատյանա Վալովայան ընդգծեց, որ այն հաջող է ընթանում: Վալովայան նաև դրական գնահատեց Տիգրան Սարգսյանի նշանակումը ԵՏՀ նախագահի պաշտոնում: «Տիգրան Սարգսյանն անմիջականորեն մասնակցել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցություններին և շատ հրաշալի է, որ նա հիմա մեր հանձնաժողովի նախագահն է: Մենք շատ ուրախ ենք, որ նման որոշում է կայացվել»,-նշեց նա:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամը նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող հաջորդ երկիրը կլինի Իսրայելը, ինչի նպատակով միությունն առաջիկայում բանակցություններ կսկսի այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Նա նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր առմամբ աշխարհի 40 երկրներից հայտեր է ստացել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փետրվարի 12-ին հավանություն տվեց ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, միության ընդհանուր գազի շուկա ձևավորելու հարցը պետք է ուսումնասիրվի և համապատասխան հայեցակարգը ներկայացվի մինչև 2016թ., իսկ մինչև 2018թ. հունվար պետք է ներկայացվեն գազի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրերը:

Սիրիա

Սիրիական բանակն ակտիվացրել է հարձակողական գործողությունները Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում՝ ընդլայնելով իր հսկողության գոտին երկրի հյուսիսային մայրաքաղաքի եւ Թուրքիայի սահմանի միջեւ: Արդյունքում, զորքերը ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ շրջապատեցին Էլ-Բեբ քաղաքը, որը ԻՊ-ի զինյալների խոշոր հենակետ է ծառայում: Հյուսիսարեւելյան ռազմաճակատի մյուս հատվածում առաջապահ բանակային զորամասերը հակառակորդի ամրացված շրջանները գրոհեցին Էթ Թեյբում եւ Ջուբ Սաֆայում՝ Մանբիջ քաղաքի (Հալեպից 80 կիլոմետր հեռավորության վրա) մատույցներում:

 

Սիրիական զորքերը փետրվարի 8-ին վերականգնեցին հսկողությունը Կֆեյն բնակավայրի նկատմամբ, որը գտնվում է Հալեպից հյուսիս ընկած շրջանում' այնտեղից դուրս մղելով «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալներին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտարարեց, որ Սիրիայում շարունակվող մարտերի մասնակիցները պետք է անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակիչների անվտանգությանն սպառնացող գործողությունները, ինչպես նաեւ ապահովեն անարգել կապը բնակչության հետ՝ նրան օգնություն ցուցաբերելու համար: Նա միաժամանակ հորդորեց «կառավարությանը եւ Սիրիայում հակամարտության մյուս կողմերին» հարգել միջազգային հումանիտար իրավունքը եւ պաշտպանել երկրի բոլ որ քաղաքացիական անձանց:

 

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հաստատեցին հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ ավիացիայի կառավարման համակարգի (AWACS) իրենց ինքնաթիռների ուղարկումը Սիրիա՝ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գործող կոալիցիայի կարիքների համար, որը պայքարում է ԻՊ-ի դեմ: Այդպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքը որպես կազմակերպություն պաշտոնապես միացավ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արեւմտյան կոալիցիային:

 

Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվեց հայտարարության տեքստը: Երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով, կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս շաբաթվա վերջը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու շուրջ: Նա նաև ընդգծել էր, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համաձայնեցնեն իրենց գործողությունները Սիրիայում, եւ առաջիկայում երկու երկրների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն այդ թեմայի շուրջ: