Անցնող շաբաթը հարուստ էր տնտեսական ու քաղաքական տարաբնույթ իրադարձություններով, որոնք տեղի ունեցան ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հանրապետության սահմաններից դուրս:
Ստորագրվեց ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Մինսկում հոկտեմբերի 10-ին կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ԵՏՄ լիիրավ անդամակցության Հայաստանի պայմանագիրը ստորագրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա երախտագիտություն հայտնեց պետությունների ղեկավարներին այդ գործընթացին քաղաքական աջակցության համար և վստահեցրեց, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Նախագահը հույս հայտնեց, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը:
Ստորագրման արարողությունից առաջ ՀՀ Նախագահը ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը պատրաստ է ԵՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության:
Նիստում ելույթ ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անադամակցելուց երկու տարի հետո Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Ավելի կամրապնդվի երեք երկրների' Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արագ աճող առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցեց նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հանրապետության ղեկավարը նիստում հանդես եկավ ելույթով, որի ժամանակ դատապարտեց բռնությունը Մերձավոր Արեւելքում և խոսեց Ցեղասպանության ճանաչման մասին: Սերժ Սարգսյանը միաժամանակ ընդգծեց, որ հայ ժողովուրդը շատ լավ է պատկերացնում, թե որն է կրոնական անհանդուրժողականությունը:
Նախագահը գագաթնաժողովի օրակարգային հարցերից կարեւորեց նաև անդամ պետությունների ժողովուրդներին եւ միջազգային հանրությանն ուղղվելիք կոչը' Հայրենական պատերազմի ժամանակ ունեցած հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ: Իր ելույթում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՊՀ գործընկերներին ընդհանուր խնդիրները կարգավորելու գործում: «Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015թ. շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:
Նախագահ Սարգսյանն գործընկերներին տեղեկացրեց նաև, որ ԱՊՀ տարածքում առաջին միջազգային դպրոց-պանսիոնը կբացվի Դիլիջանում:
Նիստում ելույթներով հանդես եկան նաև անդամ մյուս պետությունների նախագահները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, իր ելույթում նշեց, որ Ռուսաստանը դեմ չԷ ԵՄ-ի հետ ԱՊՀ-ի երկրների մերձեցմանը' ընդգծելով, որ խնդիրն այստեղ համագործակցության պայմաններն են: ՌԴ Նախագահը նաև ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին հրավիրեց Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը:
Գագաթնաժողովին չմասնակցեց անդամ պետություններից միայն մեկի' Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկիրը ներկայացնում էր Բելառուսում հանրապետության դեսպան Միխայիլ Եժեւը: Նիստում իր ելությում Ուկրաինայում ստեղծված իրադրությանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն' հայտարարելով, որ Ուկրաինան պարզապես լարվածության տեղային օջախ չԷ, այնտեղ տիրող իրադրությունն ազդում հետխորհրդային ողջ տարածքի վրա: Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ հակամարտության կարգավորման հարցերը պետք է լուծեն հակամարտող երկրները:
ԱՊՀ-ի գագաթնաժողովի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, համաձայնագիր ստորագրվեց ԱՊՀ-ի արտաքին սահմաններում անվտանգության սպառնալիքին արագորեն հակազդելու համար սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբեր ձեւավորելու եւ կիրառելու կարգի վերաբերյալ, ստորագրվեցին մի շարք այլ փաստաղթղեր ևս:
ՀՀ վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցեց Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին:
Պատվիրակությունն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցեց Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որտեղ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով: Շնորհակալություն հայտնելով ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման համար' վարչապետն անդրադարձավ անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին: Նա միաժամանակ ընդգծեց ամերիկահայ համայնքի' հայրենիք-սփյուռք հարաբերություններում ունեցած առանձնահատուկ տեղը: ՀՀ վարչապետ նաև երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ին Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար:
ԱՄՆ-ում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաև Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ, իսկ Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի դերը և աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում: Ֆրենկ Հիմսկերկը, կարևորելով Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը, իր հերթին շեշտեց, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի մեր երկրում ընթացող բարեփոխում ներին:
Ներհայաստանյան իրադարձություններ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ ձևաչափով հանդիպմանը քննարկեցին հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Սերբիայի Նախագահին պարգևատրեց Փառքի շքանշանով, Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրեց Սերբիայի Հանրապետության շքանշանով:
Հայաստանի և Սերբիայի նախագահները մասնակցեցին UWC Դիլիջան քոլեջի բացմանը: Նշելով, որ UWC Դիլիջան քոլեջը իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենականություն և բարություն, ու այդ համերաշխության մթնոլորտը շատ թանկ է Հայաստանի համար' իր ելույթուն ՀՀ Նախագահը հայտարարեց, որ նորաբաց դպրոցում ցանկանում է տեսնել նաև ադրբեջանցի ուսանողների: Նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դպրոցը միջազգային մակարդակ ունի, և մե ր պատմությունն ու մեր ներկան ապացուցում է, որ հայկական տաղանդի ցուցադրման համար անհրաժեշտ է միջազգային հարթակ: «Հայաստանը հայերի համար փոքր է: Երբեք չենք պարփակվել և չենք պարփակվելու սեփական սահմանների մեջ: Բաց ենք լինելու աշխարհի առաջ ընդօրինակելու և զարգացնելու ամեն մի առաջադեմ նորույթ»:
Միջոցառմանը մասնակցող Սերբիայի նախագահն էլ նշեց, որ դպրոցի կառուցումը լավագույն ներդրումն է Հայաստանի ապագայի համար. ապագա, որը պետք է լինի գեղեցիկ և բարեկեցիկ: Նախագահ Սերժ Սարգսյանը քոլեջի բացման պաշտոնական արարողության ժամանակ նախաձեռնության մի խումբ հեղինակների պարգեւատրեց շքանշանով եւ մեդալով:
Հրապարակվեցին ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի երեք թեկնածուների անունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվեցին Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ի տեղի ունեցավ եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը, որին մասնակցեցին քաղաքական երեք ուժերի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հանրավաքի մեկնարկին ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը'շեշտելով, որ հանրահավաքի անցկացման օրվա ընտրությունը կապ չունի Մինսկում Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման հետ: Տիգրան Ուրիխանյանը հանրահավաքի մասնակիցների համար ևս մեկ անգամ ընթերցեց քառյակի կողմից իշխանություններին ներկայացրած 12 պահանջները՝ ընդգծելով, որ կառավարությունը այդ կետերից որևէ մեկը չի կատարել:
Հանրահավաքի ընթացում ելություներով հանդես եկան երեք քաղաքական ուժերի առաջնորդները: Ոչ իշխանական ուժերը խոստացան առաջիկայում անցկացնել նոր հանրահավաք, սակայն դրա ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չտրամադրեցին: Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց Ազատության հրապարակում հավաքվածների երթը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
ՊՆ-ում Սեյրան Օհանյանը հյուրընկալեց ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Ինջիղուլյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:
Ադրբեջանական գերության մեջ սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դիակն ադերբեջանական կողմը մահվանից 2 ամիս անց փոխանցեց հայկական կողմին:
Աշխատանքային այցով Հայաստան այցելած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եղավ մարտական հենակետերում, տեղում ծանոթացավ հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային: Անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին' Բորդյուժան նշեց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:
Ադրբեջանական դիրքերից հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակչի մեքենայի ուղղությամբ դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ:
Սիրիա
Թուրքիայի իշխանություններն անցնող շաբաթ սկսեցին տարհանել Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ գավառի երեք թաղամասերի բնակչությանը: Որպես պատճառ նշվեց սիրիական կողմից ռումբի արձակումը, որը, թուրքական կողմի պնդմամբ, ընկել էր մի տան վրա, որտեղ չորս մարդ էր վիրավորվել:
Ավստրալիան, Բելգիան և Նիդեռլանդներն այս շաբաթ թռիչքներ իրականացրին ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, սակայն չռմբակոծեցին դրանք, իսկ Կանադայի խորհրդարանը հավանություն տվեց ԻՊ-ի զինյալների դեմ գործողությանը երկրի մասնակցությանը: Որոշման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերը Իրաքի տարածքում զինյալների դիրքերին ավիահարվածներ կհասցնեն վեց ամսվա ընթացքում: Մարտական գործողություններում ցամաքային զորքեր չեն օգտագործվի:
Ուկրաինա
ՄԱԿ-ը հրապարակեց Ուկրաինայում իրադրության վերաբերյալ մոնիթորինգային առաքելության զեկույցը, համաձայն որի, սեպտեմբերի 5-ին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության հասնելու պահից ի վեր Ուկրաինայի արեւելքում զոհվել է առնվազն 331 մարդ: ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն էլ, Դոնբասում մարտից ի վեր 1,5 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 21 երեխա:
Վարշավան սպառնաց խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կոչ արեցին ՌԴ-ին ընդլայնել առաքելությունը Ուկրաինայի հետ սահմանում:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները Կիեւի հետ ստորագրեցին սահմանազատման գծի վերաբերյալ համաձայնագիր: Ըստ համաձայնագրի' ուժայինները պետք է հեռանան մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Պեսկիից:
Կիեւի մերձակայքում հոկտեմբերի 10-ին բեռնաթափվեցին Գերմանիայից հումանիտար օգնություն տեղափոխող առաջին 86 բեռնատարները: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին գերմանական հումանիտար բեռով Խարկով կժամանեն ևս 10 ավտոմեքենաներ: