Անցնող շաբաթը հարուստ էր տարաբնույթ իրադարձություններով, որոնք արձանագրվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հանրապետության սահմաններից դուրս: Առավել հետաքրքիր էին Հայաստանի ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատերը:


Ներհայաստանյան իրադարձություններ

 

ՀՀ Նախագահը փետրվարին 16-ին Գալուստ Սահակյանին ուղղված նամակով Ազգային ժողովից հետ կանչեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: «Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

 

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար»,-ասված էր նամակում:

 

Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշումը ողջունեց ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը: Հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը ՀՀ Նախագահի այդ քայլն անվանեց յուրահատուկ' նշելով, որ սա ճիշտ քաղաքականության սկիզբն է, եւ հաջորդիվ Հայաստանը պետք է իր ստորագրությունը վերցնի արձանագրությունից:

 

Չուշացավ նաև թուրքական կողմի արձագանքը: Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյաները ՀՀ Նախագահի նման որոշումը որակեցին որպես «սխալ և անհաջող քայլ»: «Արձանագրությունները սառեցված էին Հայաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվում: Սրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»,- թուրքական պարբերականին հայտնել էին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Իսկ ահա թուրքական ԶԼՄ-ները ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունները հետ կան չելուն անդրադարձան հիմնականում առանց մեկնաբանությունների:

 

Ազգային ժողովը շարունակեց ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները: ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների շարունակմամբ պայմանավորված' Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու օրվա հետ կապված հստակություն դեռևս չկա:

 

Ներքաղաքական իրավիճակին անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2rd.am կայքին տված հարցազրույցում նա անդրադարձավ փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցված քննադատությանն ու դրանից հետո ստեղծված իրավիճակին: Քոչարյանը կոչ արեց զերծ մնալ «ռեպրեսիվ մեթոդներից»' մտավախություն հայտնելով, որ դրանք կարող են երկարատև ճգնաժամ առաջացնել:

 

Անցնող շաբաթ ԲՀԿ-ից դուրս եկան մի քանի պատգամավորներ. ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցրեց նախ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ապա ԲՀԿ-ի շարքերը լքելու մասին հայտարարեց նաև Կարո Կարապետյանը: ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացրեց նաև Մելիք Մանուկյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը ևս հրաժարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից: Նույն որոշման մասին հայտարարեց նաև Գրիգորի Մարգարյանը:

 

Շաբաթվա կեսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ: «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում»,-նշված էր հայտարարության մեջ: Նույն օրը ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ գրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Փետրվարի 12-ով թվագրված նամակը հրապարակեց «Չորրորդ իշխանություն» թերթը: Նամակում ՀՀ առաջին նախագահն անդրադառնում էր ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հանդես եկավ գործնական առաջարկով' ՀՀ նախագահին առաջարկելով իր առաջ քաշած խնդիրների շուրջ քննարկում անցկացնելու նպատակով հանիպում կազմակերպել:

 

ՀՀ Նախագահի պատասխանը չուշացավ. փետրվարի 20-ին պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին' Սերժ Սարգսյանը նշեց, որ կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները: ՀՀ Նախագահը միաժամանակ նշեց, որ խնդիր չի տեսնում նաև դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու հարցում: «Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:

 

Անցնող շաբաթ Հայաստանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Վերջինիս նախ ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Նուլանդը հայտարարեց, որ կողմնակից է ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նուլանդն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին' նշելով, որ այդ հարաբերությունները պետք է շարունակվեն: «Մենք հավատացած ենք, որ Թուրքայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարևոր և օրակարգային: Մենք խթանելու ենք դա: Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ դա շարունակվի»,- ասաց նա:

 

Վիկտորյա Նուլանդը խոսեց նաև ԼՂ հակամարտության թեմայի շուրջ: Անդրադառնալով Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների մասին' Նուլանդը նրանց կատարածն անվանեց սոսկալի հանցագործություն: Նուլանդը նաև մտահոգություն հայտնեց շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտումների վերաբերյալ:

 

Վիկտորիա Նյուլանդին ընդունեց նաև ՀՀ Նախագահը: Նա նշեց, որ տիկին Նուլանդի այցը Երևան նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

 

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հարկավոր է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով: Նա նաև գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Վր աստանի խորհրդարանական խմբերի միջև առկա է սերտ աշխատանքային համագործակցություն, ինչը նպաստելու է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և տարբեր հարցեր քննարկելու համար հնարավորություն է տալիս:

 

Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը' ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին հայտարարեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում լինելը չի կարող խանգարել հայ-վրացական հարաբերություններին: Երկկողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները կանխորոշեցին նաև առաջիկա անելիքները խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության առումով:

 

Վրաստանի խորհրդարանի նախագահին ընդունեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց, որ հայ-վրացական համագործակցությունը զարգանում է լիակատար փոխվստահության մթնոլորտում: Հայ-վրացական հարաբերությունների դինամիկան բարձր գնահատվեց նաև Նալբանդյան-Ուսուպաշվիլի հանդիպման ժամանակ:

 

Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ Նախագահը: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս գտնել բոլոր հարցերի համատեղ լուծման ուղիներ:

 

Անցնող շաբաթ աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նախ շրջայց կատարեց Ձորաղբյուրի ջերմոցներում, ծանոթացավ ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև ՀՀ-ում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ:

 

Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մի շարք ուսումնասիրություններից հետո նոր միջնորդություն է նախապատրաստում ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ-ում սպանության գործով տուժողի իրավահաջորդների հետ քննարկում կայացավ: Հանդիպմանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ տվեցին տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրեցին, ինչպես նաև վերջիններս ծանոթացրին քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին:

 

Լրատմավիջոցներում մի շարք մեկնաբանություններ հայտնվեցին Գյումրու սպանության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ, որի պարզաբանմամբ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազությունը' շնելով որ չի մեկանաբանում մամուլում տարածաված անհեթեթ լուրրեը և գործի քննության փուլում նոր մանրասամների ի հայտ գալու դեպքում կտեղեկացնի հանրության:

 

Անցնող շաբաթ հայտի դարձավ ՄԻԵԴ-ի դատավորների հայաստանյան մրցույթին առաջադրված թեկնածուների անունները: Այդ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 15 թեկնածու:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Անցնող շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Համանախագահներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա համանախագահներին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանի հետ շուրջ մեկ ժամ քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտվ ած ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։ Նա միաժամանակ շեշտեց, որ Ադրբեջանի դիվերսանտների հանցագործությունները փաստագրված և ապացուցված են:

 

Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց նաև Սերժ Սարգսյանը: Համանախագահները ՀՀ Նախագահին ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումներից ստացած իրենց տպավորությունները:

 

«Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը խոսեց վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին: Հարցազրույցի շրջանակներում նա հայտարարեց, որ խաղաղության բանալիները նախագահների ձեռքերում են:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին նաև Արցախ, որտեղ նրանց ընդունեց Բակո Սահակյանը: ԼՂՀ Նախագահը նշեց, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ: Մինսկի խմբի համանախագահներին շփման գծի իրավիճակը ներկայացրեց նաև ԼՂՀ ՊԲ հրանամատար Մովսես Հակոբյանը:

 

Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ՄԽ համանախագահները քննարկեցին առաջնագծում վստահության ամրապնդման հնարավոր լուծումները:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 

Շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որը «1915» ֆիլմը հայաստանյան մեծ էկրաններին կհայտնվի ապրիլի 25-ին: Ջավախքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական արշավ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը հայ համայնքի հետ քննարկեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

 

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման մասին մտահոգություն հայտնեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Բացի այդ, նա նշեց, որ ԱՄՆ-ում ուժեր կան, որոնք ցանկանում են փչացնել այդ երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ: Հռոմում փետրվարի 21-ի կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս' «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015 » խորագրով:


Ուկրաինա

 

Իրավիճակը շարունակեց լարված մնալ Ուկրաինայում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունեց Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելը' կոչ անելով կողմերին զինադադարի ռեժիմը պահպանել առանց որեւէ բացառության:

 

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) լիազոր ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը եւ Վլադիսլավ Դեյնեգոն հրապարակեցին համատեղ հայտարարություն: Նրանք նշեցին, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու դեպքում կդադարեցնեն Կիեւի հետ փոխգործակցությունը:

 

Եվրամիությունն ընդլայնեց Ռուսաստանի համար սեւ ցուցակը՝ դրանում ներառելով 19 ֆիզիկական եւ 9 իրավական անձանց: Սրան ի պատասխան' հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ-ն: Հայտարարությունում նշվում էր, որ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը չի ծառայում ներուկրաինական հակամարտության լուծում գտնելու ի հայտ եկած հնարավորությանը և Ռուսաստանը համարժեք կպատասխան կտա ԵՄ-ի այդ որոշմանը: Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ՌԴ-Õ « դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց նաև Կանադան:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որն առաջարկել էր Ռուսաստանը: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ հերթական հեռախոսազրույցն ունեցան «Նորմանդական քառյակի» ղեկավարները. նրանք կրկին շեշտեցին Մինսկի համաձայնությունների խստիվ կատարման կարևորությունը:

 

ՌԴ-ի դեմ հերթական հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը' նշելով, որ Կիևը դեմ է Դոնբասի խաղաղապահ առաքելությանը ռուսաստանցիների մասնակցությանը:

 

Ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանոկովիչը խոստացավ վերադառնալ Ուկրաինա, երբ նման հնարավորություն լինի, որպեսզի թեթևացնի ուկրաինական ժողովրդի կյանքը: Ուկրաինան ռուսական 100 լրատվամիջոցի զրկեց հավատարմագրումից:


Սիրիա

 

Սիրիայում այս շաբաթ ևս լարված իրավիճակ էր: Քրդական ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 16-ին նոր հաջողություններ գրանցեցին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակայքում' արդյունքում երեք շաբաթում ազատագրելով Քոբանիի մերձակայքում գտնվող 163 գյուղ:

 

Հերթական ահաբեկչությունն իրականացվեց Հալեպում: Սըրյան բնակելի թաղամասում փետրվարի 16-ին ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, հրթիռակոծության հետևանքով ևս 2 տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Մարդկային վնասներից բացի, ահաբեկչական հարձակման հետևանքով նյութական վնասներ կրեցին բազմաթիվ տներ, խանութներ և մեքենաներ:

 

Հալեպում մի քանի օր շարունակվող թեժ մարտերում կառավարական ուժերի 70 անդամներ զոհվեցին: Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ արձակվեցին, ինչի հետևանքով հայեր զոհվեցին և վիրավորվեցին: