Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեցին սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը քննարկող լսումները, շփման գծում իրավիճակը փոքր ինչ հանդարտվել է, իսկ Եվրոպայում փախստականների ներհոսքի հետ կապված ճգնաժամը շարունակվում է:

 

ԼՂ հակամարտություն


Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Դուշանբեում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ:

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց քննարկել Աստանայում թուրքալեզու ժողովուրդների 5-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը որևէ կերպ արձագանքելու հարցը:

 

Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Նման վարքագիծը անթույլատրելի է և դատապարտելի: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նման վարքագիծը պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին ապատեղեկատվության տարածելն օգտագործում է որպես իր աչքերում սեփական արժանապատվությունը բարձրացնելու միջոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: ԱՊԱ գործակալության հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ:

 

Ավսրտալացի խորհրդարանական Ջոն Ալեքսանդրը խորհրդարանում Ադրբեջանին խստորեն քննադատող ելույթ է ունեցել: Նա նշել է, որ Ավստրալիայում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Խանլար Ֆաթիևի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ:

 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում կկայանա սեպտեմբերի 24-25-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը:

 

Հայկական Զինված ուժերը լիարժեք կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրներն՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալով հակառակորդի սադրանքներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշել է, որ հայ երիտասարդությունն, անկասկած, կարողանալու է ապահովել մեր երկրի անվտանգությունն անհրաժեշտության դեպքում: Օհանյանի խոսքով' վերջին օրեր ին լարվածությունը սահմանին մի փոքր իջել է, բայց ոչ այն մակարդակին, որ նախորդ տարիներին էր: «Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխանների հետ, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,-նշել է նախարարը:

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները' նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայըս Մորզը եւս մեկնաբանել է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը: «Մենք միշտ էլ մտահոգվում ենք, երբ ԼՂ հակամարտության գոտում լարված իրավիճակ է ստեղծվում: Մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ պետք է միմիայն դիվանագիտական ճանապարհով լուծեն այդ խնդիրը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա:

 

Ամերիկյան «Ստրատֆոր» (Stratfor) մասնավոր վերլուծական կենտրոնի «Փոքր պետություններին Ռուսաստանի հովանավորության ռիսկերն ու տրամաբանությունը» վերլուծության թեզիսները' կապված ԼՂ հակամարտության հետ, իրականության հետ կապ չունեն, իսկ նախանշված վտանգները չափազանցված են: ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ, ընդհակառակը, եթե Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լավանան եւ տնտեսական ոլորտում երկրները համագործակցեն, դա ավելի կնվազեցնի հակամարտության գոտում լարվածության վերաճումը:

 

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն' նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը: ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպ ատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:

 

Փախստականների ներհոսքը Եվրոպա


Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բացվող արտահերթ նիստում՝ հանրակցության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով, փորձեց ելք գտնել միգրացիոն ճգնաժամից:

 

Նույն օրը հսկողություն է հաստատվել Ավստրիայի եւ Գերմանիայի սահմանին, սկսվել է անձնագրերի ստուգում:

 

Սեպտեմբերի սկզբից Ավստրիայի սահմանով Գերմանիա ժամանած փախստականների թիվը հասել Է 83 հազարի: Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են պնդել Եվրամիության սահմաններում շտապ կարգով միգրանտների հոսքի հսկողության եւ նրանց գրանցման կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է սեպտեմբերի 14-ին երկրում կատարած ուղեւորության ընթացքում:

 

Մեծ Բրիտանիան ապաստան կտա 50 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լիբանանում սիրիացի փախստականների ճամբար կատարած այցելության ժամանակ:

 

Եվրամիությունը կուժեղացնի միգրացիոն հոսքի վերահսկողության գործողությունները: Այդ մասին ասված է ԵՄ-ի 28 երկրների ՆԳ նախարարությունների ղեկավարների՝ միգրացիայի հարցերին նվիրված արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:

 

Հունգարիան սեպտեմբերի լույս 15-ի գիշերը միգրանտների համար արգելափակել Է Սերբիայի հետ սահմանը: Հունգարիայի իրավապահները սեպտեմբերի 15-ին ձերբակալել են ռեկորդային թվով միգրանտների, որոնք փորձել են անօրինականորեն հատել սահմանը: Խոսքը վերաբերում Է ավելի քան 9,3 հազար հոգու: Հունգարիայի իշխանությունները սեպտեմբերի 15-ին երկրի հարավի երկու տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել միգրանտների զանգվածային ներհոսքի պատճառով: Հունգարիայում սեպտեմբերի 15-ին սահմանի անօրինական անցման համար ձերբակալված միգրանտների թիվը 25 անգամ կրճատվել Է ավելի խիստ օրենքների սահմանումից հետո: Հունգարիան արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել Սերբիայի հետ սահմանին հավաքված սիրիացի փախստականների նկատմամբ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Խորվաթիայի իր պաշտոնակցին նախազգուշացրել Է, որ հունգարական կողմն սկսել Է պատնեշ կառուցել այդ երկրի հետ սահմանին:

 

Խորվաթիայի իշխանությունները գաղթականներին կօգնեն շարունակելու իրենց ուղեւորությունը երկրի տարածքով: Սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը: Գաղթականների չդադարող հոսքի պատճառով Խորվաթիայի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ սահմանային ութ անցումներից յոթը: Անցումներին տանող ճանապարհները նույնպես փակ են: Խորվաթիան այլեւս չի կարող ընդունել հազարավոր միգրանտների եւ նրանց տեղավորել իր տարածքում, հայտարարել Է երկրի վարչապետ Զորան Միլանովիչը:

 

Սեպտեմբերի 14-ից ի վեր շուրջ 1,9 հազար գաղթական Է ժամանել Բելգիա. դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ, հայտարարել Է Բելգիայի ապաստանի եւ միգրացիայի հարցերի պետքարտուղար Տեո Ֆրանկենը: Նրա խոսքով՝ անցած երեք շաբաթ Սիրիայից գաղթականների թիվը կրկնապատիկ աճել Է՝ հասնելով 342-ի:

 

Միգրացիոն ճգնաժամն ընդհանուր առմամբ ընդգրկում Է 12 մլն մարդ: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս տարվա սկզբից ավելի քան կես միլիոն ներգաղթյալներ են հատել Եվրամիության սահմանները այն դեպքում, երբ 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Եվրամիություն Էր եկել միայն 280 հազար մարդ:

 

Գերմանիայի կողմից Ավստրիայի հետ իր սահմանին սահմանային ստուգումների վերսկսումը ժամանակավոր բնույթ է կրում և նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ: Այս մասին նշված է Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժնի տարածած պարզաբանման մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

ԱՄՆ-ը եւ մնացած ողջ աշխարհը պետք է համագործակցեն միգրացիոն ճգնաժամի խնդրի լուծման հարցում: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ամփոփելով Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

 

Եվրամիությունում տիրող միգրացիոն ճգնաժամը հաստատեց կազմակերպությունում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը պնդում Է Մեծ Բրիտանիան: Այդ մասին վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է Լեհաստանի մամուլի գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 16-ին:

 

Ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, ԵՄ-ի երկրների ղեկավարներին կոչ Է արել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել փախստականների պաշտպանության ապահովման խնդրին:

 

Եվրախորհրդարանը պաշտպանել Է Եվրամիության երկրներում 120 հազար գաղթականների բաշխման՝ Եվրահանձնաժողովի առաջարկությունը: Այն շտապ ընթացակարգով քվեարկության Է ներկայացվել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի նախաձեռնությամբ:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը սեպտեմբերի 18-ին մեկնել է Մեծ Բրիտանիա, որոշել Է իր եվրոպական ուղեւորությանը հավելել նաեւ Գերմանիան: Լոնդոնից հետո նա կժամանի Բեռլին, որտեղ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կքննարկի «գաղթականների հիմնախնդիրը եւ երկկողմ հարաբերությունների հարցերը»:

 

Վատիկանի Սբ. Աննայի ծխական համայնքն ընդունել Է սիրիացի փախստականների առաջին ընտանիքին՝ նրանց տեղավորելով Սբ. Պետրոսի տաճարից ոչ հեռու գտնվող բնակարանում:

 

Սահմանադրական փոփոխություններ


Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ին մեկնարկեց 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը, որի ընթացքում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը քննարկող լսումները։ Նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Հիմնական զեկուցող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

 

Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների սկզբունքային փոփոխությունները վերաբերում են կառավարման համակարգի բարեփոխումներին: Խորհրդարանական կառավարմանն անցնելու առավելություններից է խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը, կուսակցությունների կողմից իրենց բուն գործունեության իրականացման, կառավարության կայունության ապահովումը: Բանախոսի համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բաց և թափանցիկ է բոլոր այն առաջարկությունների համար, որոնք, հարցականի տակ չդնելով նախագծով ներկայացված հիմնարար դրույթները և հայեցակարգը, հնարավորություն կտան բարելավել երկրի Մայր օրենքը: Նա հավելեց նաեւ, որ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը վերջնական չէ և ենթակա է փոփոխությունների:

 

«Սահմանադրական բարեփոխումների նախագիծը երաշխիքներ է ստեղծում, որպեսզի երկրում քաղաքական մենաշնորհ չառաջանա, և փարատում է բոլոր կասկածները, թե այն կարող է նպաստել իշխանությունների վերարտադրմանը: Բացի այդ, Հայաստանում եղել են օրինակներ, երբ կառավարման կիսանախագահական համակարգը երկրում ճգնաժամ է առաջացրել»,- ասաց բանախոսը։

 

Սահմանադրական փոփոխությունների դեպքում, նրա խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցի անհրաժեշտության դեպքում նշանակվող խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, սակայն առաջին փուլի արդյունքներով հաղթահարել են ընտրական շեմը, կպահպանեն իրենց մանդատները: Քաղաքական պատասխանատվությամբ կառավարման ժողովրդավարական համակարգի ապահովման պարագայում կարող են լուծվել երկրում առկա սոցիալ-տնտեսական հարցերը: Բացի այդ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը' դրանով երաշխավորելով այդ գործունեությամբ զբաղվող ցանկացած անձի իրավունքը:

 

«Հավասարակշռված Սահմանադրություն և իշխանական համակարգ, իշխանությունների ռեալ տարանջատում ունենալու դեպքում Սահմանադրությունը շրջանցելն ավելի բարդ է լինում, քան այն պարագայում, երբ Սահմանադրությունն անձնակենտրոն է և ռեալ երաշխիքներ չի սահմանում»,- հայտարարեց Վարդան Պողոսյանը:

 

Նա նաեւ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի' Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով:

 

ՀՅԴ-ն համոզված է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը նոր էջ է բացելու Հայաստանի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրականացման նոր, արդիական պետական համակարգ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսոլիդացիան արդեն կայացած փաստ է համարում: «Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը բնական, օրակարգային գործընթաց է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում էին ընդդիմության որոշ ներկայացուցիչներ»,- ասաց նա։ Նա արձանագրեց, որ Խ որհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումը անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է բովանդակային: Խորհրդարանում ելույթ ունենալով' ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ քննարկումն աննախադեպ էր հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ:

 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին:

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնում է բուռն քննարկումների մթնոլորտում, քանի որ արդեն մի քանի ամիս, իսկ ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական-քաղաքական կյանքի ամենաքննարկվող հարցերի մեկը հենց սահմանադրական բարեփոխումներն են:

 

Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը կարելի է կայացած և ստացված համարել: Այս մասին Ազգային ժողովում սահկամանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն սահմանադրական բարեփոխումներին, ՀԱԿ-ը՝ դեմ։ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի ներկայացված առաջարկների քննարկումից հետո:

 

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայըս Մորզը կարծիք հայտնեց ՀՀ-ում ընթացող Սահմանադրական բարեփոխումների և նրա շուրջ քաղաքական քննարկումների վերաբերյալ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել նաեւ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից


Կիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը: Փարիզի «Ֆոլի Բերժեր» համերգասրահում հոկտեբերի 12-ին կայացած Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերին նվիրված համերգը, որը կկրի «Դու իմ եղբայրն ես» խորագիրը:

 

Իտալական Սարդինիայի Մանդաս քաղաքում Ճանապարհորդական գրականության միջացգային 9-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երկու տարբեր միջոցառումներով կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ, սեպտեմբերի 7-11-ին համերգային շրջագայությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում էր գտնվում Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:

 

Կանադայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գրքի շնորհանդեսը:

 

Հայաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի «Սեն Ժերվե» թատրոնում սեպտեմբերի 15-ին բացվել է «Ֆրագմենտներ. Հայոց ցեղասպանության արտացոլումը շվեյցարական մամուլում» խորագրով ցուցահանդեսը։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Իսպանիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 

Իտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում սեպտեմբերի 16-ին կայացել է Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: Համերգը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ստոկհոլմի հանրային գրադարանում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։