Անցնող շաբաթը կրկին հագեցած էր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:


Ներհայաստանյան իրադարձություններ

 

Անցնող շաբաթ Հայաստանում էր Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկին, որին ընդունեց ՀՀ Նախագահը: Հանդիպմանը զրուցակիցները կարևորեցին ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկեցին այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները: Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը, ի դեմս Լեհաստանի, միջազգային ասպարեզում ունի վստահելի գործընկեր:

 

Ռիչարդ Չարնեցկուն ընդունեց նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ում հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը:

 

Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ևս Ռիչարդ Չարնեցկին շեշետց, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք բնագավառներում, իսկ Գալուստ Սահակյանը ԵԽ փոխնախագահին 2015-ի ապրիլին հրավիրեց Հայաստան' մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

 

Անցնող շաբաթ ԱԺ-ն գումարեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի մեկնարկից քիչ անց, սակայն, ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին այն' պահանջելով արտահերթ նիստ հրավիրել' քննարկելու վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ իրենք չեն կարող ընդհատել կառավարության հրավիրած արտահերթը, իսկ խմբակցությունները կարող են բռնությունները դատապարտող հայտարարություն հրապարակել և այն քննարկել ժամը 18:00-ից հետո նոր արտահերթ նիստում: Այսպիսով, ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը տապալվեց:

 

ԱԺ նախագահը, սակայն, ներկայացրեց բռնությունները դատապարտող հայտարարություն և ոչ իշխանական ուժերին կոչ արեց միանալ դրան: Արտահերթի նիստի երկրորդ օրը ԱԺ նախագահի' բռնությունները դատապարտող հայտարարությանը միացավ միայն ՀՀԿ խմբակցությունը, իսկ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն համատեղ հրավիրած նիստում քննարկեցին բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու մասին հարցը: ԱԺ դեկտեմբերի 16-ին, այնուամենայնիվ, ընդունեց վերջին շրջանի բռնությունները դատապարտող հայտարարություն: Ոչ իշխանական ուժերը դադարեցրին բոյկոտը և մասնակցեցին դեկտեմբերի 17-ին նիստին:

 

Երևանում քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին ԵՄ դեսպանները, ովքեր ևս հանդես եկան հայտարարությամբ:

 

ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատեց սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության նախագիծը. 2015 թվականի հունվարի 1-ից 50 տոկոսով կփոխհատուցվի 32 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնային վարձը: Միաժամանակ, ամբողջությամբ կփոխատուցվի այդ համայնքների բնակիչների գույքահարկը և հողի հարկը:

 

Կառավարության նիստում ՀՀ վարչապետը հանձնարարեց կառավարության անդամներին Ամանորի նախօրեին այցելել դիրքեր, ինչպես նաև հանդիպել սահմանամերձ համայնքների բնակիչների հետ:

 

Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվում էր 473-490 դրամի շրջանակում, բանկերը դոլարը գնում էին միջինում 473.64 դրամով և վաճառում 483.55 դրամով: Արդյունքում «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չկատարվեց, իսկ Կենտրոնական բանկն ամենօրյա աճուրդների ծավալը նվազեցրեց մինչև 4 մլն դոլար: Իրավիճակը շարունակվեց ավելի լարվել և մեկ գիշերում դոլարի փոխարժեքն աճեց ավելի քան 14 դրամով' բանկերում և փոխանակման կետերում հատելով 500 դրամի սահմանագիծը:

 

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետը: Իր հերթին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի: Նա նաև կոչ արեց խուճապային փոխարկումներ չկատարել: Արթուր Ջավադյանը նաև հավաստիացրեց, որ արտարժույթի հետ կապված խնդիրներ Հայաստանը չունի, և անգամ վատագույն սցենարի դեպքում Հայաստանի միջազգային պահուստները բավարար են 3,5 ամսվա ներմուծման ծածկույթ ապահովելու համար:

 

Դրամի արժեզրկման տեմպը շաբաթվա կեսին փոքր-ինչ թուլացավ, սկսեց նվազել դոլարի փոխարժեքը. մեկ օրում դոլարն էժանացավ 29.60 դրամով, իսկ դեկտեմբերի 20-ին դոլարը տատանվում էր 465 դրամի միջակայքում. բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 458 է, առավելագույնը' 470 դրամ:

 

ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները և ապրանքների գներից տեղում ծանոթանալու նպատակով նույն օրն այցելեց սուպերմարկետներ: Չնայած շրջայցի ընթացքում վարչապետը հացի և ձվի անհիմն թանկացումներ արձանագրեց, սակայն նշեց, որ գները կկարգավորվեն:

 

Շաբաթվա վերջին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց գների դիտանցման մասին տեղեկանք:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Նախագահը նախ ծանոթացավ Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպեց Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ: «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում նախագահը ծանոթացավ կատարված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա գտնվեց գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 20-ին նշեցին մասնագիտական տոնը, որի առթիվ հանդիսավոր նիստ տեղի ունեցավ: Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԱԾ-ն մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից մեկն է: Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

 

Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ուղերձ հղեց Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով ծառայության աշխատակիցների տոնը և բարձր գնահատելով ԱԱԾ-ի կատարած աշխատանքը' ՀՀ նախագահը նշեց, որ պետությունը կշարունակի ԱԱԾ մարմինների նյութատեխնիկական հագեցումը:

 

Անցնող շաբաթը տոնական էր «Արմենպրես» լրատվական գործակալության համար: Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունը նշեց հիմնադրման 96-ամյակը: Տարեդարձի առթիվ «Արմենպրես»-ը ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին ուղղված շնորհավորական նամակում Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը երկար տարիների արդյունավետ աշխատանք, բարգավաճում և նորանոր հաջողություններ էր մաղթում գործակալությանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր շնորհավորական ուղերձում ընդգծեց, որ «Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում, իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գործակալությանը հարատևություն մաղթեց:


Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցություն

 

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 17-ին վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացմանը մեկ օր անց հավանություն տվեց Ղազախստանի Մաժիլիսը, իսկ դեկտեմբերի 19-ի նիստում այն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի Սենատը: Փաստաթուղթն ստորագրման ուղարկված պետության ղեկավարին, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի: Բելառուսի խորհրդարանականները ևս դեկտեմբերի 19-ի նիստում վավերացրին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

 

Անցնող շաբաթ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում սկսեց ԵՏՄ-ի հետ կապված մաքսային կարգավորումների նախագծի քննարկումը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանի մաքսային ոլորտում կարգավորումներ իրականացնել՝ կապված ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 70, դեմ՝ 5 պատգամավոր:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Հանդես գալով մեղադրական ճառով' պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը դիվերսանտներից մեկի համար պահանջեց 22 տարվա, մյուսի համար'ցմահ ազատազրկում:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 16-ին շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացրեց Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ ադրբեջանական բռնությունների վերաբերյալ տեսանյութը: ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՄԽ նախկին համանագահներ Քերի Քավանոի և Ռոբերտ Բրադկեի հետ քննարկեց ԼՂ հիմնախնդիրը: Ղարաբաղյան հակամարտո ւթյան խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումներ իրականացրին «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամն ու անկախ հասարակական Conciliation Resource կազմակերպությունը:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 

Ուրուգվայում ընթացքի մեջ են Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու քայլերը: 2015-ի առաջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայի կառավարությունը տարածք կտարամադրի թանգարանի համար: Իսկ Լոս Անջելեսի քաղխորհուրդը որոշեց գումար հատկացնել Ցեղասպանության տարելիցի նախագծերի համար:

 

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ նախորդ շաբաթ իրականացվեց «Անատոլիայում հայկական մշակութային հետքերը» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում խոսվեց Հայոց ցեղասպանությունից առաջ հայերով խիտ բնակեցված 19 քաղաքներում հայերին պատկանող կարևոր կառույցների և նրանց մշակութային կյանքի մասին: Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Աբդուլբաքի Բողան միջոցառման շրջանակներում նշեց, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրվում են «Վերջ ժխտմանը» ակցիաներ:

 

Դեկտեմբերի 17-ին եզրագիծը հատեց «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: Միջոցառման շրջանակներում կայացավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև Ավստրիայում, որտեղ 13 գրադարանների նախաձեռնությամբ կկազմակերպվի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի Հայոց ցեղասպանության մասին գրքի ցուցահանդես-վաճառքը: Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ կկայանան նաև Թուրքիայի 28 նահանգներում:


Ուկրաինա

 

Միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է բևեռված նալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է գործընկերների հետ միասին ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամը և մակրոտնտեսական աջակցություն ապահովել Ուկրաինայի բարեփոխումներին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները տեսնում է ՌԴ-ի կառուցողական քայլերը, սակայն պատժամիջոցները վերացնել չի շտապում: Այս հայտարարությունից մի քանի օր անց Բարաք Օբաման ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը:

 

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում հայտարարեց, որ Եվրոպան «ցանկանում է ՌԴ-ի հետ համատեղ պատասխանել համաշխարհային մարտահրավերներին»' ընդգծելով, որ Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել երկխոսությունը:

 

ԵՄ-ն հայտարարեց Ուկրաինայի բարեփոխումներին աջակցելու պատրաստակության մասին: Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ-ի ամփոփիչ հայտարարության մեջ, որը բաղկացած է ընդամենը երկու պարբերությունից, նշված է, որ Եվրամիությունը եւ նրա անդամ առանձին երկրները «պատրաստ են այսուհետեւ էլ միջազգային դոնորների եւ ԱՄՀ-ի հետ համատեղ աջակցել Ուկրաինայում բարեփոխումների գործընթացին»: Անգելա Մերկելը հայտարարեց, որ Ուկրաինայի հարցում առաջընթացը կազդի ԵՏՄ-ի հետ միասնական գոտու շուրջ երկխոսության վրա: «Մենք դեմ չենք Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ աշխատելու այն բանի վրա, որ ստեղծենք տնտեսական մեծ գոտի»,- ասել էր Մերկելը:

 

Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին պաշտոնապես հրապարակեց Ղրիմի և Սեւաստոպոլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ-ի նախագահը դեկտեմբերի 20-ին հայտարարեց Ղրիմի տնտեսական շրջափակման մասին' արգելելով ցանկացած տնտեսական հարաբերություններ թերակղզու հետ: Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարեց, որ Արևմուտքը չպետք է պատրանքներ տածի ՌԴ-ի վրա պատժամիջոցների ազդեցության հարցում և պիտի հասկանա, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականությունը չի փոխի պատժամիջոցների ազդեցության ներքո և Մոսկվայի հետ հարաբերություններում անհրաժեշտ է երկխոսություն:


Սիրիա

 

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սիրիայում: Դեկտեմբերի 16-ին սիրիական բանակին հաջողվեց հետ մղել ԻՊ-ի հարձակումը Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա:Բախումների ժամանակ սպանվեց ավելի քան 5 զինյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն իր հերթի հայտարարեց, որ սիրիական ճգնաժամը 2015թ.-ին պետք է լուծվի:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հայտարարեց, որ կազմակերպության տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը տարեսկզբից կրկնապատկվել է և մոտեցել 200 հազարի: ՄԱԿ-ի հրապարակած այլ տվյալների համաձայն, ԻՊ-ի շարքերում կռվում են նաև 5 տարեկան երեխաներ: Վալերի Ամոսի խոսքերով, շուրջ 350 երեխաներ Ռակկայում ԻՊ-ի ռազմական ճամբարներում զինպատրաստվածություն են անցնում: