Ինչպես անցնող, այնպես էլ այս շաբաթվա ընթացքում, ողջ հասարակության ուշադրությունը սևեռված էր Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության դեպքի հետագա զարգացումների վրա: Շաբաթը միաժամանակ առանձնացավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով և ստեղծված լարվածությամբ:
Գյումրում ողբերգություն
Անցնող շաբաթվա սկզբին կտրուկ վատացավ գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը: Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը դեղորայք ուղարկեց նրան բուժելու համար: Փոքրիկի կյանքը փրկելու համար պայքարում էին թե հայ, թե ոռւս հայտնի մի շարք բժիշկներ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին' ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան. փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին' ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:
Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. «Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»,-ասված էր Նախագահի ցավակցական խոս քում:
Փոքրիկի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեցին Ռուսատանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ՊՆ-ն: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետ ազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ևս ցավակցություն հայտնեցին Սերյոժայի մահվան կապակցությամբ: Իր ցավակցական ուղերձում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը նշեց, որ հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան:
Փոքրիկի մահից հետո գյումրեցիները մոմավառություն կազմակերպեցին Ավետիսյանների տան դիմաց: Ավետսիյանների ընտանիքի անդամների հիշատակի և հոգիների խաղաղության համար լուռ ակցիա և մոմավառություն կատարվեց նաև Երևանի Ազատության հրապարակում:
Հունվարի 21-ին ողջ Գյումրին քաղաքի Սբ. Նշան եկեղեցում վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամին: Հոգեհանգստի կարգին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ: Սերյոժայի հոգեհանգստից հետո ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Փոքրիկ Սերյոժայի աճյունն ամփոփվեց «Շիրակ» գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի, պապիկի կողքին:
Գյումրիում կատարված սպանության գործով Հայաստան ժամանեց ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Վերջինիս ընդունեց ՀՀ Նախագահը: Հանդիպման ժամանակ Բաստրիկինը խոսեց Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննության մասին: Երկկողմ բանակցությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրեցին համաձայնագիր' Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանութ յան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ' ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
ՀՀ քննչական կոմիտեն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրանք առաջադրեց Վալերի Պերմյակովին: Վերջինս ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Քրեական գործի քննության ընթացքում հայ քննիչները Պերմյակովից փորձանմուշներ վերցրին' դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում' դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։ Պերմյակովի հ արցաքննությունը տեղի ունեցավ փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվեց:
Շաբաթվա վերջին Գյումրի այցելեցին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ: Նրանք այցելեցին Գյումրու «Շիրակ» գերեզմանատուն, ծաղկեպսակ ու ծաղիներ դրեցին Ավետիսյանների ընտանքի շիրիմին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիի ողբերգությունը միայն Հայաստանի ցավը չէ, այլ «ողջ ռուս ժողովրդի եւ այդ զինվորի ընտանիքի ցավն է»:
Գյումրիում կատարված դեպքերի վերաբերյալ լսումներ կայացան ՀՀ Ազգային ժողովում: Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ընդգծեց, որ տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է, ինչի համար ցավում է ողջ հայ ազգը: Լսումների ընթացքում՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե երբ է դիմելու ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով, Կոստանյանը հայտարարեց, որ ՌԴ գլխավոր դատախազին անպայման դիմելու է այդ հարցով, սակայն, միայն անհրաժեշտ հիմքեր ունենալուց հետո:
Պատասխանելով մեկ այլ պատգամավորի' Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է լրացվել: Կոստանյանը միաժամանակ կոչ արեց չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը և դրա հետ կապված զարգացումները, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում:
Պատգամավորները Կոստանյանից հետաքրքրվեցին նաև Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին' ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն քննության ավարտից հետո: Պատգամավորի մյուս հարցին, թե հնարավոր է, որ բացի հայ և ռուս իրավապահներից գործի քննությանը ներգրավվեն նաև այլ երկրների իրավապահներ, Կոստանյանն ընդգծեց, որ չկա ոչ միայն դրա անհրաժեշտությունը, այլ դրա հնարավորությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Անցնող շաբաթ խիստ լարված էր իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագոտում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 17-19-ին հակառակորդը հերթական անգամ խախտեց հրադադարի ռեժիմը' այս անգամ արդեն կիրառելով ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Այսքանով, սակայն, ադրբեջանական կողմը չհանդարտվեց. հունվարի հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկեց 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, սակայն, կորուստներ կրելով, հետ շպրտվեց: Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացավ զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Ադրբեջանը հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը ևս մեկ դիվերսիոն փորձ կատարեց' այս անգամ Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվեց զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում ստացավ 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: Ադրբեջանական կողմը ևս կորուստներ կրեց:
Շաբաթվա կեսին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր արձանագրվեցին նաև հայ-ադրբեջանական սահմանին: Հունվարի 21-ին հակառակորդի գնդակից զոհվեց պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը հակառակորդը 300 անգամ խախտեց հրադադարի ռեժիմը' Տավուշի ուղղությամբ: Դիվերսիոն փորձերի հետմղման ժամանակ հայկական կողմը երկու զոհ տվեց, եղան նաև վիրավորներ: Վիրավոներից մեկին' շարքային Հովհաննես Ավանեսյանին վիրահատեցին Բերդի հոսպիտալում: Նույն օրը Տավուշի մարզ մեկնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նույն գիշերը դիվերսիոն մի քանի փորձեր իրականացվեցին նաև Արցախի ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը' հետ շպրտեցին նրանց ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չունեցավ, իսկ ադրբեջանական կողմը տվեց 3 զոհ:
Դիվերսանտների կողմից հայ զինծառայողների սպանության դեպքի առնչությամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Ֆրանսիան ցանկություն հայտնեց վերականգնել կողմերի միջև բանակցային գործընթացը: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնեց, որ իրենք կփորձեն ամրապնդել վստահությունը հակամարտող կողմերի միջև: Նա միաժամանակ հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ադրբեջանի արտաքին գործ երի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:
Շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը: ԼՂ հակամարտության հարցին անդրադարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:
Ադրբեջանական կողմը Բերդի մի քանի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն փորձ արեց նաև հունվարի 24-ին' ժամը 12:00-ի սահմաններում: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ շպրտվեցին: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեղան: Իսկ ԼՂՀ ՊԲ-ի տարածած հայտարարության համաձայն, մեկ շաբաթում ձեռնարկած երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փ որձերի արդյունքում, որոնք հետ են մղվել հայ դիրքապահների կողից, նախահարձակ ադրբեջանակ կողմը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:
Ներհայաստանյան իրադարձություններ
ՀՀ կառավարության այս շաբաթվա նիստում գործադիրի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվեց ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ազատվեց այդ պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ' Արմեն Շահնազարյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:
ԿԲ խորհուրդը 2015թ. հունվարի 21-ի արտահերթ նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից
Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ԱՄՆ-ում, օրինակ, միջոցառումները կմեկնարկեն Ֆլորիդա նահանգից' հունվարի 24-ին Բոսթոնի հայկական Սայաթ-Նովա պարային խմբի համերգով:
Ավստրալիայում ստեղվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող կայք. www.armenia.com.au/100 կայքում միջոցառումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է եւ ներկայացնելու է համապարփակ տեղեկատվություն երկրի բոլոր շրջաններում կատարվելիք միջոցառումների մասին:
Ֆրանսիական TV 5 monde-ի եթերում հեռարձակվեց Հայոց ցեղասպանությանը և “The Cut” ֆիլմին նվիրված հաղորդում, որի հյուրերն էին ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը, քաղաքական վերլուծաբան, ռեժիսոր Ալի Կազանջիգիլը, մշակութային սյունակագիր Ժան Բապտիստ Ուրբենը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր արշավ է մեկնարկել. Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը պաշտոնապես հայտարարեց իր նոր արշավի մեկնարկի մասին. սոցցանցերում մեկնարկած #OnThisDay արշավը նպատակ ունի ավստրալական հասարակությանը տեղեկացնել 1915-1923 թվականներին հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության մասին, իսկ ահա Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կանցեն այդ երկրի նախագահի բարձր հովանու ներքո:
Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա գարնանը:
Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելից
Հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցն էր: Նրա ընտանիքը և ընկերները հիշատակի արարողություն կազմակերպեցին Դինքի գերեզմանի մոտ:
Դինքի հիշատակին քայլերթ կազմակերպեց Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Հիշատակի արարողություններ կայացան Թուրքիայի Ստամբուլում և Անկարա, Ադանա, Շըրնաք, Այնթապ և այլ քաղաքներում: Թաքսիմ հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ պահել էին մեծ պաստառ' «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» վերտառությամբ, իսկ ահա Անկարայում տեղի ունեցող միջոցառումը կիսատ մնաց, քանի որ թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր կիրառեց քայլերթի մասնակիցների դեմ' ձերբակալելով 20 մարդ:
Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրն Անկարայում հանձնվեց ոստիկանությանը, իսկ նույն գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալը նոր ցուցմունք տվեց: Դինքի գործով կայացած հերթական դատական նիստում դատարանը մերժեց Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած պահանջները: Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:
Ուկրաինա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն հայտնեց Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին: Հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը' նշելով, որ Ուկրաինայում բռնության սաստկացումը չի կարող շարունակվել. անհրաժեշտ է կանգնեցնել բռնության հերթական ալիքը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
ԵՄ-ն որոշեց պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների որեւէ թուլացում հնարավոր է միայն Ուկրաինայի արեւելքում իրադրության բարելավումից հետո:
Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը հունվարի 20-ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման որոշում կայացրեց: Հունվարի 22-ին Դոնեցկի Լենինյան շրջանի Կուպրին փողոցի կանգառի գնդակոծման զոհ դարձավ 13 մարդ, եւս 20-ը վիրավորվեց: Դոնբասի աշխարհազորը հարձակողական գործողություններ ծավալեց շփման գծի ողջ երկայնքով: Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հ այտարարեց, որ աշխարհազորը մտադիր է հարձակվել ընդհուպ մինչեւ մարզի վարչական սահմաններ:
Սիրիա
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 24-ին կրկին հրթիռակոծեցին Հալեպի հայկական թաղամասներից մեկը, որի հետևանքով զոհվեց երեք քաղաքացի, վնասվեցին թաղամասի շենքերի բնակարանները, խանութները և ավտոմեքենաները: