Անցնող շաբաթ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցան ուշագրավ իրադարձություններ, որոնք հիմնականում պայմանավորված էին սահմանադրական բարեփուխների հետ:
Այսպես, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց. «Որ մտար էս զանավեսկի հետևը, էդ ո՞վ եկավ արանքից քեզի նայեց, տեսավ՝ դու ինչ ես անում: Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես ասա, վախցրա, մեկ ա էթալու ա զանավեսկի հետևն իրա արած անի»:
Հոկտեմբերի 27-ին լրացավ ոճրագործության 16-րդ տարելիցը: Այդ օրը 6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. խմբավորումը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը: Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Ելույթով հանդես եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը վերջերս 11 ժամ տեւած լսումներ արեց, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար եղած տարիներին Հիլարի Քլինթոնը բավարար միջոցներ է ձեռնարկել Բենգազիում ԱՄՆ դիվանագիտական համալիրի անվտանգությունն ապահովելու համար, որը 2012 թվականին ենթարկվել էր իսլամիստների հարձակման:
Մինչեւ օրս Հայաստանում խորհրդարանական լսումներ չեն եղել այն մասին, թե արդյո՞ք 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը բավարար միջոցներ է ձեռնարկել ՀՀ Ազգային ժողովի եւ այնտեղ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ հասարակությանը ներկայացվի բացառապես ճշմարտությունը, որովհետև շատ կարևոր է, որ քաղաքացին հանրաքվեի գնա գիտակցաբար: Արծվիկ Մինասյանը հորդորեց հանրաքվեի քարոզչության ընթացքում հանրությանը ներկայացնել բացառապես ճշմարտությունը:
«Կարևոր է, որ մեր քաղաքացին հանրաքվեի գնա գիտակցված, սահմանադրական փոփոխություններն ամբողջովին ընկալած : Ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի կողմնակիցները իրավունք չունեն խեղաթյուրել այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են: Եվ միայն այս դեպքում մենք կունենանք հանրաքվեի վստահելի արդյունքներ»,- ընդգծեց Մինասյանը:
Պատգամավորը մեջբերումներ արեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքից՝ հստակեցնելով, որ օրենքը թույլատրում է քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցել քարոզչությանը: «Որևէ սահմանափակում, որը նրանց համար նախատեսված է, չկա՝ ի տարբերություն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումների»,- հավելեց Մինասյանը:
Պատգամավորը նաև հավելեց, որ քարոզչության բոլոր հնարավորությունները և օրենքով քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց իրավունքը պաշտպանելու համար «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հավասար հնարավորություններ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի և քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ խորհրդարանական կառավարման համակարգն այլևս երկընտրանք չունի Հայաստանի Հանրապետության համար:
«Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պարզապես «հեղափոխություն» է վերևից: Եթե մեր քաղաքացիները դեկտեմբերի 6-ին «այո» ասեն այս փոփոխություններին, ապա ես համոզված եմ, որ դրանց շնորհիվ մենք կունենանք ավելի լավ պետություն, ավելի արդյունավետ կառավարում և մարդու իրավունքների գերակայություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ աշխարհում չենք գտնի խորհրդարանական մոդելով կառավարվող մի երկիր, որը ժողովրդավար չլինի:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների 89-րդ հոդվածում առկա կայուն մեծամասնության դրույթին'պատգամավորն ասաց հետևյալը. «Այդ դրույթը քաղաքացիներին հնարավորություն է տալիս, խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու հարցում քաղաքական կուսակցությունների անհամաձայնության դեպքում, ասել իրենց ծանրակշիռ խոսքը, թե որ կուսակցությունը կձևավորի խորհրդարանական մեծամասնություն»:
Իր հերթին քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով կարելի էր Սահմանադրական դատարանը վերացնել' նրա գործառույթները հանձնելով Վճռաբեկ դատարանին: «Իմ կարծիքով, հարկավոր էր նաև վերացնել նախագահի ինստիտուտը, քանի որ նա այլևս օժտված չի լինելու գործադիր իշխանության գործառույթներով»,- ընդգծեց նա:
Հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբում և ակտիվ մասնակցելու է քարոզարշավին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր ես մասնակցելու եմ շտաբի նիստին: Ընդգրկված եմ շտաբում իմ ողջ լիազորություններով և բոլոր հնարավորություններով: Ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքը քարոզարշավի ընթացքում կաշխատի այն ուղղությամբ, որ կառաջարկեն կուսակցության նախագահը և գործադիր մարմինը: «Բնականաբար, ես կաշխատեմ և քաղաքական ուղղությամբ, ինչպես նաև հաշվի կառնեմ այն հանգամանքը, որ ես մարզի բնակիչ եմ և ակտիվ կաշխատեմ նաև այնտեղ: Շտաբը կձևավորի մարզային հանդիպումների գրաֆիկ և, բնականաբար, մենք դա կիրականացնենք: Կլինեն նաև հեռուստատեսային հանդիպումներ, հարցազրույցներ, քարոզչություն Ազգային ժողովի ամբիոնից, կլինեն նաև մարզային հանդիպումներ: Թե ինչ հաճախականությամբ կլինեն այդ հանդիպումները, թույլ տվեք թող շտաբը դա որոշի»,- հավելեց Շարմազանովը:
Նա նաև ընդգծեց, որ հանրաքվեի մասին օրենքը թույլ է տալիս, որպեսզի պետական պաշտոնյաներն ընդգրկված լինեն հանրաքվեի շտաբում: «Մենք պետք է շարժվենք օրենքով, և ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ՀՀԿ-ն իր քարզչությունն իրականացնելու է բացառապես օրենսդրության շրջանակներում: Մենք ենք առաջինը շահագրգռված, որ այս հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և հենց դա է պատճառը, որ հանրապետության նախագահը Մադրիդում կոչ արեց միջազգային տարբեր կառույցների դիտորդական ակտիվ մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Շարմազանովը վստահեցրեց, որ փայլուն հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի հետ:«Ես փայլուն հարաբերություններ ունեմ իմ բոլոր գործընկերների հետ: Ես իմ բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ: Ես իմ բնույթով համերաշխություն և կամուրջներ կառուցող անձնավորություն եմ: Առավել ևս, ես թիմային խաղացող եմ և անհնար է ես իմ քաղաքական գործընկերների հետ ունենամ վատ հարաբերություններ: Իսկ վարչապետի հետ ունեմ թե՛ աշխատանքային, թե՛ մարդկային ջերմ հարաբերություններ»,- եզրափակեց Շարմազանովը:
Շարմազանովը անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների նպատակին՝ այն է՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քարոզչություն և միջազգային ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քվեարկություն: «Մեր խնդիրն է նաև ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում ներկայացնել սահմանադրական փոփոխությունների առավելությունները: Ինչպես մեր «ոչ»-ի կողմնակից գործընկերները կներկայացնեն առաջարկվող փոփոխությունների թերությունները, այնպես էլ մենք կներկայացնենք առավելությունները»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնանախագահը հստակեցրեց, որ ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին՝ դեկտեմբերի 6-ին մասնակցելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: «Մենք ամեն գնով սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու խնդիր չունենք: Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի: Որևէ մեկը բռնանալու իրավունք չունի»,- եզրափակեց Շարմազանովը:
Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև բանավեճ ծագեց Ազգային ժողովում նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ:
Իր ելույթի ժամանակ ՀՅԴ պատգամավորը հակադարձեց Բագրատյանի՝ նախորդ օրը հնչեցրած տեսակետներին: Մինասյանի ելույթին միջամտեց ինքը՝ Հրանտ Բագրատյանը. «Չեմ ընդունում էս ձևը, չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսել: Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Դուք դառնում եք ինչ-որ մեկի պաշտպանը: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակների հետ: Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ խի՞ եք ընկնում, իյա»:
Վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և կոռեկտության կոչ արեց՝ նույնականացման քարտի համար մի վիճեք:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի նախագիծը բարելավելու իր տարբերակներն ունի: «Մենք տեսնում ենք, որ այս հարցում խնդիրներ կան, և պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի լուծում տանք այդ խնդրին: Մենք դեռ քննարկումների համար ժամանակ ունենք մինչև երկրորդ ընթերցում, և ես հուսով եմ, որ կկարողանանք կարգավորել այդ հարցը»,- տեսակետը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն է:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ-ն լսել է բոլոր առաջարկները և առաջիկայում քննարկելու է դրանք մյուս քաղաքական ուժերի հետ:
ՀՅԴ-էլ իր հերթին հայտարարեց, որ իր համար ընդունելի և հասկանալի է նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնության նպատակը:
«Մենք հասկանում ենք, որ առաջիկայում շատ կարևոր հանրաքվե ունենք, որից կախված է մեր երկրի ապագան, քանի որ մենք արմատապես փոխում ենք կառավարման համակարգը: Ուստի մենք իրավունք չունենք որևէ մեկին անմասն թողնել այս կարևոր գործընթացից: Այսօր շուրջ 182 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, իսկ գործող օրենսդրությամբ նույնականացման քարտերով քվեարկության մասնակցելը չի թույլատրվում: Մենք պետք է լո ւծում տանք այս խնդրին, սակայն դա պետք է անենք քվեարկության նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխազնիմներ ներդնելու եղանակով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը հիշեցրեց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը բարելավելու համար ՀՅԴ-ն ներկայացրել է առաջարկներ, որոնք կարելի է ընդունել և քվեարկության նկատմամբ վստահությունը որոշակիորեն վերականգնել: «Օրինակ, նույն այդ մատները թանաքոտելու տարբերակին, որն առաջարկեցին տարբեր քաղաքական ուժեր, մենք կողմ ենք: Մեծամասնությունն ասում է, որ դա վերահսկողության այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, սակայն եթե դա կարող է որոշակիորեն բարձրացնել վստահությունը քվեարկության նկատմամբ, ապա մենք պետք է դա ընդունենք և առաջ շարժվենք: Միգուցե, դա այնքան էլ արդյունավետ եղանակ չէ, ինչպես պնդում են մեծամասնության ներկայացուցիչները, սակայն դա այս պահին այնքան էլ կարևոր չէ, որքան քվեարկության նկատմամբ վստահության բարձրացումը»,- եզրափակեց Ռուստամյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել այն ճանապարհը, որով հնարավոր կլինի կարգավորել խնդիրը և առաջ շարժվել:
ՀԱԿ-ը խնդրի շուրջ առաջ քաշեց իր տարբերակը. նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու եղանակը՝ կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մատերը թանաքոտելն աշխարհում ընդունված մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Եթե մենք նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չենք դնում, ապա պետք է գոնե այս եղանակը կիրառենք, որովհետև հակառակ դեպքում լինելու են կրկնակի քվեարկություններ»,- ընդգծեց Մանուկյանը:
Անդրադառնալով տեսակետներին, թե մատերը թանաքոտելուց հետո կարելի է այն բենզինով մաքրել և նորից գնալ քվեարկության՝ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ թանաքը հնարավոր է մաքրել, սակայն բավական է մատի վրա փոքր լապտերով լույս թողնել, կերևա՝ այդ անձը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ:
Արդեն հոկտեմբերի 30-ին «Չե՛ք անցկացնի»-ին հանրահավաք կազմակերպեց Ազատության հրապարակում:
Հավաքի նպատակը Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելն է:Այդ օրը ելույթներով հանդես եկան ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները:
Ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը
Հենց ռեժիմի ներսում կա լռելյայն սաբոտաժ Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ: Ճիշտ է, Սերժ Սքարգսյանն իրենից կախված ամեն բան արել է հանրաքվեի անցկացման գործին թիմակիցներին լծելու նպատակով: Հովիկ Աբրահամայնին խոստացել է վարչապետի պաշտոնը նոր խորհրդարանական Հայաստանում, Գագիկ Հարությունյանին խոստացել է, որ նա կդառնա Հայաստանի Հանրապետության գլխավոր թամադան /որովհետեւ նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը մեջ հաշվով այլ լիազորություններ չունի/: Իշխանության մեջ շատերը, սակայն, իրենց տեղը չեն գտնում նոր ստեղծվող համակարգում: Նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը այս ամենը անում է իր անձնական իշխանության երկարացման համար եւ չունեն նրան օգնելու որեւէ շահագրգվածություն: Նրանք նաեւ հասկանում են, որ դա արվում է Հայաստանի կառավարման համակարգի թուլացման եւ նրա ներսում պատասխանատվության լղոզման գնով, ինչը խոցելի է դարձնում ե՛ւ Հայաստանը որպես պետություն, ե՛ւ իշխանության ամբողջ համակարգը, ներառյալ իրենց անհատական դիրքերը իշխանության մեջ:
«Ոչ»-ի քարոզչական համատեղ շտաբը նոյեմբերի 20-ին, ժամը 17-ին, հրավիրում է հանրահավաք՝ Ազատության հրապարակում
Ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Հարկավոր է ամեն ինչ անել, Սերժից պրծնել։ Դեկտեմբերի 6-ին պետք է կանգնել եւ ասել՝ դու էլ, քո սահմանադրությունն էլ մեզ պետք չեք։ Մենք պտտվում ենք տեղերում։ Ուր եղել ենք, ժողովուրդը շատ լավ է հասկանում, բոլորը գիտեն, որ էստեղ սահմանադրական խնդիր չկա, իրավական խնդիր չկա, ընդամենը Սերժ Սարգսյանը ուզում է շարունակել կառավարել»
Ելույթ ունեցավ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը.
«Սահմանադրության փոփոխությունը իշխանության վերարատադրության համար է: Անցած տարիներին իրենք լավ փորձվել են, և դրա պարագլուխը Սերժիկ Սարգսյանն է: Նրանք փորձվել են օգտագործել ռեսուրսները, բյուջետային միջոցներով աշխատողներին ինչպես մասնակցել տալ իրենց կլոունադային: Դե, իհարկե, ճնշումների միջոցով...:
Ամուսինը մեջքը բռնած տուն է մտնում, կինն ասում է՝ ի՞նչ է եղել, թե բա սխալ տրամավայ նստեցի, ձիարաշավարանի մոտ գնաց, միջի մարդիկ էլ հրեցին իրենց հետ տարան ձիարշավարան: Տոմսը ընկավ, թամբը դրեցին մեջքիս ու ընկա 3-րդ տեղը: Ինչ կուզեմ ասել: Ռեժիմը մեզ թամբել է ու թամբած է պահում: Պետք է կարողանանք ապացուցել, որ մենք ենք իրենց թամբողը»:
Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.
«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում։ Եւ «Նոր Հայաստանը», եւ «Չեք անցկացնին» համախմբված աշխատում ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողությունները համադրում ենք։ Մենք նաեւ ընթանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով։ Մի փոքր կարող է կողքից դժվար թվալ, բայց ես մեխ հույս ունեմ, որ մենք միասնական ուղու վրա լինելու ենք»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ պետք է նշենք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նելլի Ալեքսանյան