Անցնող շաբաթ ՀՀ ներաղաքական կյանքը հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով:

 

Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ այդ կերպ ցանկանալով իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում։ Արա Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ իրենք որևէ վատ բան չեն անում, ոչնչից չեն վախենում։ «Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, ապա հետո կզղջանք», -ասաց Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հիմա ավելի քան 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։

Այնուհետև նույն թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդեն Աբրահամյանը նշեց, որ ինքը գիտի՝ ըստ գործող Սահմանադրության իրավունք չունի վարչապետ կամ նախագահ դառնալու:

«Այդ հարցը ինձ միշտ տալիս են: Եթե ուզում եք ասել, որ գործող օրենսդրությամբ ես իրավունք չունեմ նախագահ դառնալու, ես այդ ամենի մասին գիտեմ, եթե ուզում եք ասել, որ ես իրավունք չունեմ նախագահ դառնալու, ես այդ ամենի մասին գիտեմ: Խնդիրը կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է, խնդիրը երկրի մասին է, հարցը թիմի ստեղծումն է: Ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Աբրահամյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք ինքը ՀՀ քաղաքացի՞ է, Արա Աբրահամյանը ասել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ, և միշտ եղել եմ: Բա Մալիշկայից եմ, բա որտեղի՞ց եմ, չհասկացանք: Միշտ էլ եղել եմ ՀՀ քաղաքացի: Տարեկան 18 անգամ լինում եմ Հայաստանում, շատ եմ սիրում հանգստանալ այստեղ, գնալ մեր գյուղը»:

 

Արա Աբրահամյանի՝ քաղաքականություն մտնելու և իր հնարավոր հրաժարականի մասին խոսեց ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը, պարզվեց, դրական մոտեցում ունի: «Եթե ժողովուրդը կորոշի, որ Արա Աբարհամյանը պետք է լինի խորհրդարանում, թող լինի»,- ասաց վարչապետն ու վստահեցրեց՝ ինքը որևէ քաղաքական գործչի հետ խնդիրներ չունի:

 

Խնդիրներ չունի, հրաժարական էլ չի տալու: Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի շտաբի պետ-վարչապետ պաշտոններն համատեղելի են: «Օրենքի մեջ որևէ հակասություն չկա, այդ հարցը մանրակրկիտ կքննարկվի, սակայն այդ աշխատանքները չպետք է խանգարեն կառավարության աշխատանքներին»: Դիտարկմանն էլ, թե գուցե ժամանակավոր հրաժարականի հարց լինի՞, Աբրահամյանը պատասխանեց. «Ինչի՞ եք ուզում, որ ես հրաժարական տամ, չեմ տալու»:

 

Ինչպես արդեն հայտնի է Սահմանադրության փոփոխություններն անցկացվելու են հանրաքվեի միջոցով, իսկ դրա անցկացման համար ԿԸՀ-ն կստանա ավելի քան 1,5 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը կֆինանսավորի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլրդ 576 մլն 209 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 210 մլն 550.4 հազ. դրամ:

 

Առաջիկա սահմանադրական բարեփոխումներին արձագանքեց ՍԴՀԿ-ն: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին այլընտրանք չի տեսնում և կողմ է առաջիկա սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին ՍԴՀԿ 10-րդ համագումարի ընթացքում իր ելույթում ասաց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Այս մասին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարել է դեռ 1887թ., երբ նոր էր ստեղծվում, և դրա մասին մենք հայտարարում ենք նաև այսօր: Առաջիկա սահմանադրական բարեփոխումները երկրում հնարավորություն են ստեղծում հիմնադրել մի այնպիսի համակարգ, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում կարելի է շատ-շատ հարցերի լուծում տալ»,- ընդգծեց Գալստյանը:

Նա նշեց, որ գործող Սահմանադրության պայմաններում ՀՀ նախագահի պաշտոնն ուղղակի քվեով ընտրվող և բացարձակ լիազորություններով օժտված ինստիտուտ է, որն իր որոշումների և գործողությունների համար որևէ մեկին հաշվետու չէ: Նա հայտարարեց նաև, որ ՍԴՀԿ-ն դեմ է նաև մեծամասնական ընտրակարգին, որը սահմանադրական բարեփոխումների արդյունքում ևս հանվելու է: «Հիմա շատերը հայտարարում են, թե իշխանություններն այս եղանակով ցանկանում են վերարտադրվել, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է շարունակել երկրի ղեկավարումը: Իհարկե, մենք մտքեր կարդացող չենք և չենք կարող ասել, թե ով ինչ ցանկություններ ունի: Սակայն ասել ենք ու կասենք՝ ի՞նչն է խանգարում այդ վերարտադրությանը գործող Սահմանադրությամբ: Հնարավոր չէ՞, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: Իհարկե, հնարավոր է, ուստի այս վարկածը չի դիմանում որևէ քննադատության»,- հավելեց Գալստյանը:

Նա հայտարարեց, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն առաջիկա սահմանադրակիան բարեփոխումներին կողմ է քվեարկելու, իսկ քարոզարշավի մասնակցության ձևաչափի մասին կտեղեկացնեն կուսակցության համագումարի փակ աշխատանքների ավարտից հետո:

 

Անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ նշենք, որ անհանգիստ իրավիճակը կրկին պահպանվեց: Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանական կողմն Արցախի դիրքապահների ուղղությամբ գիշերը կրակել է ականանետերից: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (6 արկ) և 82 մմ-ոց ականանետերից (14 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:

 

Դե իսկ հոկտեմբերի 17-ին ԼՂՀ արևելյան սահմանին ոչնչացվեց ադրբեջանցի 2 զինվոր: Հայ Ադրբեջանական պետական արևելյան սահմանին, ադրբեջանցի զինվորականները փորձել են իրենց դիպուկահարների հսկողության տակ դիրքերը առաջ տալ և ամրապնդել, ինչը չի վրիպել մեր փորձառու դիրքապահների աչքից և հակառակորդի երկու զինծառայող' մեկը անմիջապես նոր ամրապնդվող դիրքում, իսկ երկրորդը դիպուկահարների համար նախատեսված կրակակետում, լիկվիդացվել են:

 

Նախորդ շաբաթ ՀՀ մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ ևս միջադեպ էր գրանցվել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել էր Հայաստանի օդային տարածք: Սա աննախադեպ իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին ՀԱԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ. «Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները՝ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով:

ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիրքորոշումը, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել:

Ինչպես սեպտեմբերյան օրերին, երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի և այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ և ԵԱՀԿ շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նելլի Ալեքսանյան