ՀՀ Նախագահը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 6-րդ լիագումար նիստում: ՄԱԿ-ում Նախագահը նշեց, որ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այսօր լրջորեն քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ այդ արձանագրությունները կվավերացնի միայն, եթե Լեռնային Ղարաբաղը' ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մ արդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեն»: Այս պայմաններում է, որ պաշտոնական Երևանն այսօր լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»,-նշեց Նախագահը:

 

ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին: «Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար' անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից»,-ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առանձին-առանձին հիշատակելով բոլոր պետությունների անունները' նշեց ՀՀ Նախագահը:

 

Հանրապետության ղեկավարը մերկացրեց ՄԱԿ-ի չորս բանաձևերի վերաբերյալ Ադրբեջանի ստերը: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով:

 

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ում խոսեց նաև Սիրիայի հայ բնակչության և Իրաքի եզդիների պաշտպանության մասին: Նախագահն անդրադարձավ նաև Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման փաստին: «Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող»,-նշեց Նախագահը:

 

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպմանն անդրադարձ եղավ ՀՀ սահմանդրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդ նշեց, որ ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ' ներկայացրելով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցեց նաև «ԱրմԹեք-2014» համաժողովին, որտեղ հանդես եկավ ողջույնի խոսքով:

 

Ներհայաստանյան իրադարձություններ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունեց տարբեր տոնավաճառների մի խումբ առևտրականների, ովքեր բողոքում էին հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից: Վարչապետը նրանց կոչ արեց իրենց առաջարկությունները գրավոր կերպով ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին էլ հանձնարարեց քննարկել դրանք և ներկայացնել կառավարություն: Նշելով, որ օրենքի նպատակն է օրինական դաշտ բերել խոշոր տնտեսվարողներին' Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ներում հարկային ստուգումներ կլինեն միայն ռիսկերի դեպքում, իսկ կառավարությունն ամեն ինչ կանի ՓՄՁ-ների զարգացման համար: Շրջանառության հարկի մասին նոր օրենքից ՓՄՁ-ների դժգոհությունների թեմային անդրադարձ կատարվեց նաև ՀՀ կառավարության նիստում, որտեղ վարչապետը հանձնարարեց ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում անհիմն ստուգումներից:

 

Գործադիրը հերթական նիստում ընդունեց օրենսդրական փաթեթ, որով ՀՀ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող ընկերությունները կազատվեն բոլոր հարկերից:

 

ՀՀ կառավարության որոշմամբ' Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում

 

Ազգային ժողովում սեպտեմբերի 23-ին անցկացվեց ոչ իշխանական եռյակի նիստը. ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը նիստն անցկացրին առանց ՀՅԴ-ի: Նիստում եռյակը հստակեցրեց մարզային այցելությունների ժամանակացույցը, համաձայն որի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ նախատեսված մարզային այցելությունները կմեկնարկեն Աբովյանից: Նիստում եռյակը քննարկեց նաև իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջների կատարման ամփոփման, հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի օրակարգի հստակեցման հարցերը:

 

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակեց ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրված 14 թեկնածուների անունները:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպմանը համանախագահները վերահաստատեցին ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։ Քննարկվեցին նաև Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

 

ԿԽՄԿ միջնորդությամբ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Վերջինս բուժզննում անցավ Իջևանի հիվանդանոցում: Հետազոտությունների արդյունքում նրա մոտ առանձնակի լուրջ խնդիրներ չհայտնաբերվեցին: ԼՂՀ-ն էլ միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեց Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Հասան Հասանովի դին Ադրբեջանին հանձնելու մասին:

 

ԻԼԻՊ-ը պայթեցրեց Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցին

 

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 21-ին պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Այդ գործողությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը' նշելով, որ եկեղեցու պայթեցումը բացահայտում է Իսլամական պետության վայրագությունը:

 

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձավ այդ միջադեպին: Նա Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը որակեց որպես համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ ևս դատապարտեց տեղի ունեցածը' նշելով, որ եթե Թուրքիան կանգնած չէ եկեղեցու պայթեցման թիկունքին, ապա պետք է դատապարտի ահաբեկչությունը:

 

Միջադեպը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը' պետական, քաղաքական ու կրոնական պատասխանատուներին կոչ անելով խստորեն դատապարտել այս արարքը և այն օտար շրջանակների ուշադրությանը ներկայացնել, իսկ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը նշեց, որ կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա:

 

Դեր Զորի եկեղեցու ականահարման փաստի վերաբերյալ վրդովմունք արտահայտեցին նաև ԱՄՆ կոնգրեսականները: Առանձին հայտարարություններով և սոցիալական մեդիայի միջոցով այդ վայրագությունները խստորեն դատարապարտեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրանկ Փալոնեն, Ջիմ Կոստան, կոնգրեսական Ադամ Շիֆը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էլ տեղի ունեցածը մեծ ողբերգություն անվանեց: Իսկ ՀՀ-ու մ ԱՄՆ դեսպանատունը նշեց, որ «այդ անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ-ի բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ»:

 

Սիրիա

 

Սիրայում տիրող իրավիճակը շարունակեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մնալ նաև անցնող շաբաթ: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը հայտարարեց, որ Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ին հարվածելու համար: Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն ուղղեցին Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունը շարունակվեց ողջ շաբաթ: Ամերիկյան օ դուժը սեպտեմբերի 25-ին ռմբակոծեց ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային բազաները, այդ գործողություններին միացավ նաև Ֆրանսիական օդուժը' ռմբակոծելով ԻԼԻՊ-ի դիրքերն Իրաքում: Հունաստանը և Նիդերլանդներն էլ հայտարարեցին, որ կմասնակցեն ԻԼԻՊ-ի դեմ պայքարին:

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպմանը հավաստեց, որ Մոսկվան պատրաստ Իրաքի իշխանություններին աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարում:

 

ՄԱԿ-ի փախաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնեց, որ սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: ԱՄՆ-ն կոչ արեց Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի կանխի այդ ճանապարհով ահաբեկիչների ներթափանցումն ու նավթի մաքսանենգությունը: Թուրքական պետությունը փակեց 30 կիլոմետր ձգվող Այն էլ Արաբ սահմանային շրջանում գտնվող 8 անցակետերից 6-ը:

 

Ուկրաինա

 

Կիևի և Լուգանսկի միջև սեպտեմբերի 22-ին վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը: Ուկրաինայում աշխարհազորը հրետանին հետ քաշեց շփման գծից: Լուգանսկի մարզում ուկրաինացի ուժայինները նույնպես ձեռնամուխ եղան ավելի վաղ զբաղեցրած դիրքերից ռազմական տեխնիկայի ու հրետանու մասնակի հետքաշմանը:

 

Վլադիմիր Պուտինը Պյոտր Պորոշենկոյին նախազգուշացրեց ԵՄ-ի հետ պայմանագրի իրագործման հետևանքների մասին: ՌԴ Նախագահը նամակ ուղարկեց Պորոշենկոյին, որում ասված էր, որ Մոսկվան այդ դեպքում կփակի մուտքը ռուսական շուկա: Բացի այդ, նույնիսկ ասոցացման մասին համաձայնագրի իրագործման համար օրենսդրությունը փոխելու Ուկրաինայի փորձն անհապաղ պատասխան կստանա ՌԴ-ի կողմից:

 

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ ընդունելու մասին: Պատժամիջոցները սահմանափակումներ են ներառում Ռուսաստանի մի քանի բանկերի նկատմամբ:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շարունակվող ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ արեց ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացնել այնքան ժամանակ, քանի դեռ Կիեւը չի վերակագնել հսկողությունն Ուկրաինայի ամբողջ տարածքում :

 

Ուկրաինան, ԵԱՀԿ-ն եւ ՌԴ-ն աշխատանքային խումբ ստեղծեցին հրադադարը հսկելու համար: Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարեց, որ Դոնբասում հրադադարի գոտին կբաժանվի անվտանգության 4-5 սեկտորի, որոնցում կաշխատեն ԵԱՀԿ-ի մինչեւ հինգ մոնիթորինգային խմբեր՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ համատեղ: