Անցնող շաբաթը կրկին հագեցած էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետաքրքիր իրադարձություններով: Սահմանադրական բարեփոխումների թեման շարունակում է մնալ ներքաղաքական կյանքի կարևորագույն խնդիրը:
Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով կհամատեղի և՛ վարչապետի, և՛ շտաբի պետի պաշտոնները:
Վարչապետի գործառույթների համատեղելիության մասին խոսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կա հանրաքվեի մասին օրենք, որը թույլ է տալիս, որպեսզի նա կատարի կառավարության ղեկավարի իր գործառույթները և, միաժամանակ, ղեկավարի շտաբը: Վարչապետը մոտ օրերս կձևավորի շտաբերը, և մենք համատեղ ուժերով կշարժվենք առաջ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Ի հակադրություն Շարմազանովի հավաստման՝ հասարակության մի ստվար զանգված պնդում էր, որ պետական պաշտոն զբաղեցնող անձն իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնելու:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս առթիվ պարզաբանում խնդրեց իրավաբան Տիգրան Սարգսյանից: Իրավաբանը տեղեկացրեց, որ, ըստ օրենքի, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական մանկավարժական գործունեությունից և չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, ինչն էլ նշանակում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց օրենքը չի արգելում քարոզչություն իրականացնել, քանի որ այն կատարվում է անհատույց:
«Եթե իշխանությունն է նախաձեռնում Սահմանադրական փոփոխությունը՝ բնական է, որ պետք է քարոզչություն կատարեն, այլ հարց է, որ հասարակությունը, լրատվամիջոցները վերահսկողություն իրականացնեն, որպեսզի վարչապետն իր վարչական ռեսուրսը չօգտագործի հօգուտ քարոզչության»,- ասում է իրավաբանը:
Սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ալոյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր. «Հարգելի պարոն Փաշինյան. հարցս վերաբերում է հետևյալին: Դուք բազմիցս հայտարարել եք, որ չեք պատրաստվում քննարկել սահմանադրական փոփոխությունները' համարելով դա, որպես Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ: Դուք, իհարկե, պատրաստվում եք ընտրությունների և հարց է առաջանում. արդյոք այդ ընտրությունները կեղծ օրակարգ չեն, և արդյոք Դուք կարծում եք, որ հիմնական ընտրակեղծիքները կատարվում են տեղամասերում: Շնորհակալություն»:
Նիկոլ Փաշինյանը Armtimes.com-ի միջոցով պատասխանել է Մհեր Ալոյանին. «Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդդիմությանը ներքաշել սահմանադրական փոփոխությունների ծուղակի մեջ, որպեսզի ընդդիմությունը «Ոչ»-ի ցիկլի մեջ ընկնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություններին ժամանակ չտրամադրի եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոտքի վրա կանգնած որեւէ ուժ չլինի, որ խանգարի իր վերարտադրության պրոցեսին: Իսկ վերարտադրության պրոցեսի համար հարկավոր է, որ ՀՀԿ-ն հաղթի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Սիրելի բարեկամներ, ուշադրություն դարձրեք, վերարտադրությունը սահմանադրական փոփոխությունները չեն, վերարտադրությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն է եւ այս է պատճառը, որ մենք չենք մտնում սահմանադրական փոփոխությունների ծուղակի մեջ, մենք ուզում ենք պայքարել բուն վերարտադրության դեմ, մենք ուզում ենք պատրաստվել վերարտադրության դեմ պայքարին: Իսկ Սերժ Սարգսյանն ուզում է, որ հիմա ընդդիմությունը մի երկու ամիս հանրահավաք անի «ոչ»-ի կոչով, հետո էլ՝ մի քանի ամիս ետհանրաքվեյան պրոցես հարուցի, հետո թեժ գարուն խոստանա, որն ակնհայտորեն կարժանանա նախորդ թեժ գարունների ճակատագրին: Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդդիմության ակումուլյատորը էնպես նստացնի, որ մինչեւ 2018 թվական այդ ընդդիմությունն իրեն չհավաքի: Ընդ որում, մի այդպիսի ծուղակ մենք, այդ թվում ես արդեն ընկել ենք: 2010-11 թվականներին մենք շարունակում էինք պահանջել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Եւ եթե այն ժամանակ որեւէ մեկը մեզ խորհուրդ տար հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվել, մենք նրան դավաճան կհամարեինք ու սերժական:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ. մենք մի քանի տարի նեքաշվեցինք արտահերթ ընտրությունների պահանջի անռազմավարություն պայքարի մեջ, մարդկանց փողոցներում ու հրապարակներում պտտեցնելով հոգնեցրեցինք, հյուծեցինք, մաշեցրիքն, իսկ վերջում եկանք ականջներս կախ մասնակցեցինք 2012-ի հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրություններին ընդհանրապես չմասնակցեցինք: Իսկ խորհրդարանական ընտրություններին առանց նախապատրաստության մեր մասնակցության արդյուքնները հուսադրող չէին՝ գոնե մեր նախորդ տարիների ռետորիկայի ֆոնին: Սերժ Սարգսյանը հիմա մոտավորապես նույն բանն է անում ընդդիմադիր դաշտի եւ հանրության հետ. նա ուզում է հերթական անգամ մարդկանց հուսահատեցնել, ֆրուստրացիայի ենթարկել եւ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր առանց խորանալու մարդկանց առաջնորդում են դեպի ֆրուստրացիա եւ հուսահատություն: Սա հենց Սերժ Սարգսյանի ուզածն է:
Իր հերթին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հակառակ կարծիքի է: Նա վստահություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությամբ կբարձրանա ընդդիմության դերը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը տեսակետ հայտնեց, որ Հայաստանում գործող կիսանախագահական համակարգը կուսակցությունների կայացման համար լայն հնարավորություններ չի տալիս, որը կարող է տալ կառավարման խորհրդարանական համակարգը: «Այն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, որևէ մեկը չի ժխտում: Իսկ դրա պատճառը երկրում գործող կիսանախագահական համակարգն է: Երբ հանրապետության ղեկավարը Ազգային ժողովում ունենում է մեծամասնություն, նա ստանում է որոշումների կայացման լայն լիազորություններ՝ օգտագործելով խորհրդարանական մեծամասնության հնարավորությունները: Բնականաբար, նման պայմաններում կուսակցությունները կայացման լայն հնարավորություններ չունեն»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով, բարեփոխումների արդյունքում բարձրանալու է նաև խորհրդարանի, ինչպես նաև ընդդիմության դերը՝ երկրի համար կարևոր որոշումների կայացման հարցում:
Պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս անդրադարձել էր սահմանադրական փոփոխություններին և տեսակետ հայտնել, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեով, փաստորեն, անցնելու ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Օսկանյանի կարծիքին, ասաց. «Ընտրական օրենսգիրքը կքննարկենք, և պարոն Օսկանյանը կտեսնի, որ իր մտավախությունները փարատված են»:
Մենք հարցրինք պարոն Բաղդասարյանին՝ արդյոք ՀՀԿ-ն արդեն սկսե՞լ է մտածել կոալիցիա ստեղծելու մասին, օրինակ, վերամիավորվել ԲՀԿ-ի հետ, Բաղդասարյանն ասաց, որ դեռևս այդ մասին վաղ է մտածելը: Նկատեց, որ այլ քաղաքական ուժեր ևս կարող են կոալիցիա կազմել: «Ո՞վ է ասել, որ անպայման պետք է հանրապետականը կոալիցիա կազմի: Ուրախ եմ, որ գնահատում եք Հանրապետականի հնարավորությունները, ողջ ծանրությունը դնում եք Հանրապետականի վրա, բայց լայն հնարավորություն է տրված, և քաղաքական ուժերն ազատ են կոալիցիա կազմելու մեջ»:
Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններն ընդդիմությանը բավականին լուրջ արտոնություն են տալիս, և ընդդիմությունը պետք է մտածի ժողովրդի վստահությունը շահելու մասին:
Նշենք, որ Օսկանյանի կարծիքով՝ իրական խորհրդարանական համակարգ կլինի այն դեպքում, երբ հենց սահմանադրության տեքստում ամրագրվի, որ եթե առաջին տեղը գրաված ուժը չի կարողանում նախատեսված ժամկետում կոալիցիա ձևավորել, այդ իրավունքը տրվում է երկրորդ տեղը գրավածին, ապա երրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, իսկ այս բոլորի անհաջողության դեպքում արդեն անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, որոնց մասնակցում են բոլորը:
Անդրադառնալով Օսկանյանի հայտարարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ երբ իրենք Սահմանադրության փոփոխությունների բովանդակային քննարկման փուլում էին, Վարդան Օսկանյանը բոլոր հնարավորություններն ուներ քննարկումներին մասնակցելու և իր դիրքորոշումն այն ժամանակ հայտնելու:
«Հիմա նախագիծը դրված է հանրաքվեի: Ես հարգում եմ պարոն Օսկանյանին, բայց, կարծում եմ, այդ մտահոգությունը պետք է քննարկումների ժամանակ հայտնվեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեր այն հարցին, թե արդեն խոսվում է նոր կոալիցիայի մասին, իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն, Նաիրա Զոհրաբյանը հակիրճ պատասխանեց.
«Կոալիցիայի հարց «Բարգավաճ Հայաստանում» չի քննարկվել»:
Արդեն հոկտեմբերի 23-ին Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիեւան, Ե. Տանչեւը, Ս. Բարտոլեն եւ Ա. Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:
Անդրադառնալով մեկ այլ թեմայի՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Անգամ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով այդ նշանակման մասին, ասել էր, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր ԵՏՄ բոլոր երկրների համար։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ Տիգրան Սարգսյանը կատեգորիկ դեմ էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ պնդելով, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք, և դա անգամ տեսականորեն հնարավոր չէ: Հիմա նա ղեկավարելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ըստ էության դեմ լինելով դրա գաղափարին:
«Ինչքանով է նպատակահարմար և ոչ նպատակահարմար, իմ որոշելու հարցը չէ: Եթե գտել են՝ Տիգրան Սարգսյանն այն անձն է, ով գաղափարական հակասություններ ունենալով և չընդունելով ԵՏՄ գաղափարը՝ պետք է ղեկավարի այդ կառույցը, ուրեմն նպատակահարմար են համարել, մնացածն իմ որոշելիքը չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է նրա պաշտոնավարման ընթացքում տնտեսական խայտառակ անկմանը՝ 14%, սկանդալային պատմություններին՝ Կիպրոսի օֆշոր, Հազարամյակի մարտահրավերներ, 16 միլիոն դոլարի լեկցիաներ կարդալը և այլ պատմությունների, Նաիրա Զոհրաբյանը, որպես ՀՀ քաղաքացի, կարծում է, որ նախ և առաջ հստակ պարզաբանումներ պետք է ստանայինք, հետո նոր որոշեինք՝ իրավունք ունի՞ Տիգրան Սարգսյանն այդ ոլորտ տեղափոխվելու:
«Եթե նշանակողները որոշել են և գտնում են, որ Տիգրան Սարգսյանն այն անձնավորությունն է, որ կարող է առաջ մղել ԵՏՄ ինտեգրացիոն գաղափարները՝ ես ձեռնպահ կմնամ որևէ լրացուցիչ մեկնաբանությունից»,- հավելեց պատգամավորը:
Այս նշանակման հետ կապված ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ երկու թիրախ է տեսնում: Առաջին՝ Տիգրան Սարգսյանը հայտնի էր որպես Հայաստանի եվրոպական տեսլական ունեցող պաշտոնյա, հետևաբար, նրան տանելով այնտեղ՝ վարկաբեկում են քաղաքականության մեջ սկզբունքայնությունը: Այս կերպ ցույց են տալիս, որ անգամ եվրոպամետ քաղաքական-պետական գործիչները կարող են շատ արագ փոխել գաղափարախոսական դավանանքը, և երկրորդը՝ վերահսկելի լինեն, քանի որ աշխատելու է որպես պաշտոնյա, զսպված է լինելու դիրքերը պաշտպանելով, հետևաբար, այլ դիրքորոշում հայտնելու հնարավորութւուն չի ունենալու»,- ասաց Սաֆարյանը:
Մեր այն հարցին, թե Տիգրան Սարգսյանի նշանակումն ի՞նչ օգուտ կարող է բերել Հայաստանին, Սաֆարյանը հարց բարձրացրեց.
«Այդ կառուցը Հայաստանին տալու բան ունի՞, այդ կառույցը ճգնաժամի մեջ է, այդ կառուցն իր հիմնադիր անդամներին տալու քիչ բան ունի, ինչ մնաց Հայաստանին տա: Ես տարակուսում եմ, երբ լսում եմ ՝գնա մեր շահերը սպասարկի, գիտե՞ք ինչ՝ հայկական ժուլիկությունն աշխարհի համար չէ, այնպես չէ, որ այնտեղ փողը թափված է և պետք էր հայազգի ղեկավար լինել, որպեսզի փողը բերի Երևան»:
Հոկտեմբերի 24-ին ՀՀԿ գրասենյակում ձևավորվեց «Այո»-ի շտաբը. հայտնի դարձան Հովիկ Աբրահամյանի 6 տեղակալները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կայացել է «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ ձևավորվել է շտաբը, նշանակվել են շտաբի պետի' Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները: Նրանք են' ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաև շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Կատարվել է աշխատանքի կազմակերպում, քննարկվել են անելիքները, կատարվելիք աշխատանքը, թե Երևանում, թե մարզերում»,- ասաց Թադևոսյանը Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ:
Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց:
Վերոնշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իարդրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նելլի Ալեքսանյան