Անցնող շաբաթը ՀՀ ներքաղաքական կյանքում նշանավորվեց կարևորագույն իրադարձությամբ: Սահմանադրության նախագծի քննարկումն օրակարգում էր: Հոկտեմբերի 5-ին պատգամավորները քվեարկեցին`104 կողմ, դեմ՝ 10 և 3-ը՝ ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության նախագիծը:

 

Սահմանադրական փոփոխություններին արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկար: Մեջբերում. «Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար: Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»,- մեջբերման ավարտը: 

 

Սահմանադրական Բարեփոխումների մասին Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետի կարծիքները չեն համընկնում: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը համաձայն չէ Քոչարյանի հետ. նրա կարծիքով սահմանադրական բարեփոխումները իրականացվում են տեղին և ժամանակին:

 

ԱԺ-ում քննարկումներն անցան թեժ մթնոլորտում: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բորբոքված էր: Դիմելով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին պատգամավորը նկատեց. «Ի՞նչ եք անում դրամի հետ: Ձեզ ինչի համար ենք պահում, եթե մի կոպեկ փող չեք տալիս բյուջեին: Ամբողջ կյանքում ձեզ պետք է սովորեցնենք, այդպես էլ չեք սովորում: «Մեզ եկել հին ու նոր տնտեսագիտություն եք սովորեցնում: Երիտասա՛րդ, հիշեք՝ ես ժամանակին համաձայնություն եմ տվել՝ Ձեզ, Վաչե Գաբրիելյանին ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու, ընտրել, ուղարկել ենք Բոստոն: Հաշիվ տվեք, թե ինչ եք խոսում»:

 

Ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատգամավորի կարծիքով մենք հայտնվելու ենք փակուղու մեջ, քանի որ իշխանությունների սխալ ու հանցավոր քաղաքականությունը, ինչպես նաև վերարտադրման սահմանադրափոխության ծրագիրը, շատ թանկ է նստելու ժողովրդի ու տնտեսության վրա՝ ավելացնելով տնտեսական նորանոր ավերումներ ու արտագաղթի նոր ալիք:

 

Քննարկումները շարունակվեցին և Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի միջև: Միքայել Մելքումյանը Ալեքսանդր Արզումանյանից մի քանի անգամ պահանջեց չոգևորվել: Մինչ Մելքումյանը Ռուբեն Ջաղինյանին առաջարկում էր հետևել ռուսական Առաջին ալիքի օրինակին՝ կարևոր իրադարձությունների ժամանակ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Առաջին ալիքով, տեղից արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը. «Մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա»: Մելքումյանն էլ Արզումանյանին ի պխատասխան ասաց. «ի՞նչ եք ոգևորվել, Ձեզ կոռեկտ պահեք ու չոգևորվեք սրանից հետո»: 

 

Դե իսկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը չպետք է դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ: «Սա համակարգային փոփոխություններ է առաջացնում և դա չպետք է դիտել դեմ-կողմ տիրույթում»:  

 

Անցնող շաբաթը լարված էր ոչ միայն քաղաքական, այլև հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց: Լարվածությունը պահպանվել է նաև հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

 

Կրկին անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական տարածքային կառույցը որոշում է կայացնում Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ «ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,-ասաց Բաբայանը:

 

Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:

Հրամանագրում նշված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը' որոշում ե մ.

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտ եմբերի 6-ին:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը, բոլոր նրանց, ովքեր կողմ էին քվեարկել Սահմանադրությանը, դավաճան էին անվանել, հայտարարեց. «Իսկ ո՞վ ասաց, որ դավաճան չեն նրանք, ովքեր գիտեն, որ Սահմանադրությունը հասնելու է հանրաքվեի, բայց չեն փորձում այդ սահմանադրության վրա աշխատել և բարեփոխել: Եթե որևէ քաղաքական ուժ այդպես է արտահայտվում, ապա դա այդ քաղաքական ուժի մասին ոչ մի լավ բան չի ասում»: 

 

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ Վարդանյանի՝ իրենք կողմնակից են որպեսզի քարոզարշավը երկու կողմերի՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար լինի հավասար: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայմանները լինեն հավասար, իսկ հանրաքվեն լինի թափանցիկ և արդար»,- նշեց Վարդանյանը: 

 

Իրենց հերթին «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են. հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու. «Մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու համոզված ենք՝ դրանց արդյունքում ունենալու ենք ավելի մեծ ներկայացվածություն ձևավորվելիք խորհրդարանում»,- ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

 

Լրագրողների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակում փոփոխվել է բոլոր քաղաքական ուժերի կողմից քննարկումների առարկա դարձած 89-րդ հոդվածը: «Նախկին ձևակերպմամբ, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որևէ քաղաքական ուժ չէր հավաքում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա պետք է անցկացվեր երկրորդ փուլը, որին պետք է մասնակցեին առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Սակայն վերջնական ձևակերպմամբ հստակեցվել է այն իրողությունը, որ կայուն մեծամասնության համար անհրաժեշտ քանակությամբ քվեներ չստացված կուսակցությունը պետք է ձևավորի քաղաքական կոալիցիա, իսկ երկրորդ փուլի առկայությունը դառնում է բացառություն, այլ ոչ թե օրինաչափություն»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը' հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրությունների երկրորդ փուլին քաղաքական ուժերը կարող են մասնակցել դաշինքներով: «Ես պետք է հիշեցնեմ, որ վերջին 25 տարում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայն համամասնական ընտրակարգով հավաքել ձայների 50 տոկոսը»,- ընդգծեց Մինասյանը:

Բանախոսի պնդմամբ' երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ Նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ թե ընտրիչների ժողովը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության հետ կապված դրույթը նույնպես փոփոխվեց, և այժմ Ազգային ժողովի նախագահը չի ընտրվում խորհրդարանի գործունեության ողջ ժամկետի համար, և եթե փոխվի խորհրդարանական մեծամասնությունը, ապա կփոխվի նաև խորհրդարանի նախագահը: Բացի այդ' ՀՀ վարչապետին առաջադրում են խորհրդարանական ուժերը, այլ ոչ թե միայն ԱԺ նախագահը»,-նշեց Մինասյանը:

 

ԿԸՀ-ն հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը:

Հանրաքվեի քարոզչության ժամանահատվածն սկսվում է 2015 թվականի հոկտեմբերի 10-ից և ավարտվում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին:

 

Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները' անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Հետևաբար, ժամկետը լրանում է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին:

 

Տեղամասերը կկազմավորվեն մինչև 2015 հոկտեմբերի 22-ը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն տեղամասային կենտրոննում քվերակությունից 40 օր առաջ' 2015 թվականի հոկտեմբերի 17-ին:

 

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը' անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծում դատական իշխանության վերաբերյալ ամրագրված նոր դրույթներին ասաց. «Սահմանադրական մակարդակով շեշտը դրվել է դատական համակարգի գործառույթների հստակեցման, ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների խնդրի արդյունավետ լուծման վրա: Ձգտել ենք ապահովել այնպիսի ընթացակարգեր, որոնք կկարողանան դինամիկայում ե րաշխավորել դատական իշխանության անկախությունը' անհրաժեշտ հակակշիռների, զսպումների մեխանիզմի միջոցով»,- նշեց Հարությունյանը:

 

Նախագծում ամրագրված դրույթներով կմեծանա նաև Սահմանադրական դատարանի դերակատարությունը: Սահմանադրական դատարանն այլևս իրավասու է լինելու քննել դատարանի և իշխանության այլ մարմինների միջև լիազորությունների հարցով ծագած վեճերը: Հստակեցվել են դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները և պարտականությունները:

 

Մյուս փոփոխությունն այն է, որ որևէ իրավական նորմի սահմանդրականության վերաբերյալ հիմնարար կասկած ունենալու դեպքում դատարանները հնարավորություն կունենան դիմել սահմանադրական դատարան, և նրանց միջնորդությունը քննության կառնվի կոնկրետ այդ գործի քննության համար: «Սա որակապես նոր վիճակ է: Սահմանադրական դատարանն անհատական դիմումները քննելիս ոչ միայն գնահատելու է նորմի սահմանադրականությունը, այլև իրավակիրառման պրակտիկայում դրան տված մեկնաբանությունը, որը նույնպես չափազանց կարևոր է»,- ընդգծեց ՍԴ նախագահը' հավելելով, որ Սա հմանադրական դատարանի քննության առարկա են դառնալու նաև բոլոր տեսակի իրավական ակտերը:

 

իրավիճակը սրվել է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Հոկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 03.05-ի սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:


Բացի վերոնշյալ գործողությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:

 

Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե հայկական կող մը գիշերը ադրբեջանական տեղի ունեցած մարտերի ժամանակ կորուստներ է ունեցել. այն իրականությանը չի համապատասխանում: «Հայկական կողմը զոհեր չի տվել, սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական դիտավորյալ ապատեղեկատվությունն է: Ըստ նախնական տվյալների' ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Իրենք այս պահին հայտարարում են մեկ վիրավորի մասին»,- հայտնեց Սենոր Հասրաթյանը:

 

Նելլի Ալեքսանյան