Հայաստանում անցնող շաբաթ այնքան էլ ակտիվ իրադարձություններ տեղի չունեցան, ինչը բնորոշ է ամառային ամիսներին ու արձակուրդային շրջանին: Փոխարենը մի շարք կարևորագույն իրադարձություններ արձանագրվեցին արտերկրում: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը:

 

Կալիֆորնիայի սենատը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

 

Կալիֆորնիայի սենատն օգոստոսի 28-ին ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սենատը բանաձևնընդունեց 23/0 ձայների հարաբերակցությամբ: Նման որոշումը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակեց որպես մեծ հաղթանակ' հավելելով, որ Արցախի ճանաչման հարցը Կալիֆորնիայում հասել է վերջնագծին: «Սա փաստում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ հետագայում էլ պետք է ունենանք հաջողություններ»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ Ստեփանակերտը ճանաչման ուղղությամբ շարունակելու է աշխատել եւ ամեն ինչ արվելու է ընդլայնելու ճանաչման աշխարհագրությունը:

 

Որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով բանաձևի ընդունման փաստը' վերջինս նշեց, որ համանման որոշումներն ու բանաձևերը ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան էլ նշեց, որ Սենատի որոշումն ամրագրում է Արցախի սուբյեկտությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով' Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը խոսում է այն մասին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի:

 

Կալիֆորնիայի Սենատի բանաձևը հերթական հիստերիան առաջացրեց Բաքվում: Որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ-ը: Արտաքաին գերատեսչության խոսնակ Էլման Աբդուլլաևը Սենատի անդամներին մեղադրեց հայկական լոբբիստական կազմակերպությունների համար աշխատելու մեջ: Հայտարարություն տարածեց նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Հայտարարության մեջ Ադրբեջանի ներկայացուցիչներն անընդունելի էին համարել որոշումը' մեղադրելով ԱՄՆ-ին ժողովրդավարութ յան և քաղաքական համակարգերում թերացումների մեջ:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Նախորդ շաբաթ ևս Ադրբեջանը շարունակում էր պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, իսկ հակամարտության կարգավորման թեման շարունակեց մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը պետք է անմիջական մասնակցություն ունենան հակամարտության կարգավորմանը:

 

Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը հանդես եկավ հայտարարությամբ' կոչ անելով վերջ տալ արյունահեղությանը ԼՂ հակամարտության գոտում: «Կանադայում վստահ են, որ նման խնդիրների լուծման լավագույն ուղին բանակցությունն ու երկխոսությունն է: Ժամանակն է, որ տարածաշրջանի առաջնորդները հետամուտ լինեն, որ հաստատվի խաղաղություն եւ երկխոսություն: Չափից շատ արյուն է հոսել ոչ լավ բանի համար»,- նշել էր խորհրդարանականը:

 

Ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխեցին երրորդ երկիր: Լուրը նախ հայտնեցին Ինջիղուլյանի հարազատները, ապա այն հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը: Նրա խոսքով' օգոստոսի 26-ին Կարմիր Խաչն իրազեկվել է, որ 2013թ. օգոստոսից 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը'տեղափոխվելով երրորդ երկիր:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ հղեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին' Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ: Օմբուդսմենը կոչ արեց Նավի Փիլեյին անմասն չմնալ և հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նպաստել Կարեն Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը և սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին հանձնեց ՀՀ Նախագահի' 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

 

Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Նալբանդյանի Անկարա մեկնելու փաստը ևս առանց արձագանքի չմնաց Ադրբեջանում: Առաջին բացասական արձագանքն Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արեց խորհրդարանի իր պատգամավոր Այդըն Միրզազադեի միջոցով: «Թուրքերի թշնամուն պետական տոնին հրավիրելու պատճառը հասկանալի չէ: Պարզ չէ, թե Հայաստանի ղեկավարին հրավիրելով Էրդողանի երդմնակալությանը' ինչ է ուզում ձեռք բերել Թուրքիան»:

 

Նալբանդյանի այցը Թուրքիա, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից Էրդողանին արված պաշտոնական հրավեր-նամակը վերջինիս փոխանցելու հարցը լայնորեն քննարկվեց նաև թուրքական թերթերում:

Էրդողանի երդմնակալությունն էլ առանց միջադեպերի չանցավ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Մեջլիսում բոյկոտեց երկրի 12-րդ նախագահի երդմնակալության արարողությունը: Հանրապետական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը, դժգոհելով այն փաստից, որ մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքն իրեն խոսքի իրավունք չի տվել, դեն էր նետել Մեջլիսի ներքին կանոնակարգը: Այնուհետև Ալթայը իր կուսակիցների հետ դուրս էին եկել դահլիճից, որտեղ տեղի էր ունենում երդմնակալության արարողությունը:

 

ՀՀ կառավարության հերթական նիստում

 

ՀՀ կառավարության այս շաբաթվա նիստում արդիկան էր նոր ուսումնական տարվա մեկնարկի թեման: Թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս տեղեկացրեց, որ հանրապետության դպրոցներում սեպտեմբերի 1-ին առաջին դասարան կհաճախի 40 հազար աշակերտ: Նոր ուսումնական տարվա նորամուծություններից է հանրապետության 10 դպրոցներում ազգային երգուպար առարկայի փորձնական դասավանդումը: ԿԳ նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ սեպտեմբերից մեկից առաջ հանդիպել է նաև բուհերի ռեկտորների հետ, քննարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, միջազգային ծրագրերում ներգրավմանը վերաբերվող և կազմակերպչական այլ հարցեր:

 

Գործադիրի նիստում «Միկա» մարզահամալիրը փոխանցվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը:

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ' Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար որոշ տարածքներ հայտարարվեցին հանրային գերակա շահ: Նշվեց, որ համապատասխան տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ' գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառի սեփականատերերին:

 

Ուկրաինա

 

Անցնող շաբաթ բոլորի ուշադրությունը բևեռված էր Մինսկում Մաքսային միության երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահի հանդիպմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին: Պյոտր Պորոշենկոն հույս հայտնեց, որ հանդիպման արդյունքը կլինի ուկրաինական հողում խաղաղության հաստատումը: Իր հերթին, ՌԴ նախագահ Պուտինը նշեց, որ իր երկիրը մշտապես հարգել ու հարգելու է այլ երկրների ընտրությունը, բայց ոչ ի վնաս այլ պետությունների ու ՌԴ-ի հաշվին: Միաժամանակ, ՌԴ նախագահն օգտակար համարեց ՄՄ-ի և Ուկրաինայի մ իջև առևտրաշրջանառության ծավալների աճը, սակայն կասկած հայտնեց, որ դա հնարավոր կլինի Ուկրաինայի'Եվրամիության հետ ասոցացման պայմաններում: Բացի այդ, Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը վստահ է' Ուկրաինայի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային տարբերակով:

 

Վլադիմիր Պուտինը դրական գնահատեց ուկրաինացի պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները: «Ամեն ինչ գնահատում ենք դրականորեն: Ես իրոք չգիտեմ, թե դա ինչով կվերջանա: Բայց համենայն դեպս, մենք հնարավորություն ունեցանք մեկ անգամ եւս ձեւակերպելու մեր մտահոգությունները, եւ մենք համաձայնության եկանք, որ կինտեսիվացենենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն կազմով եւ կջանանք մինչեւ սեպտեմբերի 12-ը ձեւակերպել, եթե կարողանանք, առաջարկությունները»,-ասել էր ՌԴ նախագահը:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ, անդրադառնալով Մինսկի հանդիպմանը, նշեց, որ հանդիպումների արդյունքներն Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման հնարավորության հույս են տալիս: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրգհալտերը' կոչ անելով թույլ չտալ Ուկրաինայի իրադրության հետագա էսկալացում:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեցին Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հայտարարեց, որ չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ուժեղացում: «Եվրոպան կշարունակի պատժամիջոցները, նույնիսկ կարող է դրանք ուժեղացնել իրադրության էսկալացման դեպքում: Ես դա չեմ ցանկանում, քանի որ դա չի բխում մեր շահերից եւ Ռուսաստանի շահերից»,- օգոստոսի 28-ին Փարիզում ասել էր Օլանդը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվեց Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ին առընթեր Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդա Մուրմոկայտեն հայտարարեց, որ փաստաթղթում հաշվի չեն առնված մի քանի պահեր: Մասնավորապես, նրա կարծիքով, աշխարհազորայինները խոչընդոտել են Կիևից մարդասիրական օգնության մատակարարումներին:

 

Ուկրաինայի իրադրության վերաբերյալ արտապլանային նիստ գումարեց նաև ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողով: Ամփոփելով նիստը' Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ Ուկրաինան կկարողանա անդամագրվել ՆԱՏՕ-ին, եթե նա դա ցանականա եւ եթե համապատասխանի դաշինքի չափանիշներին:

 

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքին կոչ արեց գիտակցել, որ Ուկրաինայի իշխանությունների մոտ չի ստացվում կարգ հաստատել երկրում, եւ Կիեւին հարկադրել՝ հանգամանալի բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ-արեւելքի հետ:

 

Շախմատ

 

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անցնող շաբաթ մեկնարկեց ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատային մրցաշարում: Մրցաշարի առաջին հանդիպումն Արոնյանն անցկացրեց Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և 40-րդ քայլին շախմատիտսները կիսեցին միավորը: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ արդեն երրորդ տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով զիջեց Մաքսիմ Լագրավին: