Անցնող շաբաթ ՀՀ ներքաղաքական կյանքը հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով: Հատկապես սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումները շարունակեցին մնալ օրակարգում: Նոյեմբերի 16-ին մեկնարկեց ԱԺ նիստը, որի առանցքային թեման ՀՀ Սահմանդրական բարեփոխումների հարցն էր: Անդրադառնալով թեմային՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմեց ԱԺ նախագահին. «Քանի որ Դուք ու մեծամասնության այլ պատգամավորներ կարևորել եք սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը՝ չե՞ք կարծում, որ պետք է բացատրություններ պահանջեիք»:
«Սա պաշտոնական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքն է, եթե հիշենք նաև իր՝ իշխող կուսակցության փոխնախագահի մասնակցությունը Հանրային հեռուստատեսության բանավիճային հաղորդման վարողի դերում, ինչը խախտում է Հանրային հեռուստատեսության հավասարության և անկողմնակալության սկզբունքը»,- նկատեց Զուրաբյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց որովհետև վերջինիս խոսափողն անջատեցին:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հիշեց, որ մի առիթով խոստացել է, որ Զուրաբյանի խոսափողը չի աշխատելու ու հավելեց. «Սա օրակարգի հետ ընդհանրապես կապ չունի, բայց ձեր խոսքից ես հիշեցի՝ մինչև 1996-97թթ. այսդպիսի բաներ եղել են, բայց եթե այսօր կրկնվում են, ապա պետք է ինֆորմացիան ստուգել՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության առաքելության մասին խոսելիս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Գալուստ Սահակյանին. «ԵԽԽՎ ընդունած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրն ինքնին ցույց է տալիս դրա խայտառակության չափը:Դուք հրավիրե՞լ եք Ձեզ մոտ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին և փորձե՞լ եք տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և ի՞նչ դեր ունի սրանում մեր պատվիրակությունը: Չե՞ք կարծում, որ և՛ խորհրդարանը, և՛ հանրությունը պետք է ունենան ամբողջական պատասխաններ»:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Շատ ինֆորմացված եմ հարցի խնդրով, ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտակառկություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք՝ արդյոք հանձնաժողովն ինչպիսի գործունեություն է ծավալել: Ես դրական եմ համարում նրանց գործունեությունը: Այսօր էլ մենք միջոցներ են ձեռնարկում, որպեսզի հունվարին կայանալիք լիագումար նիստում կարողանանք ավելի գործուն մասնակցություն ունենալ: Նման խնդիրներն ԱԺ պատվիրակությունը, բնականաբար, միայնակ չէր կարողանալու լուծել»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ զրուցել է բացառապես զեկույցի մասին, նա ասել է, որ այդ «աբսուրդին անհրաժեշտ է վերջ տալ»:
«Մենք այս պահին գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եթե մտածում եք, որ մեր խորհրդարանը կամ պատվիրակությունը պիտի կարողանար միանգամից հաղթահարելի դարձնել այդ երևույթը, ես դրա կողմնակիցը չեմ: Ես չեմ ուզում ո՛չ պաշտպանվող, ո՛չ վարկաբեկող խոսքեր լսել այդ առումով»:
ԱԺ նախագահը կրկնեց, որ մեր՝ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներից կազմած պատվիրակության աշխատանքը դրական է գնահատում, քանի որ նրանց հաջողվել է 16 պատվիրակի բացատրել խնդրի էությունը:
«Կարծում եմ՝ սա այն իրավիճակն է, որը չի կարելի համարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներքին հարց»: Այս մասին Ազգային ժողովում՝ ի պատասխան Գալուստ Սահակյանի այն խոսքերի, թե ինքը տեղեկացված է ԵԽԽՎ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես համաձայն եմ, որ կարիք չկա վհուկների որս սկսելու, բայց երկու հարցի վերաբերյալ Ազգային ժողովը և հանրությունը պետք է շատ հստակ պատասխաններ ստանան: Առաջին՝ որքանո՞վ է ԵԽԽՎ-ում արդյունավետ աշխատել հայաստանյան պատվիրակությունը՝ որպես ամբողջություն և այդ պատվիրակության անդամներից յուրաքանչյուրն առանձին-առանձին: Եվ երկրորդ՝ որքանով են Արտգործնախարարությունն ու պատվիրակությունն այս հարցում համագործակցել իրար հետ և համագործակցե՞լ են արդյոք»,- հարցրեց Փաշինյանը:
Պատգամավորը մտավախություն հայտնեց, որ մեր արտաքին քաղաքական ձախողումները մենք կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ:
«Այս մեկնաբանությունից զերծ չեն բազմաթիվ քաղաքական գործիչներ: Այս կապակցությամբ այլ բան ասել չի լինում՝ եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե չարժե՞ պատվիրակություն ուղարկել ընդհանրապես, պատվիրակության ծախսերի փողով գուցե խավիար գնենք և ուղարկենք ԵԽԽՎ»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Պատվիրակության առանձին անդամներ կպատասխանեն Ձեր հարցին և հետո՝ խավիարը այս դեպքում չի կարելի որդեգրել որպես հաղթանակի միջոց, ոչ էլ պարտության միջոց, առանց էդ էլ մենք չենք կարողանում օգտվել էդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ տեսակետ հայտնեց. կարծում է՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն աշխատում է «միլի մեջլիսի» ռեժիմով. «Եթե կան պատգամավորներ, ովքեր կարող են տվյալ ռեժիմով աշխատել առավել արդյունավետ, քննարկենք այդ հարցը»,- նշեց պատգամավորը:
***
Ազգային ժողովի հերթական նիստում Սահմանադրության քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դիմեց Գալուստ Սահակյանին և կոչ արեց գրագիտության դասեր չտալ.
«Պարոն Սահակյան, արդեն 2-3 անգամ, հանիրավի կպնում եք և՛ Ձեր կենսագրությանը, և՛ «ոչ»-ին: Դուք արդեն գրագիտության դասեր եք ուզում տաք, որ կարդացել ենք, չենք կադացել: Ուզո՞ւմ եք 2 ժամ այստեղ դասախոսություն կարդամ Ձեր ներկայացած Սահմանադրության ոչ նորմալ դրւույթների մասին, ձեր գործով, ձեր «այո»-ով զբաղվեք: Ձեր քարոզն ամբողջությամբ մեր իշխանության և «ոչ»-ի դեմ է: Ձեր «այո»-ն գովազդեք, ձեր «այո»-ն քարոզեք, նորմալ օրենքներով, օրենքները պահպանելով, ոչ թե խախտելով և՛ վարչական սկզբունքները, և՛ միջազգային սկզբունքները, և՛ օրենսդրությունը: Մոռացեք մեր կենսագրությունը և ձերը, ձերն սկսվում է 1998-ից, դրանից էնկողմ դուք չեք եղել: Ձեր գործն արեք «այո»-ի վրա, ոչ թե «ոչ»-ի դեմ: Այստեղ դասեր մի տվեք, թե չենք կարդացել, շատ էլ լավ կարդացել ենք, գիտենք, որ վատ բան է, դրա համար էլ «ոչ» ենք ասում, ոչ թե չենք կարդացել»,- վրդովվեց պատգամավորը:
«Ես խնդրում եմ իմ կենսագրության մեջ չտեղավորվեք, որովհետև այնտեղ Ձեզ համար հարմար անկյուն չկա և չէր էլ կարող լինել: Մինչև այս օրերն ընդհանրապես «ոչ»-ին ուշադրություն չէի դարձնում, Ձեր խոսքից հետո ուշադրություն կդարձնեմ, թե այդ «ոչ»-ն ինչ է, ինչ է հետազոտում, ինչ արգումենտներ ունի, անտեղի տեղը մի վիրավորվեք և իմ կենսագրությունը թողեք իմ ընկերներին, իմ ընտանիքին, իմ թիմին, մի համեմատվեք որևէ մեկի կենսագրության հետ, առավել ևս՝ Դուք»,- պատասխանեց Սահակյանը:
Խոսելով դպրոցներում «Այո»-ի քարոզի մասին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին. «Նման ճնշումները ծնողների վրա, Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն, ենթադրում է քրեական պատասխանատվություն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար և պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ»:
Լևոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց Արմեն Աշոտյանից բացատրություններ ստանալ, ով, Զուրաբյանի խոսքով, «ստացվում է, որ մարդկանց զանգվածաբար դրդում է հանցագործություններ կատարելու»:
«Ինչ բերաբերոմ է 1996 թվականին, ապա ուզում եմ նորից հիշեցնել՝ բոլոր այդ տարիներին գործած հանցանքների համար առաջին հերթին պատասխանատվությունը կրում եք նաև դուք, ձեր քաղաքական ուժը և Դուք անձամբ, պարո՛ն Սահակյան»,- ասաց Զուրաբյանը:
«Ես կարծում եմ՝ Ձեր խոսքն ուղղված է Արմեն Աշոտյանին, և չեմ էլ պատրաստվում իր փոխարեն պատասխանել, քանի որ գիտեմ՝ հումորն ու սատիրան ըստ արժանվույն հետևանքներ կունենան նաև Ձեր հայացքների վրա: Վաղուց, ղեկավարման պրոցեսում, վարչարարական պրոցեսում հիմնական դպրոցները ոչ թե ղեկավարում է անմիջապես Աշոտյանը, այլ նաև հիմնականում դրանք դպրոցի տնօրեններն են, մարզպետներն են, այնպես որ՝ Ձեր ասելով ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչ պատգամավորը չպիտի մասնակցեն, ուսուցիչները չպիտի մասնակցեն, կառավարության անդամները կարծիք չպիտի ունենան, միայն Դո՞ւք պիտի ունենաք: Դա պրովոկացիոն հայտարարություն է, որևէ նման փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչն անձնազոհ ձևով գնում է խախտումների: Երկրորդն էլ՝ դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը պիտի խախտեն: Ասենք եթե ուսուցիչը մտածում է, որ «այո» պիտի ասի, խախտո՞ւմ է, սրանից հետո կասենք՝ ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի և «ոչ» կասի»,- պատասխանեց Սահակյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ունի իր քաղաքական և քաղաքացիական հայացքները, բայց հաղորդավարի կերպարի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու: Վերջինս անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդում վարելու փաստը քննադատած եվրոպացի փորձագետ Լորան Ռույի հայտարարությանը:
«Եթե ես էլ լինեի եվրոպացի փորձագետ, և որևէ այլ երկրում ինձ այդպիսի հարց տային, ես էլ կասեի նույն բանը: Այդ մարդուն ուղղորդված հարց տվեցին իրեն հաղորդած տեղեկատվության շրջանակում, և նա շատ ճիշտ պատասխանեց լրագրողի հարցին: Փորձագետների խնդիրն այն է, որ նման դեպքերում նրանք շատ են վստահում այն մարդկանց, ովքեր այդ պահին իրենց կողքին են: Իրականության մեջ դուք տեսաք, որ այդ հաղորդումը բացարձակապես կապ չունի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի հետ: Իհարկե, նոնսենս է, որ քարոզչության համար ստեղծված հաղորդումը վարում է այդ քարոզչության բևեռներից մեկը: Բայց, մենք պետք է դուրս գանք սահմանադրական փոփոխությունների քարոզչության հարթությունից, որովհետև այդ հաղորդաշարը ավելի երկար կյանք է ունենալու, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Իր իսկ խոսքերով նա անգամ կպայթի նյարդայնությունից, բայց երբեք չի խառնվի կողմերի բանավեճին: «Ես վստահեցնում եմ բոլորին, որ անգամ այն հաղորդումները, որոնք նվիրվելու են քաղաքականությանը, հարցադրումների տեսանկյունից լինելու են անաչառ: Ես ունեմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքները, բայց հաղորդավարի կերպարի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու»,- նշեց Աշոտյանն ու ավելացրեց՝ Հայաստանի կրթությանը և մնացած այլ թեմաներին վերաբերող հաղորդումները նկարահանվել են ավելի շուտ, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին վերաբերող հաղորդումները:
Ազգային ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՀՀ 2016 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրեց ոլորտի գերակա քաղաքականությունները:
Պարզվում է՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անհանգստացած է տեսախցիկների առատությունից: «Դուք մեր մասին եք անհանգստանո՞ւմ, չե՞ք ուզում «լևի» գնանք: Ամեն տեղ նկարում եք, ձեռ մի առեք, այ մարդ, տուալետ չենք կարում մտնենք»,-ասաց պատգամավորը:
Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով վերջ կդրվի որոշումների միանձնյա կայացման պրակտիկային, որի հնարավորությունը տալիս է երկրում գործող կառավարման համակարգը: Ներկա կառավարման մոդելով առաջին նախագահը կուսակցություն է փակել, երկրորդ նախագահը հեռուստաալիք է փակել, սակայն ոչ մեկ պատասխանատվություն չի կրել: Սա վատ համակարգ է: Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսպիսի տեսակետ հայտնեց «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:
«Այս նույն համակարգն է գործել, երբ առաջին նախագահը կուսակցություն է փակել, երկրորդ նախագահը հեռուստաալիք է փակել, և ոչ մեկ այդ արարքների համար պատասխանատվություն չի կրել»,- ասաց Թովմասյանը՝ ավելացնելով, որ այս նույն համակարգը հնարավորություն է տալիս «փակել բոլորի բերանը» ու ոչ մի պատասխանատվություն չկրել:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների հարցն իշխանության և ընդդիմության միջև կռիվ չէ: «Սա երկրի վաղվա օրվա կռիվ է»,-ասաց նա՝ հորդորելով բոլորին չփորձել նսեմացնել պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի կամ ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը, ովքեր պաշտպանում են փոփոխությունների նախագիծը: Հրայր Թովմասյանը նույնիսկ անկեղծացավ այնքան, որ խոստացավ մի օր գրի առնել, թե որքան հակասություններ են նա և մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամները ունեցել իշխանության հետ ներկայիս նախագծը կազմելու համար՝ շեշտելով, որ դեռ 1993թ. նա պայքարել է հանուն խորհրդարանական կառավարման մոդելի:
Ներկաներից մեկի դիտարկմանը, որ եթե շատ մարդիկ մասնագետ չեն և չեն հասկանում՝ որն է լավ, որը վատ, ինչպե՞ս կարող են ճիշտ ընտրություն կատարել, Թովմասյանը պատասխանեց, որ շատ զարգացած երկրներ հասկացել են դա և սահմանադրական փոփոխություններն այդ երկրներում այլևս չեն կատարվում հանրաքվեի միջոցով, սակայն ՀՀ գործող սահմանադրությունը պարտադրում է դա անել:
***
Նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: Գրում է Aravot.am-ը:
Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»: Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն. «Ոնց թե հնարավոր է»: Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի:
«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին:
***
ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 2016-ի պետական բյուջեն 2017-ի համար ոչ մի լավ բան չի կանխատեսում:
«Ինձ չի հետաքրքրում այն, որ տնտեսական աճն իջնում է, ծախսերը պակասում են կամ չէ, որովհետև վտանգավորն այն է, որ մյուս տարվա բյուջեն էլ ավելի է պակասելու: Մեր երկիրն օրեցօր հետ է գնալու, որովհետև բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականության մոդել: Այս կառավարությունն ամեն անգամ արձանագրում է, փորձում է օգնել, բայց մոտավորապես արժանանալու է նախորդ քաղաքականության բախտին, որովհետև նոր քաղաքականություն չի մշակել»,- ասաց Բագրատյանը:
Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի արդար և թափանցիկ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որոշելու, պետք են երկրում սահմանադրական բարեփոխումները, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին: «Ես ողջունում եմ այն հանգամանքը, որ մենք հնարավորություն ունենք խոսել քաղաքացիների հետ, նրանց տեղյակ պահել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Բարձր եմ գնահատում քարոզարշավի ընթացքը, որի շրջանակներում «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ծանոթացնում են նրանց գործընթացի հետ, նաև լսում են նրանց խնդիրները»,-նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորին կոչ է արեց դիմել իրեն, եթե որևէ համայնքի ղեկավար, մարզպետ նրանց կստիպի մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին և «այո» քվեարկել: Նա վստահեցրեց, որ «այո»-ի կենտրոնական շտաբի կողմից որևէ ցուցում չի գնացել տեղական շտաբերին, թե պետք է մարդկանց ստիպել, որ մասնակցեն հանրաքվեին և «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին: «Ես կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին դիմել ինձ, եթե որևէ մարզպետ, համայնքի ղեկավար, տեղական շտաբի ղեկավար նրանց կստիպի գնալ և «այո» ասել սահմ անադրական բարեփոխումներին: Ես խոստանում եմ լինել օբյեկտիվ և պատժել նման անձանց»,- ընդգծեց վարչապետը:
Վարչապետի համար զարմանալի է, որ «ոչ»-ի անդամներն իրեն մեղադրում են Արագածոտնի մարզում «այո»-ի քարոզչությանը մասնակցելու մեջ: «Ես որևէ կապ չունեի այդ շոուների հետ: Ես այցելել էի քամու հետևանքով առաջացած իրավիճակին տեղում ծանոթանալու և ընդհանրապես իմ ողջ խոսակցությունը ձայնագրվել է լրագրողների կողմից: Ես այդ օրը որևէ քաղաքացու հետ սահմանադրական բարեփոխումներից չեմ խոսել, «այո»-ի քարոզ չեմ տարել»,- ասաց Աբրահամյանը:
Վարչապետը նաև պատգամավորներին կոչ արեց Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել ճիշտ տեղեկատվություն հաղորդելու, այլ ոչ թե օդի մեջ ինչ-որ հայտարարությոնւներ անելու համար:
***
ԱԺ հերթական նիստում հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյան էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը:
Պատգամավորը սեփական հաշվարկներից հետո նկատում է, որ միայն Երևանի դեպքում 1,8-2 դրամ կարող է իջնել էլ սակագինը, իսկ հանրապետության կտրվածքով՝ 4 դրամով:
«Ոչ, հնարավոր չենք համարում, որովհետեւ ձեր կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված չէ, փաստաթղթավորված չէ: Եթե կան կորուստներ, ապա դրանք հաստատված չեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից».- պատասխանեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նա Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում է վարում:
«Դուք հայկական քաղաքական շոու-բիզնեսում ձեր տեղն ունեք եւ դրա տիրուհին եք, ուրախ ենք, որ նման աստղ կունենանք մեր տաղավարում»,- պատգամավորի հարցին պատասխանել է Արմեն Աշոտյանը:
Գագիկ Մելիքյանն էլ իր հերթին Փոստանջյանի հասցեին ասաց. «Չափերն անցնում են. մեր շարքերում ծնվել է երկգլխանի դևուհին»:
Պատգամավոր, «Ոչ»-ի դիրքերից հանդես եկող Լևոն Զուրաբյանը նկատում է, որ ամեն օր «ոչ»-ի կողմնակիցներն աճում են։ «Այստեղ երկու ֆենոմեն կա՝ և՛ «ոչ»-ի կողմնակիցներն են աճում՝ քանակը նկատի ունեմ, և՛ իրենց մեջ այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են գնալ և ակտիվորեն քվեարկել դեմ»,- վստահաբար պնդում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, թե իշխանություններն իրենց նվազագույն անցողիկ «այո»-ների քանակը, ի հաշիվ պետական սեկտորի աշխատողների, կարծես թե, ունեն, Զուրաբյանը զարմացավ․ «Ո՞վ է ասում, դա ի՞նչ հաշվարկ է, հենց պետական ապարատի 90 տոկոսը գնալու է «ոչ» ասի»։
Պատգամավորի կարծիքով' հենց պետական ապարատում գտնվում է այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր շատ լավ գիտեն, որ պետական կառավարման արդյունավետությունն էականորեն պակասելու է, և միայն այն պատճառով, որ դա պետք է Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը պահելու համար։
«Մասսայաբար մոտենում են մեր վստահված անձնանց՝ կաշառելու փորձով»,- ասում է ՀԱԿ պատգամավորը։
«Այո»-ի կողմնակից, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյանն էլ կարծում է, որ մարզային այցելությունները ցույց են տվել, որ ժողովրդի մոտ առկա է իրազեկվածության պակաս, սակայն պետք է փաստել, որ նախագծի ընձեռած հնարավորությունները ներկայացնելիս ներկաների ճնշող մեծամասնության մոտ գերիշխում է դրական քվեարկելու տրամադրվածությունը:
Նրա համոզմամբ՝ հենց Սահմանադրական բարեփոխումներն ու դրանում ամրագրված կետերն են, որ իրական հնարավորություններ են ստեղծում լուծելու այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև:
«Մենք կողմ ենք այս համակարգին, որովհետև սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել կիսապատերազմական մեր երկրում, եթե նախագահը որոշումներ կայացնելիս չունենա խորհրդարանական մեծամասնության հավանությունը:
Առաջին անգամ Սահմանադրությամբ ընդդիմությունը ստանում է քաղաքական ծանրակշիռ ազդեցության հնարավորություն, երբ կարևորագույն որոշումների ժամանակ անհրաժեշտ է խորհրդարանի 3/5-ի դրական եզրակացությունը»,- ասաց Բասմաջյանը հավելելով՝ «Մեր երկրին բարեփոխումներն անհրաժեշտ են»:
***
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների փակ նիստում քննարկվել են տարածաշրջանային, միջազգային, Հայաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հարցին, թե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունված հակահայկական զեկույցին անդրադարձ եղե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բոլոր հարցերին էլ անդրադարձ եղել է: Ես նաև հարցազրույց եմ տվել «Առավոտ» օրաթերթին, որը կհրապարակվի վաղը: Ես այդ հարցազրույցում պատասխանել եմ բոլոր հարցերին»,- ասաց Նալբանդյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի հարցը: Նախարարը նշեց, որ մինչև տարվա վերջ տրվելու է բանակցությունների մեկնարկը՝ կարծիք հայտնելով, որ ԵՄ-ի հետ բանակցելու փորձը հնարավորություն կտա, որ այդ բանակցություններն արագ ընթացք ունենան:
Ազգային ժողովում կայացած փակ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հակահայկական զեկույցի ընդունման մեջ մեղադրել վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը, սակայն այն կարծիքին է, որ հարկավոր է պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու քայլեր ձեռնարկել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ բոլոր օղակներով համադրված աշխատանք կատարելու խնդիր կա: «Այս դեպքում խոսքը Արտաքին գործերի նախարարության, դեսպանությունների մասին է: Նաև մենք՝ պատգամավորներս, անելիք ունենք այստեղ: Բոլորս պետք է համադրված աշխատենք, որպեսզի բացառենք նման խայտառակ զեկույցների ընդունումը: Տեսեք, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդգրկված է 83 պատգամավոր, սակայն այդ նիստին, որում ընդունվել է այդ հակահայկական զեկույցը, մասնակցել է 40 պատգամավոր: Արդյոք մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք բացակա 43-ից գոնե 20-ին խնդրի մասին իրազեկելու, որպեսզի նրանք էլ ներկա լինեին նիստին և քվեարկեին այդ զեկույցի դեմ: Ահա այստեղ է, որ մենք պետք է համադրված աշխատանք տանենք»,- նշեց Վարդանյանը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ մինչև ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստը, որտեղ քննարկվելու է քաղաքական հանձնաժողովի ընդունած խայտառակ զեկույցը, Հայաստանի խորհրդարանը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ, որպեսզի Եվրոպայում հասկանան, որ գործ ունեն պետության հետ: «Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումն այս հարցում: Մեր պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում նիստերի դահլիճում արդեն հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել Մեջլիսում: Մեր խորհրդարանն էլ պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը մինչև լիագումար նիստ»,- եզրափակեց Վարդանյանը:
***
«Ոˊչ»-ի քարոզարշավը ձնագնդիի նման աճում է. Ազատության հրապարակում նոյեմբերի 20-ին հանրահավաք էր կազմակերպել «Ոչ»-ի ճակատը: Ազատության հրապարակում էին «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ–ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները։
«Ոչ»-ի ճակատի հանրահավաքն ավարտվեց ավանդույթ դարձած երթով: Այն ուղեկցվեց «Միացում», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Սերժիˊկ, հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը.
Մեր ժողովրդի ակնհայտ ջախջախից մեծամասնությունը «Ոˊչ» է ասում սահմանադրական փոփոխություններին, ժողովուրդը կողմնորոշվել է̀ «Ոˊչ» է ասում Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին: Շնորհիվ կրեատիվ մոտեցումների «Ոˊչ»-ի քարոզարշավը ձնագնդիի նման աճում է. հաջողվել է գրավել ոչ միայն իշխանությունից ավանդաբար դժջգոհ հատվածին, այլ երիտասարդներին, բիզնեսմեններին:
«Ոˊչ»-ի շարժումը հաղթանակած է.
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը.
Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոփոխի:
Առաջին հերթին մեզ պետք է իշխանությունը ձևավորել համաձայն սահմանադրության̀ ազատ, անկախ ընտրությունների միջոցով: Պետք է կյանքի կոչել Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածը, որի համաձայն ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ազատ, անկախ ընտրությունների միջոցով: «Ոˊչ» ասելով̀ մենք ոˊչ ենք ասում իշխանության յուրացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված ազնիվ, անկաշկանդ իշխանություն:
Ելույթ ունեցավ «Չեˊք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը.
Իշխանությունները չկարողացան սահմանադրական փոփոխությունների հարցով դաշտ նետել արհեստական նախաձեռնություն, որն ինչ որ պահի կմասնակցեր Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիայի:
Դաշտում մնացին նրանք, ովքեր համերաշխ էին սահմանադրական փոփոխությունները մերժելու գաղափարին:
Մոտ 700ˊ000 «Այո»- ի ապահովումն իշխանությունների համար բարդագույն խնդիր է: Գնալով համոզվում ենք, որ իշխանությունների վարկանիշը 0 է, և «ոչ»-ի համակիրների ակտիվ մասնակցության դեպքում իշխանության վերարտադրության պլանը ուղղակի կտապալվի: Պեˊտք է գնալ քվեարկության, պեˊտք է դեկտեմբերի 6-ը դարձնել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համաժողովրդական քվեարկության օր:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը.
Էս իշխանությունը վախենում է ռեալ մարդուց, որոնք այստեղ կանգնած են: Լավ կլիներ, որ մյուսներն էլ մեր կողքին լինեին՝ այստեղ կանգնած: Մենք ունենք երկու հակառակաորդ՝ Սերժն է ու մեր անտարբերությունը: Ես չգիտեմ՝ որն է ուժեղ սրանցից, բայց այս երկուսը գումարած իրար, մեզ կարող են հաղթել:
Օրեր առաջ երկրորդ նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է իր դիրքորոշումը. մեջբերում. «Հարց. Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:
Պատասխան. Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը:
Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:
Իր հերթին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, թե սահմանադրական բարեփոխումներն արվում են մեկ կուսակցության իշխանությունն ապահովելու համար: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանը նկատեց' եթե գործող Սահմանադրությամբ կան բոլոր հնարավորությոնւնը իշխանության վերարտադրության համար, ապա առաջարկվող փոփոխություններով ս տեղծվում են առանց ցնցումների իշխանափոխության մեխանիզմներ: «Գործող Սահմանադրության ամենագլխավոր թերությունն այն է, որ այն ապահովում է երկու առաջնային մանդատ' հանրապետության Նախագահ և Խորհրդարան: Այստեղ առկա Է երկու հնարավորություն: Կամ երկու առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, որն այն տարբերակն է, որը միշտ մեզ մոտ եղել է, կամ առաջնային մանդատ ունեցողները տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչներ են, դա այն է, որը մեզ մոտ երբեք չի եղել, և տա Աստված, որ երբեք էլ չլինի»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասնելով խոսքը' Մինասյանն ընդգծեց, որ երբ այդ առաջնային մանդատները ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, բավականին մեծ լիազորություններ ունեցող Նախագահը և նույնպես մեծ լիազորություններ ունեցող կառավարությունը, որը ձևավորում է հենց Խորհրդարանի մեծամասնությունը, ունենում են տարբեր տեսակետներ երկրի զարգացման տարբեր ուղղությունների վերաբերյալ: «Այս դեպքում շատ հաճախ բերում են ազգային անվտանգության համար առաջ եկող հնարավոր ռիսկերի օրինակը: Նախագահը, որը հանդիսանում է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականությա ն երաշխավորը, չունի ռեսուրսները, որոնք գտնվում են կառավարության ձեռքում, իսկ կառավարությունն ապավինում է այլ առաջնահերթությունների: Սա անվտանգության տեսանկյունից անթույլատրելի ճոխություն է մեր երկրի համար: Բայց այնպես չէ, որ այն տարբերակը, որը մեզ մոտ միշտ եղել է, լավն է, որովհետև այս դեպքում էլ մենք միշտ ունեցել ենք իշխանության գերկենտրոնացում: Այսինքն, այս դեպքում իշխանության երեք ճյուղերը' Նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը ստեղծում են «բետոնացված» մի իշխանություն, որի դեպքում հնարավոր չէ առանց ցնցումների իշխանափոխություն իրականացնել»,- նշեց Մինասյանը' հավելելով, որ սա կանխում է զարգացումներ ապահովելու հնարավորությունները:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ առաջարկվող բարեփոխումներով ապահովվում է իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ վերանում է մեծամասնական ընտրակարագը, իսկ համամասնական ընտրակագով իշխանությանը երբեք չի հաջողվել մեծամասնություն ապահովել խորհրդարանում: «Սա տանելու է ոչ թե որևէ կուսակցության դոմինանտ դերի ապահովմանը, այլ ճիշտ հակառակը' կոալիցիաների և քաղաքակիրթ երկրներին բնորոշ կուսակցական համակարգի ձևավորման»,- եզրափակեց պատգամավորը:
***
Սահմանադրական փոփոխությունների նախագծում շատ հստակ մատնանշված են մեր երկրի և ժողովրդի առանձնահատկությունները: Եվրոպայի կողմից ոչ մի պահանջ չի եղել նախագիծը փոխելու վերաբերյալ: Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը այսպիսի համոզմունք հայտնեց «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:
Տեղի դպրոցի ուսուցիչներից մեկը մտավախություն հայտնեց, թե Եվրոպական որոշ կառույցներ փորձում են ներարկել մեզ համար խորթ և անընդունելի արժեքներ և մենք շատ ենք տուրք տալիս արևմտյան արժեհամակարգին: «Մենք հայկական ընտանիքի հետ կապված սևով սպիտակի վրա գրել ենք, որ մեզ մոտ արգելվում է այն, ինչ այնտեղ' Եվրոպայում, թույլատրվում է»,-մանրամասնեց Թովմասյանը:
Ուսուցչի դիտարկմանը, թե Հայաստանը երբեմն ստիպված է լինում գնալ զիջումների հանուն Եվրոպայից ստացվող ֆինանսական աջակցության, Թովմասյանը պատասխանեց. «Դա ծայրահեղացված է: Սահմանադրությունը փոխելու հարցում բացարձակապես պահանջ չի եղել», հստակեցնելով, որ նման պահանջ եղել էր 2003թ-ին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, սակայն 2005թ-ի Սահմանադրությունը նրանց լիովին բավարարում էր:
***
Դե իսկ շփման գծում 7 օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նելլի Ալեքսանյան