Իսրայելը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող հետախուզական տվյալները, հայտնել է ԱՄՆ-ին, որ Իրանը պատրաստվում է իր տարածքից հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի վրա, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ ունեն հետախուզական տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա իր տարածքից՝ օգտագործելով հեռահար բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր», - ասվում է զեկույցում:
Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ եթե Իրանը հարձակում սկսի իր տարածքից, դա կհրահրի Իսրայելի խիստ պատասխանը և ներկայիս հակամարտությունն այլ հարթություն կհասցնի, Axios-ին ասել են իսրայելցի պաշտոնյաները:
Պորտալը, վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին, գրում է, որ Իրանի գործողությունների հետևանքով էսկալացիայի նախապատրաստման և համակարգման հարցը մանրամասն քննարկվել է չորեքշաբթի Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտի և Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցի ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրն Իսրայելի անվտանգության կաբինետի նիստում ասել է. «Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանել մեզ և կգործենք հիմնարար սկզբունքի համաձայն՝ ով մեզ վնասում է կամ ծրագրում է վնասել մեզ, մենք կվնասենք նրան», - ասված է նրա գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանից Իսրայելին ուղղված սպառնալիքները։
«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է Իսրայելի կողքին՝ նման սպառնալիքների դեպքում», - ասվում է Սպիտակ տանը:
Երկուշաբթի օրը սիրիական իշխանությունները հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքին: Ավելի ուշ պարզվել է, որ, մասնավորապես, զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալ և հինգ սպա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակմանը կպատասխանի Իսրայելի դեմ «մահացու հարվածներով»:
Ինչպես հաղորդվում է, Իսրայելն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ կապված Թեհրանի սպառնալիքների հետ։
Իսրայելի պաշտպանության ուժերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում, հատկապես հակաօդային պաշտպանության և հետախուզական ստորաբաժանումները, ասել են պաշտոնյաները: Իսրայելական բանակը ռազմական գործողություններին մասնակցող իր զորքերի համար չեղարկել է բոլոր հանգստյան օրերն ու արձակուրդները: