Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մամլո խոսնակը հայտարարել է, որ Բոսթոնի ահաբեկչությունն իրականացրած անձինք Չեչնիայի հետ ոչ մի կապ չունեն:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բոսթոնի մարաթոնի ժամանակ իրականացրած պայթյունի հեղինակները Տամերլան և Ջոխար Ցարնաևներն են. գրում է Интерфакс-ը:
Տամերլանը սպանվել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ, իսկ Ջոխարը դիմել էր փախուստի:
Չեչենական իշխանությունները պարզել են, որ Ցարնաևների ընտանիքը տարիներ առաջ Չեչնիայից տեղափոխվել է ռուսական այլ շրջան, ենթադրվում է՝ Դաղստան, քանի որ սպանված քաղաքացուն ճանաչել է Մախաչկալայի միջնակարգ դպրոցի ուսուցիչը: Այստեղից էլ նրանք տեղափոխվել էին Ղազախստան (ռուսական ԶԼՄ-ներում նշվում է Ղրղզստան), որտեղից էլ իրենց հերթին 2002-2003թթ. մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում:
Չեչեն նախագահը նշել է, որ այդ մարդիկ հասուն տարիքում չեն ապրել Չեչնիայում, ուստի նրանց մարդկային որակների և «վատ մարդ» լինելու համար պատասխանատու են մարդիկ, ովքեր դաստիարակել են նրանց: