Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի մեկնաբանում իր նախորդի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները:

Ռուսական «Օգոնյոկ» ամսագրի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, ով, բացատրելով նախագահի պաշտոնի համար պայքարում իրեն չտեսնելը, ասել էր, որ «քաղաքական փոխզիջման փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի», իսկ «ընտրություններին քաղաքական մրցակցությունը մի տեսակ տիկնիկային է դարձել», ասել է. «Բնականաբար, չեմ մեկնաբանի տարատեսակ քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով: Ինչ վերաբերում է իրադրությանը, ապա այն այնպիսին է, ինչպիսին ընտրություններից առաջ կարելի է սպասել քաղաքակիրթ երկրներում: Մարդիկ ուշադիր հետեւում են պայքարին, որին արժանապատիվ քաղաքական գործիչներ են մասնակցում, նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում: Մրցակից՝ այո, բայց ոչ թշնամի»:

Պետության գործող ղեկավարը նշել է, որ որպես նախագահի թեկնածու արդյունավետ նախընտրական քարոզարշավի անցկացման համար անձամբ օգտվում է բոլոր օրինական հնարավորություններից: Բոլոր թեկնածուների համար գոյություն ունեն նախընտրական միջոցառումների, քարոզչության անցկացման հավասար հնարավորություններ: Ոչ ոք նրանց համար խոչընդոտներ չի ստեղծում: Երկրում արդեն աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր: Նրանք նույնպես ունեն ընտրությունների ընթացքն օբյեկտիվ գնահատելու բոլոր հնարավորությունները: Մամուլը բաց է բոլոր տեսակետներից, թեկնածուների գրանցումը թափանցիկ է կատարվել, ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ թեեւ ընտրությունների կանխատեսումներն այժմ նրա օգտին են, սակայն վաղ թե ուշ նախագահի լիազորություններն ավարտելուց հետո ինչպիսի կյանքի մասին է երազում գործող նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ թեեւ կանխատեսումները բարենպաստ են, սակայն դեռ պետք է հաղթել: «Ես երբեք որեւէ պաշտոնից կառչած չեմ եղել եւ երբեք չեմ ծրագրավորել կարիերայի իմ աճը: Որտեղ էլ որ աշխատել եմ, հարկ է եղել շատ կարեւոր խնդիրներ լուծել: Եւ խնդիրները լուծելուն համապատասխան, ինձ առաջ են տարել»: Ըստ Սարգսյանի, երբ հեռանում ես պաշտոնից, ցանկանում ես, որ անցած ուղիդ նշանավորված լինի ձեռքբերումներով եւ առաջընթացով: «Հատկապես, երբ հեռանում ես պետական բարձր պաշտոնից: Նախագահներն էլ բնակիչների նման երբեք նախկին չեն լինում: Անգամ հեռանալուց հետո նախկին ղեկավարը շարունակում է մեծ հասարակական եւ պետական պատասխանատվություն կրել: Կարծում եմ' ես դեռ ժամանակ ունեմ այդ պատասխանատվության իրացման ճիշտ ձեւ որոնելու համար», - ամփոփել է Սերժ Սարգսյանը: