Փետրվարի 15-ին տեղի է ունենալու «Երկրապահ» կամավորականների միության 10-րդ համագումարը:

 

Մինչ համագումարը Լուրեր.com-ը զրուցեց ԵԿՄ առաջիկա համագումարի մի քանի պատվիրակների հետ.


ԵԿՄ վարչության անդամ, «Ալաշկերտ» ջոկատի մարտիկ Մխիթար Հարությունյան:


-Ինչպե՞ս եք պատկերացնում ԵԿՄ գործունեությունը հետպատերազմյան տարիներին և արդյոք ԵԿՄ-ն կատարում է իր առաքելությունը:

 

«Նախ անհրաժեշտ է նշել, որ երկրապահը հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցող անձանց' խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված բարոյական արժեհամակարգ է: Ըստ էության ԵԿՄ-ն ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանության մասնակիցների միավորման հիման վրա, որը վստահ եմ կարողացավ եւ պատմականորեն կարող էր, իրագործել միայն ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Ես վստահ եմ, որ մեր սրբազան պատերազմի, մեր ժամանակների ճակատամարտերում հաղթանակի կրողն է ԵԿՄ-ն: ԵԿՄ-ի դերը, թե պատերազմի տարիներին, թե հետպատերազմյան տարիներին թերագնահատել հնարավոր չէ:

 

Ըստ էության, հնարավոր չէ կռված տղաների գոյություն ունեցող բոլոր խնդիրներին լուծում տալ, տարբեր' օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց Փառք Աստծո, որ այսօր հայոց ազատամարտը ծնեց Զորավար Մանվել Գրիգորյանին, ով կարողացավ Սպարապետից հետո, նախ պահպանել ԵԿՄ-ն իր բնույթով, ինչքան էլ, որ միության քայքայմանը նպաստողներ կային: Այժմ ամեն ինչ արվում է շատ հետեւողականորեն, ճիշտ սերնդափոխության, սերունդներին ճիշտ դաստիարակության եւ ազգային ու մարտական ոգու պահպանման համար, չհաշված առօրյա սոցիալական կամ տարբեր' մանր ու մեծ հարցերի լուծման համար:

 

Նաեւ կարելի է ըմբռնումով մոտենալ այն ընդդիմախոսություններին, որոնք արվում են ԵԿՄ -ի հասցեին, որովհետեւ հասարակության կողմից ԵԿՄ-ից սպասելիքները ավելի շատ են, բայց հասկանալ է պետք, որ ԵԿՄ հնարավորությունները անսահմանափակ չեն եւ արվում է հնարավորը, առավելագույնը եւ նույնիսկ անհնարինը մանր ու մեծ հարցերի լուծման համար:

 

Մի անգամ աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսակցություն էր գնում Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին, Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին: Արտահայտվում էին տարբեր կարծիքներ ու տեսակետներ: Վերջում, Զորավար Մանվել Գրիգորյանը մի բան ասաց, որը շատ է տպավորվել մեջս եւ ուզում եմ ձեզ հետ կիսել.

 

«Մենք պետք է կարողանանք մեր կյանքը խառնել համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր առանձնահատկությունները' իրենց գույներով եւ գծերով: Հայ մարդը իրավունք չունի Երկրապահ չլինելու»:

 

Ըստ էության հայ-թուրքական պատերազմը չի ավարտվել: Եվ Երկրապահ Կամավորականների միությունը պատրաստվում է հաջորդ ճակատամարտերին:

 

Ինչ ուզում է լինի, ոնց ուզում է լինի, միեւնույնն է հաղթանակները լինելու են միասնության շնորհիվ: Հայ ժողովրդի միասնությունը կարող է լինել միայն Երկրապահի առանցքի շուրջ, ով միշտ պատրաստ կանգնած է հայկական բանակի կողքին:

 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը, ողջ հայ շողովրդին ԵԿՄ 10-րդ համագումարի առթիվ: Մաղթում եմ, որ Աստծո օրհնիքը լինի Քրիստոսի, զորվար զորքի' Հայոց բանակի վրա, որի մաս է կազմում ԵԿՄ-ն»:


ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Կոտայքի մարզխորհրդի նախագահ, «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Աբել Հարությունյան:

 

«Երկրապահը առաջնորդի հարցում ոչ Սպարպետ Վազգեն Սարգսյանի ժամանակ, եւ ոչ էլ Սպարապետից հետո' Զորավար Մանվել Գրիգորյանի օրոք, երկընտրանք չի ունեցել: Եվ ընդհանրապես, ինչ երկընտրանքի մասին է խոսքը, երբ մենք' երկրապահներս մեր առջնորդի Զորավար Մանվել Գրիգորյանի հետ մեր գործն ենք անում: Երկրապահը ունի բազում խնդիրներ, բազում լուծված եւ չլուծված հարցեր, որոնք մեր ուշադրության կենտրոնում են եւ հնարավորինս լուծվում են այդ խդիրները:

 

Այսօր նոր սերունդ է գալիս: Գալիս է երիտասարդ երկրապահը, պատանի երկրապահը: Գալիս են շարունակելու մեր գործը: Մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել, նրանց ճիշտ ճանապարհ ցույց տալ, չէ որ նրանք են մեր ապագան, մեր երկրի այսօրվա ու վաղվա տերերը»:


ԵԿՄ 10-րդ համագումարից առաջ մենք փորձեցինք զրուցել նաև Պեմզաշենի համայնքի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Շիրակի մարզխորհրդի փոխնախագահ, ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Անան Ոսկանյանի հետ:

 

«Ճակատագրի բերումով մասնակցել եմ ԵԿՄ 9 համագումարներին, որպես պատվիրակ: Մենք երկմտելու կամ ընտրություն անելու խնդիր չունենք:

 

Մենք երկրապահներս ոչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ, եւ ոչ էլ Սպարապետի եղերական մահից հետո առ այսօր ու այսուհետ էլ ԵԿՄ վարչության նախագահի հարցում երկընտրանք չունենք եւ չենք էլ ունենալու:

 

Երկրապահների առավելությունը' միասնական լինելն է, մենք միասնական ենք բոլոր հարցերում, լինի դա հայրենիքին ու ժողովրդին վերաբերվող, լինի դա զինվորին ու պետությանը վերաբերվող: Ուր մնաց մեր ԵԿՄ նախագահ ընտրելու հարցում միասնական չլինենք:

 

Երկրապահ կամավորականների միությունը իր վրա վերցրել է, ես կասեի ազգի պահպանման ամենածանր բեռը: Մեզ ոչ մեկը պատերազմի դաշտ չի կանչել, մենք ինքնակամ, միասնական գնացել ու կռվել ենք թշնամու դեմ' հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության, հանուն մեր երեխաների , հանուն մեր պետության ապագայի: Եվ այսօր էլ միասնական ԵԿՄ-ն զբաղվում է մեր մարտական ընկերների ընտանիքների սոցիալական հարցերով, մեր մատաղ սերնդի դաստիրակության հարցերով, այսինքն այն հարցերով, որոնք առաջնային են հզոր հայրենիք ունենալու համար: Ու այս ամենի գլխին կանգնած է մեր Զորավարը, ով ամեն ինչից վեր դասում է այս խնդիրները: Եվ միայն Մանվել Գրիգորյանը կարողացավ պատերազմից 20 տարի հետո Ազգային ժողովում լրջագույն աշխատանք տանել, որի արդյունքում ԱԺ-ն միաձայն ընդունեց Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքը: Շնորհիվ այս օրենքի, երկրապահ կամավորականը, որպես արժեհամակարգ այսօր ճանաչված է պետականորեն: Մի բան, որ մեր ժողովրդի պատմության մեջ չի եղել առ այսօր»:


Զրուցեցինք նաև ԵԿՄ Շիրակի մարզխորհրդի նախագահ, ԵԿՄ վարչության անդամ, 5-րդ բրիգադի Գյումրիի 4-րդ կամավորական գումարտակի մարտիկ Յուրա Ալեքսանյանի հետ:

 

«Զորավարը մեր հրամանատարն է, արդեն քանի համագումար նրան ընտրում ենք համագումարի դահլիճում եւ մենք այս հարցում խնդիր չունենք: Ինչպես նաեւ խնդիր չունենք Երկրապահի առաքելության' հայրենիքի պաշտպանության ու հզորացման գործում:

 

Մենք շատ լավ գիտենք մեր անելիքը, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր զոհված ախպերների ընտանիքների կողքին պետք է լինենք, մենք շատ լավ գիտենք, որ այսօր մեր օրինակով պետք է հայրենասիրության դաս դառնանք մեր երեխաներին, ու խնդրում ենք չխանգարեք:

 

Երկրապահը ինչպես համախմբված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին էր, այնպես էլ հիմա Զորավար Մանվել Գրիգորյանի կողքին է, ու նորից եմ կրկնում մենք մեծ խաչ ենք վերցրել մեր հրամանատարի հետ մեր ուսերին, թողեք մեր խաչը տանենք մինչեւ վերջ ու տանելու ենք:

 

Պատերազմի տարիներին, մեր հրամանատարի ասածը օրենք էր մեր համար, դրա համար 5-րդ բրիգադը միակ կառույցն էր, որ միայն առաջ է գնացել, չի նահանջել: Հիմա էլ մեր հրամանատարի ասածը մեր համար օրենք է, եւ մենք առանց նահանջի առաջ ենք գնալու: Առաջ ենք գնալու մեր միասնականությամբ: Մենք միասնությամբ հաղթեցինք Սարդարապատում, միասնությամբ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու միասնությամբ էլ առաջ ենք գնալու, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր խոսքը ասենք աշխարհին»: