Սիսիանում խորը և համապարփակ նախանձ է բռնկվել Գյումրու հանդեպ, մասնավորապես՝ Գյումրու տեխնոպարկի: Սիսիանում, ըստ երևույթին, լրջորեն ուսումնասիրելով այն, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս ընթացքում քանի միլիոն է դուրս գրել Գյումրիում մի աղբանոցի կողքի ցուցանակի վրա «Տեխնոպարկ» բարձր ու վսեմ անունը գրելու համար, որոշել են հետ չմնալ գյումրեցիներից և պահանջել, որ իրենք էլ ունենան այդ «տեխնոպարկից»՝ իրենցն էլ կլինի «տրակտորների մի ամբողջ տեխնոպարկ»:

Ավելորդ մեղադրանքներից զերծ մնալու համար շտապեմ ասել, որ սույն՝ «գերհանճարեղ» ձևակերպումը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Գրիգորյանին և բոլորովին էլ լրագրողների մտքի թռիչքի արգասիքը չէ. ըստ էության, Հայաստանում դժվար է գտնել գեթ մեկ պրոֆեսիոնալ լրագրող, ում մտքով անցնի տրակտորներից տեխնոպարկ հիմնել՝ թեկուզ հաշվի առնելով այն լրջագույն հանգամանքը, որ երկուսն էլ «տ»-ով են սկսվում: Հայաստանում նման մտքի թռիչք կարող են ունենալ մեր ընտրյալները:

Խորհրդարանական հայտարարությունների ժամին թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը՝ որպես իրական ընտրյալ, ժողովրդի դարդ ու ցավերով ապրող գորիսցի, որոշեց պաշտպանել իր հոգածությանը հանձնված Սիսիանի ու սիսիանցիների շահերը: Պատգամավորը կոչ արեց անգործության մատնված Սիսիանի դաշտերում հացահատիկ աճեցնել և դրանով իսկ լուծել «այս տարածաշրջանի պարենային անվտանգության հարցը»: Բայց հաշվի առնելով, որ հեկտարների մշակումը ձեռքի գործ լինել չէր կարող, կոչը շարունակեց՝ տրակտորների հատկացում պահանջելով: «Այստեղ ոչ թե մի քանի տրակտոր է պետք, այլ հարկավոր է մի ամբողջ տեխնոպարկ հիմնել՝ Սիսիանի տեխնոպարկ, որ Սիսիանն էլ իր տեխնոպարկը ունենա»,-իր բոցաշունչ հայտարարության մեխը խփեց պատգամավորը:

Գյումրու տեխնոպարկը դորդուբեշ արինք, մնացել էր Սիսիանի տեխնոպարկը…

«Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, որը կնպաստի Գյումրի քաղաքի բարգավաճմանը' վերածելով այն ՏՏ զարգացած ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Տեխնոպարկի տարածքում արդեն իսկ գործում են «Նեյշնլ Ինստրումենթս» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, «Դ-Լինք» ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ ստեղծված' տարածաշրջանում դեռևս միակ հետազոտական կենտրոնը՝ «Եռաչափ մոդելավորողների միությունը». սա Գյումրու տեխնոպարկին վերաբերող պաշտոնական հեքիաթն է, որ տեղադրված է Էկոնոմիկայի նախարարության կայքում:

Թե ինչ տեսք կունենա Սիսիանի տրակտորների «տեխնոպարկի» հեքիաթը, ինչպես է հաջողվելու Հայկ Գրիգորյանին ՏՏ տեխնոլոգիաներից քիչ թե շատ հասկացող Տիգրան Դավթյանին համոզել, որ գյուղտեխնիկայի պարկն ու տեխնոպարկը նույն բաներն են, և Սիսիանում հիմնադրել տալ հիշյալ «տեխնոպարկը», մի քիչ դժվար է պատկերացնել: Ըստ երևույթին, տրակտորներն ապահովված կլինեն WiFi-ով, տրակտորավարներն էլ դաշտեր մուտք կգործեն iPad-ով…

Հետգրություն

Իհարկե, այդքան էլ լավ բան չէ երիտասարդ տղայի անգիտության վրա ծիծաղելը, սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե պարզապես փողոցում արևածաղիկ կեղևազրկող տղայի մասին է, այլ երկրի խորհրդարանում մի ամբողջ ընտրատարածքի շահերը ներկայացնող, պետության դեմք համարվող պատգամավորի: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, մեր պատգամավորների հայտարարությունների տեքստերը գրվում են վերադաս մարմնի դաբրոյով: Երբ անցած գումարման ժամանակ Արա Սիմոնյանը հայտարարություն էր կարդում, շատերը չէին կարողանում թաքցնել ժպիտը՝ լսելով Արտաշես Գեղամյանին բնորոշ դարձվածներն ու մտքերը: Չի բացառվում, որ սույն՝ պատգամավորին պատիվ չբերող կացության մեջ դնող հայտարարությունը գրված լինի վերջինիս վերադաս՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրահանգով՝ հատուկ դրածոյին խայտառակելու նպատակով՝ հող նախապատրաստելու համար վերադասի համար հնարավոր պաշտոնանկությունից հետո զերծ մնալ երիտասարդ պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու հնարավոր շահարկումներից և հանգիստ մուտք գործել խորհրդարան՝ բոլորին հավատացնելով, որ, ինչ-ինչ, բայց ինքը գոնե «դորդուբեշն» ու «դուշեշը» իրարից տարբերում է:

Լուսինե Կեսոյան