Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու մասին հարցը:
Սակայն «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն որևէ կապ չունի Գյումրու տեխնոպարկ ծրագրի հետ: Դրանք ընդամենը անվան համընկնումներ են: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
««Գյումրի տեխնոպարկ» ՓԲԸ-ն ընդամենը անվան համընկնում է, դա ոչ մի կապ չունի Գյումրու տեխնոպարկի ծրագրի հետ՝ ո′չ ֆինանսական, ո′չ բովանդակային, նաև' ժամանակային: Այդ ՓԲԸ-ն 2006-ին է ստեղծվել, իսկ ինչ վերաբերում է Գյումրի տեխնոպարկ ծրագրին' այն ՓԲԸ չէ, իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից: Տեխնոպարկը նորմալ աշխատում է, ավելի քան հինգ ընկերություն է տեղակայվել այնտեղ: Այժմ շատ մեծ ծրագիր ենք սկսում մաքուր էներգետիկայի ոլորտում, հունիս ամսվա սկզբին կլինի նաև պաշտոնական բացումը», - ասաց Ենգիբարյանը: