168.am. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերից հինգը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց վերաբերմունքն են արտահայտել նախորդ օրը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: ՕԵԿ-ը՝ խոսելով ընտրության վերջնական արդյունքի վրա ընտրակաշառքի և թաղային հեղինակությունների ունեցած ազդեցության մասին, միաժամանակ շնորհավորել է Երևանի ավագանի անցած երեք կուսակցություններին, իսկ ՀԱԿԿ-ն, ՀՅԴ-ն և «Առաքելությունը»՝ խոսելով այդ երևույթների մասին, ձեռնպահ են մնացել շնորհավորանքից, համարելով, որ հաղթանակը ձեռք է բերվել, մեղմ ասած, ոչ ազնիվ ճանապարհով: Բայց ամենաուշագրավն, անշուշտ, ԲՀԿ-ի արձագանքն է, որտեղ ընդամենը նշվում է, որ «ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»: Սա նշանակում է, որ տեղի ունեցածի մեղավորն ընտրական մեխանիզմն է, հենց որ այն վերափոխվեց, ամեն ինչ կընկնի տեղը: Բայց ԲՀԿ հայտարարությունից այնքան էլ պարզ չէ՝ վերցնելո՞ւ են ԲՀԿ-ականներն իրենց հասանելիք մանդատները, թե՞, այնուամենայնիվ, բոյկոտելու են Երևանի ավագանու աշխատանքը՝ հրաժարվելով մանդատներից: Այս իմաստով անհայտ է նաև «Ժառանգության» դիրքորոշումը: Այս երկու կուսակցություններից դիրքորոշման հստակեցում է ակնկալվում, քանի որ կա նախադեպ. 2009թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչները հրաժարվեցին վերցնել մանդատները և մասնակցել ավագանու նիստերին: Արդյո՞ք ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կհետևեն ՀԱԿ-ի օրինակին: Այս հարցում ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիրքորոշումները փոխկապակցված են: ԲՀԿ-ական վերնախավը հասկանում է, որ, եթե իրենք վերցնեն մանդատները, իսկ «Ժառանգությունը» հայտարարի, որ հրաժարվում է մանդատներից՝ համարելով, որ ընտրությունները կեղծված են, ապա ԲՀԿ-ն հասարակության աչքին կփչանա: Բոլորը կասեն, որ մինչ այդ ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես եկող ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է, իսկ իսկական ընդդիմությունը «Ժառանգությունն» է, որը սկզբունքային դիրքորոշում ունեցավ և հրաժարվեց կեղծված ընտրությունների արդյունքում ստացած մանդատներից: Մինչդեռ, եթե այս երկու կուսակցություններն էլ վերցնում են մանդատները, նրանցից որևէ մեկը չի կարողանա պնդել, որ ինքն ավելի սկզբունքային է, կամ առավել ևս՝ մյուսին չի կարողանա մեղադրել ընդդիմադիր չլինելու մեջ: Ընկերովի խայտառակությունը խայտառակություն չէ: Եթե ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» միասնաբար հրաժարվեն մանդատներից՝ ՀՀԿ-ականներին միայնակ թողնելով Երևանի ավագանիում, դրանով վատ վիճակի մեջ կդնեն իշխանությանը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կստացվի. ընտրությանը մասնակցած 7 կուսակցություններից 6-ը հայտարարում են ընտրակեղծարարության մասին և չեն ճանաչում ընտրության արդյունքները: ՀՀԿ-ականների հաղթանակը դրանով կարժեզրկվի: Այնպես որ, ՀՀԿ-ի համար չափազանց կարևոր է, որ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» վերցնեն մանդատները: ԲՀԿ հայտարարությունից կարելի է դատել, որ այս կուսակցությունում բավարար երաշխիք են ստացել, որ «Ժառանգությունը» ևս կվերցնի մանդատները, և ավագանի անցած երեք կուսակցություններն էլ ներկա կլինեն ավագանիում: Ինչո՞ւ ենք համոզված, որ ԲՀԿ-ականները կվերցնեն մանդատները, որովհետև չնայած հայտարարության տեքստում դրա մասին ոչինչ ասված չէ, բայց պարզ է նաև, որ մանդատից հրաժարվողը նման անդեմ ու լղոզված հայտարարություն չի անում: Չնայած՝ «Ժառանգության» հայտարարությունը, որ սպասվում է առաջիկա ժամերին, կարող է մի փոքր ավելի կոշտ լինելով՝ ոչնչով չտարբերվել ԲՀԿ-ական գործընկերոջինից:
Ավետիս Բաբաջանյան