ԳԱԼԱ. ՊՆ կենտրոնական ապարատում երկար ժամանակ պատասխանատու պաշտոն զբաղեցրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով անցած տարի որոշում կայացրեց ինքնակամ դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից, հիմա որոշել է անժամկետ նստացույց սկսել մի խումբ ազատամարտիկների հետ՝ պահանջելով վիրավոր ազատամարտիկների եւ պատերազմին մասնակից անձանց սոցիալական վիճակի բարելավում:
«Վաղը ժամը 10-ից սկսում ենք, արդեն պլակատների եւ փաստաթղթերի խնդիր կար, երկուշաբթի երթ ենք անում դեպի Կառավարություն եւ նամակ ենք հանձնելու, պահանջում ենք ծառայողների, վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Նա ասաց, որ նստացույց ինքն է սկսում, բայց կմիանան իրեն եւս 50 ազատամարտիկ:
«Էջմիածնից իմ մարտական ընկերները կմիանան, կարող է նաեւ Վարդենիսից գան՝ կախված է իրենց սոցիալական վիճակից, եթե գումար ճարեցին՝ ավտոբուսի փող, կմիանան ինձ անպայման»:
Վոլոդյա Ավետիսյանը ասաց, որ ունի 6 երեխա՝ չորս տղա եւ երկու աղջիկ, ստացած զինվորական թոշակը չի բավարարում նրանց հոգսերը հոգալու համար:
«1988 թ-ին առաջին օրվանից միացել եմ շարժմանը, հետո գնացել եմ ջոկատ, անկախության բանակից եմ եղել: Ծառայել եմ Արցախում, Շահումյանի, Քելբաջարի մարտերին եմ մասնակցել, իսկ 1993 թ-ին մտել եմ պետական համակարգ՝ բանակ՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մինչեւ անցյալ տարվա օգոստոս ամիսը: Օգոստոսին դուրս եկա համակարգից՝ 25 տարի ծառայելուց հետո: Ժամկետը դեռ չէր լրացել, դեռ 6 տարի ունեի ծառայելու, բայց դուրս եկա համակարգից, դուրս եկա իմ կամքով: Սա էլ առանձին թեմա է, թե ինչու:
Ես հիմա ստանում եմ 79 200 կոպեկ թոշակ եւ 5000 դրամ՝ որպես պատերազմի մասնակից: Չեմ վիրավորվել, ես կանտուզիա տարել եմ, բայց փաստաթուղթ ոչ մի անգամ չեմ ներկայացրել, մտքովս էլ չի անցել...»,-ասաց ազատամարտիկը:
Քրիստինա Մկրտչյան