Մայիսի 13-ին ոստիկանությունը կալանավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետ Սեյրան Կարապետյանը եւ պետի տեղակալ Հերիքնազ Ասատրյանը՝ մեղադրվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նշված պաշտոնատար անձինք օժտված են եղել ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների, թաղման նպաստների, մահվան պատճառով չստացված կենսաթոշակի' ժառանգվող, գումարների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, ինչպես նաև հիշյալ գումարների վճարման նպատակով ֆինանսվորման պահանջագրեր ձևավորելու, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող կենսաթոշակների չարաշահումների քրեական գործով պարզվել է, որ Կարապետյանը 2008-2010թթ. ընթացքում իրականացնելով իրեն վերապահված գործառույթները չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 450 մլն դրամի վնաս։ Մասնավորապես, տարածքային բաժնի պետն իր ստորագրությամբ հաստատել է կենսաթոշակառուներին և նպաստառուներին հասանելիք թաղման նպաստների և ժառանգվող գումարներից ավել, այն է' հավելագրումներով ձևավորված ֆինանսավորման ամսական պահանջագրերը։ Բացի այդ, հաստատել է նպաստառուներին իրականում հասանելիք գումարների վճարման վճարային ցուցակները, ելնելով անձնական այլ շահագրգռվածությունից' պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, իր ստորագրությամբ հաստատել է թաղման նպաստի և ժառանգվող գումարների անհիմն վճարման վերաբերյալ կազմված փոխադարձ հաշվարկների ակտերը, չի հսկել կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման վերաբերյալ տվյալների համակարգիչ մուտքագրման, տվյալների շտեմարանի համալրման և անհրաժեշտ փոփոխությունների կատարման գործառույթները, որի հետեւանքով անհիմն ելքագրվել և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակվել ավել ֆինանսավորված առանձնապես խոշոր չափերի գումարները, ապա շտեմարանում կենսաթոշակային տվյալները խեղաթյուրելու և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ոչնչացնելու միջոցով թաքցնել կատարված հանցագործության հետքերը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 450 016 000 ՀՀ դրամի էական գույքային վնաս։

Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել նաեւ պետի տեղակալին՝ Հերիքնազ Ասատրյանին, ում նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է եւ ըստ ամենայնի մեղադրյալների շրջանակը կընդլայնվի, քննությունը փորձում է պարզել գումարը հափշտակած ամբողջական շրջանակի մեջ ընդգրկված անձանց ինքնությունը։