Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ին տրամադրել է մի քանի կարևոր փաստաթուղթ, համաձայն որոնց՝ Ադրբեջանի ղեկավարությունը դե յուրե վաղուց ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը: «Արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական և հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, նույնիսկ կայքերում ու սոցիալական ցանցերում տարածվում են արխիվային նյութեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ճանաչել է ԼՂՀ-ն այսինչ թվականին… Մեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ, անցած տարի հարցազրույց տալով, մի փաստաթուղթ էր ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանը ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել էր 1993 թվականի սեպտեմբերի 3-ին: Սակայն ես պետք է նշեմ, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը մի քիչ սխալ ինֆորմացիա են տրամադրում: Նախ ճշտենք մեկ հանգամանք, որ ճանաչումը լինում է երկու տեսակի՝ դե յուրե և դե ֆակտո:
Այն, որ դե ֆակտո ԼՂՀ-ն արդեն 20 տարի է՝ գոյություն ունի, դա փաստ է, և ոչ ոք չի կարող հերքել: Իսկ որ ԼՂՀ-ն դե յուրե իբրև թե մինչև հիմա չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, իրականությանը չի համապատասխանում, որովհետև ԼՂՀ կոնֆլիկտի թեժ պահերին, երբ որ ադրբեջանական բանակը պարտություններ էր կրում մեկը մյուսի հետևից, նույն ադրբեջանական վերնախավը, նույն ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, նույն Հեյդար Ալիևը, որը համարվում է ադրբեջանական հանրապետության, այսպես ասած, Աթաթուրքը՝ խնդրանքով դիմել են ԼՂՀ իշխանություններին՝ զինադադար կնքելու ու բանակցություններ վարելու համար:
Ես կարող եմ ներկայացնել մի փաստաթուղթ, որի վրա կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ստորագրությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ՝ Կարեն Բաբուրյանին, թվագրված է 24 հուլիսի 1993 թվական (տես փաստաթղթերում): Բովանդակությունը հետևյալն է՝ երկու կողմերի համաձայնության դեպքում 3 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանագիրը մտնում է ուժի մեջ 1993 թվականի հուլիսի 24-ին, ժամը 16-ից: Մինչ այդ էլ նրանք բանակցում էին, առաջին փաստաթուղթը հունիսի 17-ին է եղել : Պետք է նշենք, որ այս փաստաթղթից մեկ օր առաջ՝ 1993 հուլիսի 23-ին, հայերը 40 օր տևած կատաղի մարտերից հետո գրավեցին ադրբեջանցիների կարևորագույն հենակետ Աղդամը: Շատ շատերի մոտ այն կարծիքն է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը միամիտ տեղը կամ վատ տեղեկացված լինելու պատճառով է այս նամակը ուղարկել ՀՀ Գերագույն խորհուրդ: Բայց ես գտնում եմ, որ սա հատուկ քայլ է, որպեսզի հետագայում հայերը չկարողանան այս փաստաթղթերի միջոցով ապացուցել, որ ադրբեջանական իշխանությունները դեռ 1993 թվականին ճանաչել են ԼՂՀ-ն և բանակցել են նրա հետ, որովհետև Սաֆար Աբիևը և նրա այս նամակագիրները շատ լավ գիտեին, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի Հայաստանի Գերագույն խորհրդի հետ, այլ ինքը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր»:
Քաղաքագետի ներկայացմամբ, ՀՀ իշխանությունները ադրբեջանական կողմին պատասխանել են, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի ՀՀ Գերագույն խորհրդի հետ, և հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, նույն բովանդակությամբ նամակ է ուղարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին: «Ես հարց եմ տալիս, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԼՂՀ-ի պաշտպանության նախարարին ուղարկում է նամակ-խնդրագիր զինադադար հաստատելու համար, ապա սա ի՞նչ է, եթե ոչ դե յուրե ԼՂՀ անկախության ճանաչման փասատաթուղթ Ադրբեջանի կողմից: Արդեն սա պաշտպանության նախարարի մակարդակով»,- ասում է Գագիկ Համբարյանը: ԼՂՀ-ն, ըստ փաստաթղթերի, ճանաչվել է նաև Ադրբեջանի նախագահի մակարդակով՝ 1993թ. օգոստոսի 7-ին: