lragir.am Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը Ազգային ժողովն այսօր չընդունեց:
Նախքան քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ նախագիծը բազմիցս քննարկվել է, դեռևս կան խնդիրներ, հետևաբար ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը յոթ առաջարկություն է ներկայացրել նախագծի հեղինակներին, որոնցից վեց ու կեսը ընդունվել են: Չի ընդունվել այն առաջարկությունը, որի համաձայն՝ հանձնաժողովը չպետք է իրավունք ունենա հանձնաժողովի նիստերին հրավիրել քննիչներին, հետաքննիչներին և հարցեր ուղղել նրանց: Ջհանգիրյանը նշեց, որ դատախազներին նիստերին չհրավիրելու առաջարկությունն իրենք ընդունել են, բայց վերոնշյալ ծառայողներն ու պաշտոնյաները գործադիր իշխանության մարմիններ են, հետևաբար իրավունք կա նրանց հրավիրել և լսել գործադիր իշխանության ներկայացուցիչներին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան նշեց, որ դեռևս նախորդ տարեվերջին իրենք իշխող կուսակցությունից ստացել էին հավաստիացում, որ ընտրական փուլի ավարտից հետո ՀՀԿ-ն հօգուտ հանձնաժողովի ստեղծման կքվեարկի: «Մենք գնահատւմ ենք այս հրաժարականը որպես ձեր կողմից ձեր խոստումների դրժում: Սա լինելու է որպես քվեարկություն, թե ով է պատասխանատու Մարտի մեկի համար»,- ասաց Զուրաբյանը:
Հանձնանժողվի ստեղծմանը թեև կողմ քվեարկեց ԲՀԿ-ն, սակայն 48 կողմ և 57 դեմ ձայների պարագայում որոշումը չընդունվեց: