Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Ինչպես ԱԺ-ից տեղեկացնոււմ է Mediamall.am-ի թղթակիցը, Նիստի ժամանակ քվեարկության դրվեց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության կողմից ներկայացված Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
ԲՀԿ-ն քվեարկելու է կողմ. «Կոչ ենք անում բոլոր այն քաղաքական ուժերին, ում համար կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, քվեարկել կողմ»,-ասաց Զոհրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն կքվեարկի դեմ:
«Կարծում եմ' ամենաշատը մենք ենք խնդրին լուրջ մոտենում և դրա պատասխանատվությունը մեզ վրա է, և նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շոուներ ստեղծել այս կամ այն հարցի վերաբերյալ, մեզ համար այդ ճանապարհներն ընդունելի չեն: Մենք կրկին անգամ քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ նպատակահարմար չէ այսօր հանձաժողով ստեղծելը»,-ասաց Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Պարո′ն Սահակյան, բնականաբար, ներկայացնողը ես եմ եղել և շոուի նպատակ չեմ հետապնդել, ցավում եմ, որ քննարկման ընթացքում որևէ բովանդակային առաջարկություն' նախագծի վերաբերյալ, չհնչեց, բացի Արտակ Դավթյանի առաջարկությունից, միևնույն ժամանակ զարմանում եմ՝ բոլոր պատգամավորները կողմ են, որ Մարտի մեկը բացահայտվի, մարդասպանները պատժվեն, իրավապահ մարմինները չեն անում, մենք էլ մեր ձեռքից եկածը չենք անում»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս անդրադարձավ Գալուստ Սահակյանի նշած շոուին. «Ես փորձում եմ հասկանալ' ինչո՞ւ չեք քվեարկում և շատ բաներ, որ չեմ ասում, ուղղակի խոսափողը թույլ չի տալիս ասել: Ուրեմն դուք ինքներդ պատասխանատու եք...»,-ասաց Ռուբեն Հակոբյանը, սակայն վերջինիս խոսքը կիսատ մնաց. ԱԺ նախագահի կարգադրությամբ պատգամավորի խոսափողն անջատվեց:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր ոչ թե Մարտի մեկի սպանությունները, այլ պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարության խոչընդոտման ինչ փորձեր են կատարել: «Եթե չեք քվեարկում հանձնաժողովի ստեղծման կողմ, դա նշանակում է, որ արդարության խոչընդոտման համար ամբողջ պատասխանատվությունը դուք վերցնում եք ձեր ուսերին»:
Նախագիծը չընդունվեց 66 դեմ, 46 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: