«Իվանիշվիլին Մարտի մեկի մասնակից չէ, Իվանիշվիլին իր ունեցվածքը չի դիզել վրաց ժողովրդի ունեցվածքի հաշվին, ունեցվածքը դրսում է հավաքել և եկել ներդրել է ժողովրդավարության, պետականության կայացման գործին»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն' անդրադառնալով մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսակետին:
Հիշեցնենք, որ այդ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)։
Պետրոս Մակեյանի խոսքով՝ այդ համեմատությունը բացարձակապեա տեղին չէ, այն էլ' Մարտի մեկին:
«Ծառուկյանի և Իվանիշվիլիի համեմատությունն այն էլ Մարտի մեկի օրը, որը մեր՝ հայերիս, հատկապես ժողովրդի համար հիշարժան է որպես տխրության, ըմբոստությունը կոտրելու և զոհերի օր, այն էլ որին մասնակցել է նաև իր կողմից նշված իր գործընկերը՝ Գագիկ Ծառուկյանը, տեղին չէր: Դա սրբապղծություն էր Մարտի մեկի զոհերի նկատմամբ», - ասաց Մակեյանը: