Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դեմ է խորհրդարանում մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Ազգային ժողովում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ Մարգարիտ Եսայանը նշեց, որ եթե նույնիսկ 100 հանձնաժողով ստեղծվի մարտի 1-ի « հարցով, բոլորին հուզող հարցերի պատասխանները չեն տրվելու, սակայն առաջինն ինքն է պահանջատեր, որպեսզի մարտի 1-ի արյունալի դեպքերի մեղավորները պատժվեն'լինեն դրանք իր սիրելիները, թե թշնամիները: «Որովհետև մենք ժամանակին հանձնաժողով տեսել ենք: Այն ժամանակ նախաքննության ղեկավարը գալիս էր այս դահլիճ և չէր պատասխանում հարցերին, որովհետև ասում էր՝ ես հարցերին պատասխանելու հրահանգ չունեմ: Ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գործընկերների ցավը, հասկանում եմ մտահոգությունը, ես դա գրեթե համարում եմ իմը, որովհետև մարդիկ հանրահավաք պիտի անեն և հրապարա կում պատասխան ունեն տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին, ճիշտ այնպես, ինչպես ես ունեմ պատասխան տալու: Պարոն Ջհանգիրյանը բավականին ազնվորեն դա խոստովանեց, երբ հարցնում էին, թե ինչո՞ւ այսօր, հիմա, նորից մարտի 1, մարդը բացահայտ ու ազնվորեն ասաց. «Ես մեղքի զգացում ունեմ»: Բայց բոլորս շատ լավ հասկանում ենք և ավելի շատ՝ պարոն Ջհանգիրյանը, որ հանձնաժողովներով հարց չի լուծվում»,- հայտարարեց Եսայանը:

 

Մարգարիտ Եսայանն ընդգծեց, թե այնքան տղամարդկություն ունի, որ կողմ լինի մարտի 1-ի հանձնաժողովին, եթե անգամ դրան դեմ է իր քաղաքական թիմը: «Ես կարող էի լավամարդ լինել, վախենալ, որ ինձ կարող են ասել՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է մարտի հանձնաժողովին: Ես գիտեմ իմ խմբակցության դիրքորոշումը, բայց ես ունեմ այդքան տղամարդկություն՝ կանգնել-ասելու, որ ես կողմ եմ։ Բայց չեմ անում, որովհետև իրականում կողմ չեմ այդ հանձնաժողովին: Ես ունեմ այդ տղամարդկությունը, բայց ես դեմ եմ, որովհետև ես չեմ ուզում թոզ փչել մեր զոհերի հար ազատների աչքերին»,-հայտարարեց Մարգարիտ Եսայանը՝ միանալով Ալեքսանդր Արզումանյանի այն առաջարկին, որ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությքմբ հանդես գա, որով ֆինանսական և այլ օգնություն կհատկացնի մարտի 1-ի զոհերի հարազատներին:

 

Նա վկայակոչեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով մեկ այլ առիթով ԱԺ-ում հայտարարել էր. «Եթե ուզում ես ինչ-որ բան թաղել, ստեղծիր հանձնաժողով»:

 

Ազգային ժողովը քննարկում է մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցությունը: Հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելո ւ դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը: