Որ Հայաստանի Հանրապետությունը պետբյուջեի գումարների նպատակային ծախսման առումով երբեմն պարզապես ռեկորդներ է սահմանում, առանձնապես ապացուցելու կարիք չկա: Մեզ մոտ, իհարկե, ինչպես և ամենուր, սկզբում ուզում են, որ լավ լինի...
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների՝ Դիլիջանում տեղակայված «ուսումնահետազոտական կենտրոնի» վրա ծախսվել է շուրջ 45 մլն դոլար, ըստ այլ աղբյուրների՝ 70 մլն: Տիգրան Սարգսյանը վարչապետ դառնալով որոշել էր Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն, ըստ այդմ՝ գումարը գտնվել էր, կենտրոնն էլ՝ կառուցվել: Այլ հարց է, թե կառուցումից հետո որքանո՞վ են արդարացվել ծախսերը, ի՞նչ ասել է ուսումնահետազոտական կենտրոն (ԿԲ-ի՝ Դիլիջան տեղափոխման և դրա հիմքի վրա Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու մասին խոսք արդեն չի էլ գնում), հատկապես, եթե հաստատվեն խոսակցություններն առ այն, թե ԿԲ-ի՝ իրենց «վերին արտի ցորեն» համարող շատ աշխատակիցներ բոլորովին էլ մտադիր չեն թողնել մայրաքաղաքը և տեղափոխվել Դիլիջան՝ ինչ է թե՝ հագուրդ տան վարչապետի՝ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու ցանկությանը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նաև այս հարցին անդրադարձավ: Եվ այսպես, ինչի՞ վրա ծախսվեց 45 կամ 70 մլն դոլարը:
Պարոն Ջավադյանն ասաց, որ իրենց աշխատակիցների մի մասն արդեն տեղափոխվել է Դիլիջան. «Պայմանագրեր ունենք PHD աստիճան ունեցող մասնագետների հետ, այնտեղ պատրաստվում ենք տարեկան սեմինարներ կազմակերպել՝ պետռեզերվի ռեգիոնալ ծրագրերը, Տորոնտոյի ծրագրերը: Սոցիալական ծրագրեր էլ ենք իրականացվում՝ Սեմ Սիմոնյանի հետ «Թումո» կենտրոն է բացվել, անգլերեն լեզվի ուսուցման ծրագրեր ենք կազմակերպում՝ անգլերեն են սովորում երկու բուժքույր, երկու ճանապարհային ոստիկան... այցելուների կենտրոն ունենք, լավ գրադարան ունենք, որտեղից կարող են կապվել աշխարհի լավագույն գրադարանների հետ: Իսկ աշխատակիցները շուտով կտեղափոխվեն՝ հենց լուծվի ժամանակավոր կացարանների հարցը, մանկապարտեզ է կառուցվում»:
Ինչպես տեսնում ենք, Տիգրան Սարգսյանի գոնե այս երազանքի հաշվով կարելի է հանգիստ շունչ քաշել, քաշել, քանի որ, փաստորեն, գործ ունենք ոչ թե պարզապես ինչ-որ շարքային կենտրոնի հետ, այլ շնորհիվ պետբյուջեի 45, թե 70 մլն դոլարի՝ Կենտրոնական բանկի աշխատակիցները ստացան ավելին, քան կենտրոնը՝ հանգստյան տուն (որտեղ կարելի է մեկ-մեկ հավաքվել սեմինար-կոնֆերանս-փարթի անել, թուլանալ ու հաճույք վայելել գեղատեսիլ բնության գրկում)՝ գումարած ինտերնետ կլուբ, որի ինտերնետ կապը հնարավորություն է տվել ՀՀ ԿԲ ղեկավարին մուտք գործել աշխարհի գրադարաններ՝ ըստ երևույթին, կյանքում առաջին անգամ, քանի որ մինչ կյանքի այդ դրվագը պարոն Արթուր Ջավադյանը պարզապես չէր բաշարել իր աշխատատեղի կամ տան ինտերնետով մուտք գործել նույն կայքերը: Իհարկե, ամենակարևորն այս դեպքում էլի այն է, որ պարոն Արթուր Ջավադյանը գոհ է:
- Պարո՛ն Ջավադյան, խոսվում էր, թե Ձեր աշխատակիցները չեն ցանկանում տեղափոխվել Դիլիջան:
- Չէ՛, ըտենց բան չկա, չեն ուզումը ո՞րն է՝ հաճույքով: Հեսա որ բացումն անենք, կգաք կտենաք պայմանները, կտեսնեք, որ չուզելու բան չկա: Ունենք արդեն ահագին աշխատակիցներ այնտեղ, ուղղակի բնակարանային պայմանները երբ որ վերջնական ապահովված լինեն, բոլորը ընտանիքներով կտեղափոխվեն: Հիմա բոլորը գնում-գալիս են:
- Այսինքն՝ հանգստյան տան կարգավիճակ չի ունենա չէ՞, իհարկե, հուսանք՝ հսկայական ծախսերի պայմաններում:
- Չէ՛, ի՞նչ հանգստյան տուն: Հանգստյան տուն առանձին կունենանք այնտեղ՝ առանձին, ո՛չ էդ շենքում: Հանգստյան տուն չի, չէ՛:
- Իսկ հնարավոր է՞ այնպիսի գերծախսեր անեք, ինչ է թե Ձեր աշխատակիցների համար շատ լավ պայմաններ ապահովեք, որ...
- Չէ՛, ո՞նց կարող ա ըտենց բան անենք: Ինչի՞ համար: Ընդեղի պայմանները լավն են, մարդիկ լավ էլ հաճույքով գնում են, երիտասարդ ընտանիքները հաճույքով գնում են, ուզում են մի քիչ էլ առանց ծնողների ապրեն: Շատ էլ լավ քաղաք ա, կլիմայական պայմանները գերազանց:
- Այսինքն՝ ֆինանսական կենտրոն կդառնա՞, վարչապետի գոնե այս մի երազը խաբկանք չի՞ դառնա:
- Իհարկե: Ֆինանսական կենտրոն չէ, ինքը ֆինանսահետազոտական կենտրոն ա: Միշտ ըտենց ա նշում: Հետազոտական կենտրոն է՝ ֆինանսական ծրագրերի առումով, ուսումնական ծրագրերի առումով ինքը արդեն իսկ, մենք՝ քիչ-քիչ, էդ կենտրոնը դառել ենք:
- Իսկ Դուք չե՞ք տեղափոխվի:
- Ես էլ ամիսը երկու անգամ գնալու եմ: Խորհրդի նիստերը էնտեղ ենք անցկացնելու: Մի քանի օր, ամիսը երկու անգամ ես էլ կանցկացնեմ էնտեղ: Ոչ միայն ես, այլև խորհրդի բոլոր անդամներն էլ:
Ինչպես տեսնում ենք, ծախսերն այս դեպքում ևս ավելի քան արդարացված են...
Լուսինե Կեսոյան