Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում եղավ մի հրապարակում, ըստ որի՝ Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին բռնի ուժով տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա:
Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Քիչ առաջ Lurer.com-ը Կոմիտաս 56 շենքի բնակիչներից նույն դեպքի վերաբերյալ նամակ ստացավ, որում մասնավորապես ասվում է.
«Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնել ու խայտառակ իրողությունը : Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:
Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռևս օգտագործվում են խորհրդային «լավագույն» տարիներին բնորոշ մեթոդները:
Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին և իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ և համոզվել մեր հայտարարության իսկության մեջ»: