Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հինգշաբթի օրը կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ Վրաստանը, միջազգային կազմակերպություններից բացի, այլ ելք չունի՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. փոխանցում է Грузия-Online-ը:
Մեկնաբանելով վրաց-օսական սահմանամերձ գոտում ռուս սահմանապահների կողմից փշալարային պատնեշների տեղակայման հարցը' նա նշել է. «Մենք, արդեն 2 օր է, ջանքեր ենք գործադրում այդ տեղեկությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Իմ տեղակալներն արդեն հանդիպումներ են ունեցել Բրյուսելում և Ստրասբուրգում, որտեղ Եվրոպայի խորհրդի նախարարներին տեղյակ են պահել տեղի ունեցածի մասին»,-նշել է նա:
Փանջիկիձեն հույս է հայտնել, որ Մոսկվան ականջ կդնի Արևմուտքին, որը պահանջում է Ռուսաստանից կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնության պայմանները' դուրս բերել իր զորքերը Վրաստանից, այդ թվում' օկուպացված տարածքներից: