N-idea.am. Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած տարի Հայաստանում 40.000 շրջանավարտ կար, այս տարի կառավարության ջանքերով՝ ընդամենը 30.000։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հաշվետվություն միգրացիայի մասին, որից երևում է, որ այստեղ եկածների և այստեղից հեռացածների միջև տարբերությունը կազմում է մոտ 40.000 մարդ։ Ընդ որում՝ այս տվյալները վերաբերում են միայն «Զվարթնոց» օդանավակայանից կատարվող ուղևորահոսքին։ Իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի է անվերադարձ հեռացել այլ դարպասներով՝ հայտնի չէ, ավելի ճիշտ՝ չի նշվում։ Նշենք, որ մի քանի ամսվա մեջ հայրենիքը լքած 40.000-ը փոքր թիվ չէ։ Իսկ ի՞նչ է մտածում կառավարությունը։

Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարությունը կարծում է, որ միգրացիայի մեջ ոչ մի ահավոր բան չկա։ Ավելին, վարչապետը, որ կարծում է, թե բարձրագույն ճշմարտության կրողն է, մտածում է, որ որքան քիչ ամբոխ լինի երկրում, այնքան ավելի լավ։ Նա մի անգամ նույնիսկ լրագրողներին խոստովանել է՝ ասելով, թե, իբր, դուք ուզում եք, որ այս բողոքող մասսան մնա այստեղ և հեղափոխությո՞ւն անի։ Իհարկե, Տիգրան Սարգսյանը՝ պետության վախճանի գծով մասնագետն ու «Պետության վախճանը» հիմնարար աշխատության հեղինակը, չի կարող սխալվել (ըստ իրեն)։ Բայց, ինչպես ասում են, անգամ մտքի լուսատուներն են երբեմն սխալվում իրենց հաշվարկներում և հայտնվում աննախանձելի վիճակում, և դրա օրինակները համաշխարհային պատմության մեջ որքան ասես շատ են։ Եվ այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել Տիգրան Սարգսյանի երկու վրիպման վրա, որոնք, նրա նախնական հաշվարկների համաձայն, չպետք է տեղի ունենային։

Առաջին. խոսելով Հայաստանի ապալյումպենացման՝ որպես զանգվածային հուզումների կանխման միջոցի, մասին՝ Տիգրան Սարգսյանն, իհարկե, իրավացի է, քանի որ որքան քիչ բոմժեր լինեն պետությունում, այնքան ավելի լավ է նրա ռեժիմի համար։ Բայց վերջին տարիներին միտումը փոխվում է. Տիգրան Սարգսյանի ղեկավարած երկրից արդեն փախչում է ոչ թե լյումպեն զանգվածը, այլ բավական ունևոր շերտը։ Օրինակ, եթե Երևանից Աշտարակ ուղևորվես, ապա կտեսնես, որ մի նոր օբյեկտից բացի այս մայրուղու վրա գտնվող մնացած ամեն ինչ վաճառքի է հանված՝ դաշտեր, այգիներ, շինություններ, ռեստորանային հաստատություններ, խանութներ և այլն, և այլն։ Ամե՛ն ինչ։ Այսինքն՝ երկրից արդեն փախչում է այն զանգվածը, որին լյումպեն կամ բոմժ ոչ մի կերպ չես անվանի։ Ո՞րն է վերջին հինգ տարիների ուժեղացված միգրացիայի պատճառը։ Համոզված եմ, որ միայն ո՛չ սոցիալ-տնտեսական դրությունը, քանի որ աղքատությունից մարդիկ չեն փախչում. մարդիկ փախչում են լճացումից, հեռանկարների բացակայությունից և ապագայում փոփոխությունների հույս չունենալուց։ Հակառակ դեպքում այսօր աշխարհում չէր լինի Հնդկաստանը, որտեղ բնակչությունը քաղցում է ահա արդեն ավելի քան 5000 տարի, չէր լինի և Չինաստանը, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ։ Այսօր Հայաստանը լքում է միջին դասը. մտեք մարզադաշտի կողքի մեծածախ շուկան, որը Տեր-Պետրոսյանը նվիրել է պրն Բուռնաշին, և կտեսնեք, որ բոլոր մանր գործարարները, որ իրենց արտադրանքն իրացնում են այնտեղ, ինչպես նաև մանր ու միջին առևտրականներն աստիճանաբար «ցվրվում» են. մեկը գնում է Պյատիգորսկ, մյուսը մտածում է Բելառուս անցնելու մասին, երրորդը գնում է ուր աչքը կտրի։ Առևտրի ծավալները միայն վերջին տարվա ընթացքում եռակի կրճատվել են (!), իսկ պրն Բուռնաշը արիաբար պահպանում է տեղի գինը, ավելին՝ բարձրացնում է այն. որպես ոչ մի ճգնաժամից ու թշնամիներից (հայրենակիցների տեսքով) չվախեցող իսկական նժդեհական՝ պրն Բուռնաշը 9 քառ. մ-ի վարձը բարձրացրել է՝ 45.000-ից մինչև 190.000-ի՝ 2006-ից մինչև 2012թթ. ընթացքում։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ կառավարությունն իր ռազմավարական հաշվարկներում հաշվի չի առել, որ միգրացիայի ենթակա են ոչ միայն լյումպենները. այսօր մենք տեսնում ենք, որ երկրից հեռանում է բնակչության այն հատվածը, որն աշխատատեղեր է ստեղծում, որը պետբյուջեի ձևավորման և հարկային ոլորտի աշխատակիցների բարեկեցության աղբյուրն է։ Կարծում եմ՝ արժեր, որ կառավարությունում ուսումնասիրեին այս հարցը, այլապես Հայաստանի համար իրոք կիրականանան տխրահռչակ Հեյդար Ջեմալի կանխատեսումները, որը պնդում էր, թե իմաստ չունի, որ Ադրբեջանն այսօր հակամարտի Հայաստանի հետ, քանի որ 2018թ. Հայաստանում հազիվ միլիոն մարդ է մնալու...

Երկրորդ. այսօր hetq.am պարբերականը մեզ տխուր պատմություն է ներկայացրել այն մասին, թե ինչպես են խորապես հավատացյալ վարչապետը, բացառապես «Bentley»–ով երթևեկող (նպատակը՝ որքան հնարավոր է արագ Երկնային արքայություն սլանալը) բարձրաստիճան հոգևորականը և խոշոր տրամաչափի էլի մի աֆերիստ «գցել» Հայրապետյանների ընտանիքին։ Եթե հավատանք զանգվածային լրատվամիջոցներին, Տիգրան Սարգսյանի նախարարներից մեկը համոզել է Փայլակ Հայրապետյանին փող ներդնել աֆերիստ Սուքիասյանի աֆրիկյան ձեռնարկությունում, որպեսզի վերջինը Հայաստան ուղարկի անմշակ ադամանդներ։ Հայրապետյանը գրավ է դնում իր ունեցվածքը («Հայաստան» հանրախանութը) և 13 միլիոն դոլար տալիս աֆերիստ Սուքիասյանին։ Իսկ սա ինչ-որ մի ընկերության միջոցով փողն ուղարկում է Կիպրոս՝ օֆշորային ընկերության հաշիվներին, որի համատերերն են հանդիսանում վարչապետը, արքեպիսկոպոս Կճոյանը և ինքը, իսկ հետո արդեն այդ միջոցները նորից ուղարկվում են Հայաստան։ Դե, իսկ այնուհետև բանկը չի վերադարձնում Հայրապետյանի գրավը։ Անշուշտ, փողը խլելու այսքան ֆենոմենալ մեթոդը երազում կարող էին տեսնել միայն Օստապ Բենդերը և Հայաստանի վարչապետը, բայց մի փոքրիկ սխալմունք ստացվեց. Հայրապետյանն աշխարհով մեկ պատմեց կատարվածի մասին, ընդ որում՝ փաստերով, և տեղեկությունը հայտնվեց մամուլում։ Իհարկե, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես մեծ ինտելեկտուալ և ոչ պակաս մեծ հավատացյալ Տիգրան Սարգսյանը չի հաշվարկել, որ խարդախության մասին վաղ թե ուշ հայտնի կդառնա։ Բայց փաստը մնում է փաստ. վարչապետը սխալվել է, ինչպես և միգրացիայի հարցում... Ժամանակին չի հաշվարկել, ժամանակին չի վերացրել հետքերը, և որ գլխավորն է՝ ժամանակին գլխի չի ընկել, որ այս կյանքում կարելի էր և յոլա գնալ առանց այս կասկածելի գործարքի, որքան էլ որ այն շահավետ թվար...

Ուզում ենք հուսալ, որ շատ շուտով, հենց որ իրականանա Հեյդար Ջեմալի կանխատեսումը Հայաստանի վախճանի մասին, Աշոտյանի ու արդարադատության կոոպերատիվ նախարար Թովմասյանի տիպի բարձրաստիճան նժդեհականները չեն սկսի բղավել, թե՝ տղերք, ի՞նչ եք ուզում վարչապետից, նա հո պետությունների վերացման մասնագետ է, նա անգամ գրքեր է գրել այդ թեմայով, նա հո ազնվորեն կատարել է իր պարտքը... իսկ Հեյդար Ջեմալը մեզ հետ կապ չունի, նա հո երկրորդ խմբի հաշմանդամ է՝ շիզոֆրենիայի գծով...