ԳԱԼԱ. «Քաղաքաշինության նախարարությունը, սուրը ձեռքը վերցրած, ջնջում է Երևանը»,- այսօր «Հայելի» ակումբում հրապարակի վերակառուցման բաց մրցույթի առթիվ իր դժգոհությունն է արտահայտում բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նշում է, որ Երևանը դարձրել են քարի, ասֆալտի ու բետոնի քաղաք ու մարդկանց զգուշացնում են, որ եթե օձերը մտնեն նրանց բնակարաններ, ապա դիմեն արտակարգ իրավիճակների նախարարությանը: Անդրադառնալով քաղաքաշինության նախարարության այն մտահոգությանը, որ հրապարակի կենտրոնական հատվածում գտնվող շենքերը դրան հարակից շենքերից ավելի ցածր են, Դանիելյանը նշում է, որ ուղղակի ժամանակին պետք չէր բարձրացնել դրանք՝ վտանգելով տարածքի սեյսմակայունությունը, որ հիմա էլ մյուս շենքերի հետ բալանսի բերելու խնդիրը չառաջանար: Տիկին Դանիելյանը կիսում է քաղաքաշինության նախարարության միայն մեկ մտահոգությունը. անհրաժեշտ է Լենինի արձանի տեղը լրացնել ճարտարապետական ճիշտ լուծմամբ:

Անդրադառնալով նույն խնդրին՝ բնապահպան Կարինե Հակոբյանը նշում է, որ թողած Երևանում եղած մյուս բոլոր խնդիրները՝ քաղաքաշինության նախարարությունն ուզում է լուծել վաղուց հանճարեղ լուծում ստացած խնդիրը: Ըստ բանախոսի՝ պետք չէ ավարտված ստեղծագործության վրա խզբզել: «Թող լուծեն երևանցու սոցիալական խնդիրները, Բաղրամյանի, Կոմիտասի, մի շարք այլ այգիների, ծայրամասերի փողոցների լուսավորության խնդիրները»,- նշում է բնապահպանն ու ներկայում Երևանում իրականացվող քաղաքաշինության մեջ բիզնեսային մտածողություն նկատում: « Երևանի կենտրոնը պետք է գնահատել պատմամշակութային արժեքով, այլ ոչ թե քառակուսի մետրերով: Մենք բիզնեսի մտածողությամբ չենք կարող երկիր ղեկավարել»,- նշում է Հակոբյանը:

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանն էլ կարծիք է հայտնում, որ Երևանի գլխավոր հատակագծից էականորեն շեղվելը կարող է խոսել 2 երևույթի մասին. Կա´մ այն լավը չէ, կա´մ ուղղակի պատասխանատու անձինք այն ի զորու չեն իրագործելու: Անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ անընդհատ շեշտվող այն տեսակետին, որ Երևանի ճարտարապետության դեմ բարձրացվող շարունակական աղմուկի պատճառը նրա անձի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքն է շատերի կողմից՝ Պետրոսյանը նշում է, որ պաշտոններ չեն զբաղեցնում սեղաններն ու աթոռները, այլ անձինք, ուստի եթե Սարգսյանն իր անձի նկատմամբ ոչ բարյացակամ վերավերմունք է նկատում, ապա դա պայմանավորված է հենց իր կատարած աշխատանքով:

Իսկ լրագրողների այն դիտարկմանը, որ Սարգսյանը միայնակ չի կայացնում որոշումներ, որ նրա վրա «վերևներից» ճնշում են գործադրում, տիկին Դանիելյան պատասխանել է.«Շատ են ճնշում, թող դիմում գրի, հեռանա պաշտոնից»:

Արաքս Մամուլյան