Միացյալ Նահանգները հույս է հայտնում, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման հարցով հանդիպում տեղի կունենա: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, գրում է Tert.am-և՝ հղում անելով Trend.az-ին:
Միացյալ Նահանգները շահագրգռված է հակամարտության կարգավորման հացում, ինչը իր ելույթի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, և պատրաստ է ակտիվորեն համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ, հայտնել է դիվանագետը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին կրկին չհաջողվեց կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ երկու երկրներից մեկի պատվիրակության դիվանագիտական աղբյուրը հայտնել է. «Հունիսի 12-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում նախապատրաստվող հերթական հանդիպումը չի կայանա»:
Դիվանագիտական աղբյուրի կանխատեսումների համաձայն՝ նման հանդիպման մասին այժմ հնարավոր է խոսել միայն ամառվա վերջին կամ աշնան սկզբին: