Վրաստանում նախօրեին կանխված ահաբեկչության փորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ոմն Զաուր Կորտոշիձեն, ում ԶԼՄ-ները համարում են նախագահ Սաակաշվիլիի անձնական օդաչուն. գրում է Грузия-Online-ը:

Ոստիկանները հարցաքննել են նաև օդաչուի որդուն:

Պարզվում է, որ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Միքայել Քադիևը և Ռիզվան Օմարովը նախկինում բնակվում էին Կորտոշիձեի տանը, ով մի քանի բնակարան ունի Թբիլիսիում:

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն' Կորտոշիձեն հաստատել է, որ ծանոթ է ձերբակալված անձանց հետ, և որ նրանք իրոք բնակվել են իր տանը: Համարվու՞մ է արդյոք Կորտոշիձեն ահաբեկչության հանցակից' ոստիկանությունը չի մանրամասնել:

Վրաստանի նախագահի աշխատակազմը իր հերթին հերքել է լուրերն այն մասին, թե Կորտոշիձեն Սաակաշվիլիի անձնական օդաչուն է եղել: Ինչպես հստակեցրել են գերատեսչությունում, վերջինս «Տուշետի» ավիաընկերության օդաչուն է, որի ծառայություններից օգտվել է պետական անվտանգության աշխատակազմը:

Սաակաշվիլիի աշխատակազմը տարածված լուրերը անվանել է բամբասանք և գնահատել որպես սադրանք' ուղղված երկրի նախագահին վարկաբեկելուն: