Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչության գործով Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 17 անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Ձերբակալվածների մոտից և մեքենաներից զգալի թվով նյութեր են առգրավվել, նրանց դեմ դատական գործընթաց է սկսվել:

 

Ամերիկյան ABC-ի տվյալներով' Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 41-ի:

 

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 44-ն է, 239 մարդ վիրավորվել էր: Ահաբեկչություն իրականացրած մահապարտները Ռուսաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել: