lragir.amԱՄՆ հետ երկխոսության հարցում փաստարկներ ստեղծելու համար Իրանը Ռուսաստանի հետ հարաբերության զարգացման եւ ռազմավարական ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծելու կարիք ունի: Իրանցիները գտնում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունն առայժմ ռազմավարական գործընկերության բնույթ չունի: Իրանցիները նաեւ գտնում են, որ զարգացնելով հարաբերությունն Իրանի հետ, Ռուսաստանը զգալիորեն ավելի շատ առավելություններ է ստանում, քան Իրանը: Նրանց կարծիքով, եթե Իրանը Ռուսաստանի հետ հարաբերության զարգացումից օգուտ է ստանում միայն ԱՄՆ հետ երկխոսության մեջ, Ռուսաստանն այդպիսով լուծում է շատ հարցեր Թուրքիայի, Պակիստանի, արաբական պետությունների հետ, ապահովելով իր անվտանգությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
Իրանցիների համոզմամբ, Իրանը մեծ դեր է խաղացել Ռուսաստանում իսլամական քաղաքական էքսպանսիան սահմանափակելու հարցում: Նախեւառաջ, նշվում են Չեչնիան եւ Ֆերգանայի հովիտը:
Իրանական իսթեբլիշմենտի շատ խմբավորումներ, գերազանցապես ազատական-բարեփոխական շրջանակներից, այն կարծիքին են, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ անհուսալի քաղաքական գործընկեր է, եւ նրա հետ հարաբերությունն ապագայում լինելու է առավելապես գեոտնտեսական: Միեւնույն ժամանակ, Իրանում լավ են հասկանում, որ Պուտինի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ից կախվածությունը հաղթահարելուն:
Իրանցի քաղաքական գործիչներին անհանգստացնում է Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ դաշնակցային կամ սերտ գործընկերային հարաբերության հաստատման հեռանկարը:
Կան հիմքեր պնդելու, որ իրանական հասարակությանն այնքան էլ չի հուզում Ռուսաստանի հետ հարաբերությունը: Ռուսաստանն Իրանում չի դիտարկվում որպես դաշնակից կամ կարեւոր արտաքին քաղաքական գործընկեր: Դա բացատրվում է նրանով, որ իրանա-ամերիկյան 20 տարվա հակամարտության ընթացքում ԽՍՀՄ-ը եւ Ռուսաստանը մեծ դեր չեն խաղացել Իրանի դիրքերն ուժեղացնելու հարցում:
Միեւնույն ժամանակ, Չեչնիայում եւ Դաղստանում որեւէ գործողություն Իրանում գործնականում ոչ մի դժգոհություն ու բողոք չի առաջացնում: Իրանցիներն իրենց ազգային շահերի մասով բավական էգոիստ են եւ չեն ձգտում իսլամական աշխարհի պաշտպան ներկայանալ, եթե դա դրական արդյունք չի բերում իրենց շահերի ու անվտանգության համար:
Պաղեստինի հարցն Իրանում երբեք «պոպուլյար» չի եղել եւ համարվել է ընդամենը կառավարության պրագմատիկ գործողությունների ասպարեզ:
Ռուսաստանը հրապուրում է իրանցիներին որպես բավական հետաքրքիր տնտեսական գործընկեր, ծավալուն շուկա եւ տարբեր տեխնոլոգիաների ու տեխնիկայի մատակարար: Ռուսական տեխնիկան բավական պոպուլյար է Իրանում:
Աֆղանստանի հարցում Ռուսաստանի գործողությունները համակրանք են առաջացնում: Իրանցիները չեն հավատում ռուս-թուրքական արմատական մերձեցման հնարավորությանը, եւ նրանց լիովին ձեռնտու է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ներկայիս հարաբերությունների բնույթը, ինչն արտահայտվում է տարածաշրջաններում նրանց միջեւ անվստահությամբ եւ դիմակայությամբ:
Իրանցիների համար ամենատհաճը Ռուսաստանի ու Իրաքի մերձեցումն է: Իրանը չէր սպասում, որ Ռուսաստանը վա-բանկ կգնա եւ ի հեճուկս Արեւմուտքի գործընկերային հարաբերություններ կհաստատի Իրաքի հետ: Պետք է նկատի առնվի իրանցիների բնավորությունը, որոնք իրենց հակառակորդների հետ ցանկացած հարաբերություն դիտարկում են որպես հակաիրանական:
Ընդհանուր առմամբ, համարվում է, որ Ռուսաստանը բավական շահագրգիռ է Իրանի հետ հարաբերությունը զարգացնելու հարցում, եւ հեռանկարում մեծ խնդիրներ չպետք է առաջանան:
Իրանի համար դժվար է «մարսել» այն ծանր վիրավորանքը, որ նրան հասցրել է Ռուսաստանը, հրաժարվելով մատակարարել C 300 համակարգեր (այդ զենքը մատակարարվեց Ադրբեջանին՝ Իրանի կողմից սպառնալիքը հետ մղելու համար):
Հասան Ռուհանիի Իրանի նախագահ ընտրվելը դժվար թե հանգեցնի Ռուսաստանի հանդեպ քաղաքականության նկատելի փոփոխությունների: Կասկած չկա, որ Իրանը կպահպանի ազգային անվտանգության նախկին առաջնահերթությունները, սակայն կգերադասի առավել բովանդակալից երկխոսությունն Արեւմուտքի հետ, սակայն Ռուսաստանը կմնա կարեւոր գործընկեր:

Իգոր Մուրադյան