ԳԱԼԱ. «Ես ո՛չ իրավունք ունեմ, ո՛չ էլ այդ ինֆորմացիային եմ տիրապետում, եւ ո՛չ էլ հավատում եմ այդ շոուին, որ կազմակերպվում է: Դա ավելի շուտ պետք է համապատասխան մարմինը զբաղվի»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայտնի օֆշորային սկանդալին եւ դրան հաջորդած զարգացումներին, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ շոուի մասին է խոսքը, Սահակյանն արձագանքել է. «Որովհետեւ ես չեմ կարծում, որ վարչապետը որեւէ խնդիր պետք է ունենար օֆշորային գոտիներում ընկերություն գրանցելու համար, դրանք բոլորը Կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին դեմ գործառույթներ են: Ընդդիմությունը թիրախ է դարձրել, իսկ մեր ժամանակներում ամեն ինչն էլ կարելի է շրջանառության մեջ դնել եւ որոշակի խնդիրներ լուծել»: Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ ինքը հետամուտ չէ, թե ինչ խնդիր են լուծելու:
Այս ամենը, ըստ Գալուստ Սահակյանի, բանկային գործեր են, որոնցով ինքը չի զբաղվում: «Նայած ում ոնց է ձեռք տալիս՝ այդպես էլ վարվում է: Իմ կարծիքով՝ դրանք անհեթեթ հերյուրանքներ են՝ կապված վարչապետի հետ, եւ հասարակության մեջ քննարկվում է. մեկը կհավատա, մյուսը չի հավատա»,- ասել է Սահակյանը:
Դիտարկմանը, թե ում ձեռքի գործն է այդ դեպքում այս ամենը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը տվել է հետեւյալ պատասխանը. «Այսինքն՝ ի՞նչ, ես գաղտնի գործակալ եմ թե՞ հետախուզող, ես ինչ գիտեմ»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տեղեկությունների համաձայն՝ այս ամենը պայմանավորված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ առկա հակասություններով, Գալուստ Սահակյանը ասել է. «Ես այն գործիչը չեմ, որ կանգնեմ այստեղ, համատեղ միասին բամբասենք: Դրանք պարզապես շոու են, իրականում որեւէ բան չէր կարող տեղի ունենալ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն»:
Գալուստ Սահակյանը վերջում հայտարարել է, որ հարցը իրեն չի հետաքրքրում եւ հետեւաբար՝ չի պատրաստվում հարցը ուսումնասիրել, օրենքը նայել եւ բացահայտումներ անել:
Փայլակ Ֆահրադյան