Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: