Թուրքիայի Անթալիա հանգստավայր այցելելու հայ զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է, այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանում արտագնա տուրիզմով զբաղվող itour տուրիստական գործակալության տնօրեն Արտավազդ Ավետիսյանը:
Նա նշեց, որ 2012-ի մայիսի–հունիսի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում itour–ի միջոցով Թուրքիա հայ զբոսաշրջիկների այցելությունները նվազել են 50%-ով։ Իսկ 2012-ի հուլիս–սեպտեմբերին նախնական պատվերները համեմատած 2013-ի նույն ժամանակահատվածի պատվերների հետ, նվազել են 90%-ով:

Թե ինչով է դա պայմանավորված, նա դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ հնարավոր է, որ կապված լինի նաև այնտեղ գների թանկացումով:

«Այս տարի մի քիչ նվազել է Անթալիա այցելողների թիվը, միգուցե, գներով է պայմանավորված, որովհետև այս տարի թանկացել է, բացի այդ էլ հնարավոր է մարդիկ այնքան են գնացել, որ հոգնել են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ եթե մարդը նախընտրում է գնալ Անթալիա և Թուրքիա, իրենք չեն կարող ասել՝ մի գնացեք: «Մեր ընկերությունն աշխատում է բոլոր երկրների ուղղությամբ, օրինակ' Եվրոպայի ցանկացած երկիր, Բրազիլիա, Կուբա, Արգենտինա, Թայլանդ, Սեյշելյան և Մալդիվյան կղզիներ, Սինգապուր և այլ հետաքրքիր ու յուրահատուկ վայրեր: Ես ինչ-որ խտրականություն չեմ դնում, նախ առաջինը մարդը պետք է զգա արժե գնալ, թե ոչ»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք մարդիկ չեն նախընտրում իրենց գումարները Թուրքիայում չծախսել, նա պատասխանեց. «Մեր փողերը շատ լավ կլիներ, որ Սևանում ու Դիլիջանում ծախսեին, բայց օրինակ՝ այսօր Եգիպտոսում ավելի էժան է կազմակերպել հանգիստը, քան Դիլիջանում, Սևանում և այլն»:

Ընկերության տնօրենը նաև նշեց, որ իրենք շատ առաջարկներ ունեն, որոնք տարբերվում են մյուսներից: «Նոր ուղղություն եմ ուզում աշխատացնել, Բեյրութն է, այն կարճ և հարմար է մեր ժողովրդի համար, լավ ուղղություն է, որի վրա գրեթե չեն աշխատում»,– նշեց նա:

«Բացի այդ ունենք ծառայություններ, որ ոչ միայն հյուրանոցներ, ավիատոմսեր, այլ հենց տեղում ըստ տուրիստի նախասիրության կազմակերպում ենք տարբեր զվարճանքների վայրերի, սպորտային խաղերի և համերգների տոմսերի ամրագրում։ Օրինակ՝ արդեն իսկ կարող ենք կազմակերպել 2014–ին Բրազիլիայում անցկացվող Աշխարհի ֆուտբոլային խաղերի տոմսերի ամրագրում»,- ասաց Արտավազդ Ավետիսյանը:

Զբոսաշրջության աշխարհագրության փոփոխության մասին նա ասաց, որ, իհարկե փոխվում է, մարդիկ ուզում են միշտ նոր բան տեսնել: «Մեզ մոտ մի քիչ դժվար է փոխվում, քանի որ օրինակ՝ մարդիկ, որոնք կարող են բավականին գումար տրամադրել Անթալիային, որով կարող են նույնիսկ հասնել Բրազիլիա, բայց իրենց ավելի շատ հետաքրքրում է իրենց շրջապատի նկարագրած վայրը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են գնալ այն երկրներ, որտեղ ուղիղ թռիչք կա:

Իսկ թե որքան են հայերը միջինում տրամադրում արտագնա հանգստի համար, նա նշեց, որ մեկ անձի համար մոտավորապես 1000 դոլար։

«Սպուտնիկ» տուրիստական ընկերության նախագահ Սուրիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համար սկզբունք է Թուրքիա զբոսաշրջիկ չուղարկել:

Բացառիկ առաջարկների տեսանկյունից նշված ընկերության նախագահն ասաց, որ իրենք չարտերային թռիչքներ են իրականացնում դեպի Մոնտենեգրո, օգոստոսին նաև Կիպրոս:

«Մոնտենեգրոն քույր քաղաք է եղել Երևանի հետ, հայերին շատ լավ են ընդունում այնտեղ, նույնիսկ հասան նրան, որ առանց մուտքի վիզայի են հայերն այցելում այդտեղ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մոնտենեգրո ուղևորելն իրենց բացառիկ իրավունքն է, որովհետև չարտերային թռիչքներ իրենք են իրականացնում: