Lragir.am. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 26-27-ը կմեկնի Ստրասբուրգ՝ Հայաստանի Եվրոպայի Խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանի եվրոպական այցը տեղի է ունենալու Հայաստանի համար բավական հետաքրքրական ներքին իրավիճակում: Ընդ որում, այդ իրավիճակում Հովիկ Աբրահամյանը ստանձնել է առանցքային դերակատարում:
Հայաստանում ներքաղաքական գրոհի բավական լուրջ ալիքի տակ է հայտնվել Տիգրան Սարգսյանը, ով չնայած հավաստիացումներին, թե անտեղյակ է իր անունով օֆշորային ընկերությունից, առ այսօր չի կարողանում որեւէ այլ համզոիչ փաստարկ ներկայացնել հանրությանը:
Դրան զուգահեռ, վարչապետը հայտնվեց քննադատության տակ Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո: Այդտեղ արդեն զորահանդեսի հրամանատարը բացահայտորեն Հովիկ Աբրահամյանն էր, ով հայտարարեց, որ բյուջեն թալանում են ու լափում, եւ վարչապետն անելիք ունի: Տիգրան Սարգսյանը պատասխանեց որոշակի դադարից հետո, հայտարարելով. «Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևիցե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ»: Երբեւիցե բառի կիրառումն ըստ ամենայնի ակնհայտ ակնարկ էր ԱԺ նախագահին, որը մինչ խորհրդարան անցնելը Հայաստանի փոխվարչապետն էր: Միեւնույն ժամանակ, ֆինանսների նախարարությունը հրապարակեց, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանի հարուստ ընտանիքը օգտվել սոցիալապես անապահով գյուղացիներին հասցեագրված պետական դոտացիայից:
Վարչապետի եւ ԱԺ նախագահի այդ բաց դիմակայությունն անկասկած անուշադրության չի մատնվի առավել լայն մասշտաբում: Դժվար է ասել, այն Հայաստանի համար Արեւմուտք-Ռուսաստան ազդեցությունների համար պայքարի մաս է, թե ոչ, այդուհանդերձ անկասկած է մի բան, որ կողմերը անտարբեր չեն մնա ներքին այդ հարաբերությունների պարզաբանումից, որպեսզի կամ փորձեն օգտվել դրանից, կամ առնվազն թույլ չտան, որ դրա այս կամ այն ելքից տուժեն իրենց շահերը:
Այդ տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի եվրոպական այցը դառնում է հատկանշական: Եվրոպայում հավանաբար կփորձեն զսպել նրա ոգեւորությունը Տիգրան Սարգսյանի դեմ արշավում: Ինչպե՞ս: Գուցե գայթակղելով ավելի ճոխ ընթրիքով, հիշելով, թե օրինակ իրենց մատուցած ընթրիքը որքան էր տպավորել ԱԺ նախագահին եվրոպական նախորդ այցի ընթացքում: Իսկ գուցե պարզապես Հովիկ Աբրահամյանին կասեն, որ Տիգրան Սարգսյանից իրենք էլ հոգնել են, եւ թող նա շարունակի իր գրոհը, օգնելով Եվրոպային ազատվել Տիգրան Սարգսյանից: Պարզապես Հովիկ Աբրահամյանին կասեն, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, եւ դրանից նրա ոգեւորությունը կարող է նվազել, ու Աբրահամյանը գուցե արդեն աշխատի ոչ թե Տիգրան Սարգսյանի հրաժարականին հասնելու, այլ նրան այդ պաշտոնում պահելու համար:
Հետաքրքրական է, որ Հովիկ Աբրահամյանից առաջ Եվրոպայում էր Սերժ Սարգսյանը: Նա մեկ շաբաթ հանգստանում էր, իսկ հետո Վիեննայում մասնակցեց ԵԺԿ Վեհաժողովին: Երեւան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը ներքաղաքական իրավիճակի մասին որեւէ հայտարարություն չի արել: Չի բացառվում, որ Սարգսյանը Եվրոպայում խոստովանել է, որ Տիգրան Սարգսյանի վրա ներքին գրոհը զսպել այս պահին ի վիճակի չէ, քանի որ բավական ճնշող են փաստերն ու փաստարկները: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն օգնություն է խնդրել Եվրոպայից, որ երբ Հովիկ Աբրահամյանը մեկնի Ստրասբուրգ, այնտեղ զսպեն նրա ոգեւորությունը:
Առավել եւս, որ Եվրոպան ունի այդպիսի օգնության փորձ, որն ի դեպ կիրառվել է Հովիկ Աբրահամյանին շատ մոտ եւ գուցե արդեն հարազատ մարդու՝ նրա խնամու նկատմամբ: Նախագահի ընտրությունից առաջ հենց Եվրոպայում զսպեցին Գագիկ Ծառուկյանին: Բրյուսել կատարած այցից վերադառնալով Հայաստան՝ նա հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել նախագահի ընտրությանը: 

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ