Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթ է ընդունվել ընտանեկան բռնության հերթական գործը: Փեսան մեղադրվում է աներորդուն դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, իսկ պատճառը սեռական բնույթի գործողություններն են:
Ըստ մեղադրական եզրակացության, փեսան տեղեկացել է «թե իր աներորդին ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ հետ» եւ վրեժխնդրությունից դրդված 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում իր բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել աներորդու գլխի և մարմնի տարբեր մասերին: Դրա հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս՝ գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքներ, արյունազեղումներ, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքեր, քթի, աջ այտոսկրի կոտրվածքներ, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով:
Փեսային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ գործն ուղարկվել դատարան։ Ի դեպ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: