Lragir.am.Ժամանա՞կ կխնդրի, թե նոր երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը բավական հագեցած այց է կատարում Լեհաստան: Լեհաստանը Հայաստանի համար առանձնահատուկ երկիր է, իսկ վերջին շրջանում այն նկատելի մեծացրել է իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է թերեւս Արեւմուտքի հետ հարաբերությունը խորացնելու եւ սերտացնելու այն կուրսով, որի մասին հայտարարում է պաշտոնական Երեւանը: Բանն այն է, որ Լեհաստանն ըստ էության հանդիսանում է Հայաստանի եւ Արեւմուտքի կամուրջներից մեկը: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ դերին հավակնում էին մի քանի այլ պետություններ՝ Մերձբալթյան երկրները, հետո նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստանը, բայց «մրցույթն» ըստ էության հաղթեց Վարշավան:
Լեհաստանն Արեւելյան Եվրոպայի տնտեսաքաղաքական առաջատարն է եւ առանցքային երկրներից մեկը, հանդիսանալով եվրասիականության հանդիման Արեւմուտքի առանցքային պատվարներից մեկը:
Եվրասիականության թեման ներկայում Հայաստանի առաջ կանգնած է բավական սուր: Լեհաստան այցից առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունեց ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին, իսկ Երեւանում էլ Եվրասիական զարգացման բանկի պատվերով իրականացված սոցհարցման տվյալ հրապարակվեց, որի համաձայն բնակչության 61 տոկոսն իբր կողմ է Եվրասիական միությանն անդամակցելուն: Ակնհայտ է, որ Մոսկվան Լեհաստան կատարելիք այցից առաջ փորձեց քաղաքական եւ հոգեբանական ճնշում բանեցնել Սերժ Սարգսյանի վրա:
Լեհաստանյան այցը կարող է նշանակալից լինել Հայաստանի համար Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցության տեսանկյունից: Լեհաստանը հանդիսանում է Եվրամիության Արեւելյան Գործընկերության ծրագրի համակարգողը, որի անդամ է նաեւ Հայաստանը: Վարշավան վերջին շրջանում բարձր էր գնահատում Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին: Այդ մասին հարցազրույցներով հանդես է եկել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Թե ինչ ազդեցություն կունենա այցի վրա Պատրուշեւի հայաստանյան գործուղումն ու հասարակության 61 տոկոսի մասին սոցիո-գելափական հարցման տվյալը, դժվար է ասել: Լեհաստանյան այցի քաղաքական արդյունքը տեսանելի կարող է լինել ժամանակի ընթացքում, եւ թիրախն անկասկած նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք Արեւելյան Գործընկերության Վեհաժողովն է, որտեղ սպասվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում:
Սերժ Սարգսյանը Վարշավայում կխնդրի երկարաձգե՞լ նախաստորագրման ժամկետը, թե ստիպված կլինի ստանձնել հավելյալ երաշխիքային պարտավորություններ, որ չի «գցի» Եվրոպային:
Բանն այն է, որ արդեն իսկ կան նոյեմբերյան հեռանկարը կասկածի տակ դնողներ, ինչի հիմքը Հայաստանի վրա Ռուսաստանի վերջին շրջանի բավական ուժգնացող ճնշումն է: Միեւնույն ժամանակ, այն, որ Մոսկվան Հայաստանի առաջ հարցը չի դնում ուղղակի՝ Մաքսային ու Եվրասիական միությունների անդամակցության երդում կորզելու տեսանկյունից, հուշում է, որ Կրեմլն այդուհանդերձ այդքան էլ վստահ չէ, որ կհաջողի Հայաստանին պարտադրել այդ ընտրությունը:
Բայց այդ կասկածներն իհարկե հիմնված են ոչ թե Հայաստանի իշխանության կամքի եւ հաստատակամության, եվրանվիրվածության վրա, այլ Արեւմուտքի՝ Հայաստանին հագցրած պարեգոտի: Այն ներկայումս բավական ամուր է թվում, ինչի վկայությունն այն է, որ Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագետները վերջին շրջանում սկսել են բավական անկեղծ ու անմիջական լինել իրենց հայտարարություններում, իրերը նշելով իրենց անուններով: Օրինակ, այդ իմաստով հատկանշական էր հենց Լեհաստանի դեսպանի հարցազրույցը Հայկական Ժամանակ թերթին նախագահի ընտրության գործընթացում՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո, երբ դեսպանը բավական անկեղծ ու համարձակ հայտարարություններ էր անում Հայաստանի անվտանգության համակարգի հանդեպ: Իսկ այդ համակարգը, ինչպես հայտնի է, գործում է ռուսական պրոտեժեությամբ:
Կամ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի օրերս արած հայտարարությունն այն մասին, թե կառավարությունը թող չմիջամտի եւ հեռու մնա ՏՏ ոլորտից, չխանգարելով զարգացմանը:
Արեւմուտքը հաստատ պարտվելու համար չէ, որ բացել է խաղաքարտերը, եւ Ռուսաստանը դա լավ է հասկանում: Լավ է հասկանում նաեւ Արեւմուտքի գլոբալ առավելությունն իր նկատմամբ: Իսկ քանի որ Հայաստանը ներկայում զուտ նոմինալ պետություն չէ, որում ազդեցության համար բանալ պայքար է ընթանում աշխարհի ուժեղների միջեւ, այլ հանդիսանում է շատ ավելի լայն ու հեռանկարային աշխարհաքաղաքական ծրագրավորման մաս, պայքարն արդեն ստանում է հենց գլոբալ բնույթ, որտեղ Արեւմուտքի առավելություններն ակներեւ են:
Հայաստանի համար իրավիճակը բավական երկդիմի է: Մի կողմից, պայքարի բնույթի գլոբալացման առումով մեծանում են մարտահրավերները եւ դրանց հետեւանքի աղետալիության հնարավոր աստիճանը, մյուս կողմից առաջանում են բավական լավ հնարավորություններ, որոնք թույլ կտան օգտվել Հայաստանի համար մրցակցությունից եւ որակապես փոխել երկիրը:
Բայց ակնհայտ է, որ Հայաստանում ներկայում իշխող «էլիտան» ի վիճակի չէ օգտագործել հնարավորությունը եւ փոխել երկիրը: Այդ տեսանկյունից իրավիճակը մեղմ ասած բարվոք չէ նաեւ այսպես ասած «ընդդիմադիր էլիտայում», որն այս ժամանակի ընթացքում ի ցույց է դրել արտաքին եւ ներքին կարեւոր իրողությունների հանդեպ իր անհամարժեքությունը:
Հայաստանն ունի «էլիտաների» համալիր փոփոխության կենսական անհրաժեշտություն, այլապես պետությունը, ժամանակն ու պահն օգտագործողի փոխարեն, կդառնա օգտագործվող, էլ չասած աշխարհաքաղաքական վերափոխումերին խանգարողի վտանգավոր «կարգավիճակը», առավել եւս, երբ դրանք հագեցած են Հայաստանի համար տնտեսա-քաղաքական հնարավորություններով, ինչպես երբեւէ:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ