ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին ընդունեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:
Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:
Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու գործողությունների հստակ ծրագիր . խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը, ինչի արդյունքում ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։
Նիկոլաս Ջայն Նիելսոնի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են:
«Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է, որ կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծեց նախարարը:
Նախարարը շեշտեց, որ եղել են այնպիսի բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ:
Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրեց նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն