ԳԱԼԱ. «Ես ո´չ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ո´չ էլ… հարցրեք Կիպրոսի դատախազին»: Այսպես է արձագանքել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Կիպրոսի դատախազի այն հայտարարությունը, թե Կիպրոսում առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային գոտում ընկերություն չի կարող բացել:

«Դուք' լրագրողներդ, ինձ միշտ փորձել եք հարցեր տալ, որ իմ պատասխանները կարող են պրոցեսների վրա ազդել, դուք էդ պատասխանը չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այդ հարցերին, որքան էլ լրագրողական հմտությունները օգտագործեք, որոնք գտնվում են նախաքննության փուլում, որոնք գտնվում են դատախազության վարույթում կամ ոստիկանության վարությում: Վերջին հաշվով արդարադատության նախարարն է այդ հարցերին պատասխանում, և եթե ոչ ուղղակի, անուղղակի դրանք կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի ես էդ հարցերին չեմ պատասխանում»,- ասել է նախարարը:

Այն հարցին, թե եթե պարզվի, որ ՀՀ վարչապետը իսկապես կապ ունի օֆշորային գոտում ընկերություն բացելու պատմության հետ, արդյոք նա կենթարկվի՞ պատասխանատվության, նախարարը պատասխանել է, որ ինքը եթերներով չի ուզում պատասխանել:

«Եթե իրավական պետություն ենք, եթե բոլորը հավասար են իրավունքի առջև, եթե ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- հավելել է նախարարը:

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից ևս ցանկացել են իմանալ, թե նա ինչպես կմեկնաբանի Կիպրոսի դատախազի հայտարարությունը.

«Հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, խնդիրը գտնվում է դատական և իրավական տիրությում, և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի: Բայց ես հավատում եմ պարոն վարչապետին»:

Լիլիթ Թադևոսյան