Եգիպտոսում իսլամիստները հարձակվել են Հանրապետական բանակի գրասենյակի վրա և փորձել գրավել շենքը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Մուհամմեդ Մուրսին: Կահիրեի փողոցները հսկող զինծառայողները ստիպված են եղել կրակ արձակել նրանց ուղղությամբ: Ըստ առկա տեղեկությունների' կա 3 զոհ, մի քանի տասնյակ վիրավոր: Ինչպես գրում է AFP-ն, կրակոցները լսվում էին ինչպես բանակի, այնպես էլ' բողոքողների կողմից: Ահրամ օնլայն-ը գրում է, որ նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները հարձակվել են ուժային կառույցների վրա, որպեսզի ազատեն կալանավորված նախագահին:
Միաժամանակ, նոր նշանակված Ադլի Մանսուրի պաշտպանության համար կենտրոնական Թահրիր հրապարակ են հավաքվել մի քանի տասյակ հազար մարդ:
Եգիպտական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Մուրսին կալանքի տակ է մնալու մինչև դատավարությունը: Այս որոշումը պաշտպանություն է գտել Թահրիրում հավաքված ցուցարարների կողմից: Եգիպտական զինծառայողները զրահատեխնիկա են դուրս բերել փողոց, սակայն հայտարարել են, որ ուժ չեն կիրառելու, եթե ցուցարարները սադրանքների տեղիք չտան և մայրաքաղաքում անկարգութուններ չսարքեն: Փողոցներում արգելվել է բարիկադներ կառուցելը: