Նախօրեին՝ ժամը 24-ին, ավարտվեց Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքների ղեկավարների հուլիսի 14-ի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզչության համար սահմանված վերջնաժամկետը: Այսօր այդ համայնքներում «լռության օր» է:

Վաղը ժամը 8-ից 20-ը Պռոշյանում և Հովիտում կանցկացվի համայնքների ղեկավարների ընտրությունների քվեարկությունը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն և կարձանագրեն մինչև հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:

Հովիտում գյուղապետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Ավետիք Սերոպյանը և ինքնաառաջադրված՝ անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց, իսկ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել: