Lragir.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ հունիսի 11-ին Գորիսի Արցախյան փողոցի Լիանա հյուրանոցի տարածքում, ուշ երեկոյան կերուխումից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր' Աղալար Խաչատրյանի որդու' Էյներ Խաչատրյանի և գորսեցի Գոռ Կ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը ոստիկանության Գորիսի բաժին Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից զանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի սալջարդ, բազուկների շրջանում սալջարդ է ստացել 89-ին ծնված Գոռ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է գրել, որ վայր է ընկել իրենց բակում:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գոռ Կ.-ն նշված վնասվածքը ստացել է հունիսի 11-ին Արցախյան խճուղում հյուրանոցային համալիրի դիմաց 92-ին ծնված Հայկ Մ.-ի հետ վիճաբանության ժամանակ: Գոռ Կ.-ն և Հայկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության բաժին և կատարվածի վերաբերյալ բացատրություններ տվել: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Ըստ տեղեկությունների, նրանք օբյեկտում ընկերներից մեկի ծննդյան արարողությունն են նշելուց եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Գորիսցիներն ասում են, որ եթե քաղաքում կռիվ է լինում, ուրեմն Խաչատրյանների գերդաստանից որևէ մեկն է հրահրողը, եւ հիմա փորձում են բարեկամներին «պաշտպանել»: Ի դեպ, ասում են նաեւ, որ Գորիսի ոստիկանապետի որդին սերտ հարաբերությունների մեջ է Էյներ Խաչատրյանի հետ:
Ի դեպ, հայկական մամուլում ժամանակին հրապարակումներ եղան մի դեպքի մասին, երբ Սուրիկ Խաչատրյանի երկու եղբորորդիները՝ Էյներ և Մայիս Խաչատրյանները, 2004-ին ծեծել ու դանակի 12 հարված էին հասցրել Գորիսի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հայր 34-ամյա Հովհաննես Բադալյանին այն բանի համար, որ մթության մեջ չէր նկատել բակում կանգնած եղբորորդիներին եւ դիպել նրանց: Նա մահացել էր հիվանդանոցում: Էյներ Խաչատրյանը 2005-ին դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման և ազատ արձակվել: