Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ քարոզարշավի շրջանակներում երեկ ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, և վերջիններիս է մոտեցել մի տարեց տղամարդ՝ խոչընդոտելով քարոզարշավը, ասել է՝ այդտեղ ընտրողներ չունեն, բուկլետները հավաքեն ու գնան։

Ըստ տարածվող լուրերի՝ դրան ի պատասխան՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեցին։ Դեպքին միջամտել են մի քանի երիտասարդներ, և, իրենց տարածքում ապրող պապիկին պաշտպանելով, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։ Վերջիններս էլ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ, որն ասաց՝ մամուլում տեղ գտած տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ. «Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ քարոզարշավ իրականացնելիս են եղել բակում: Զրուցարանից մի տղամարդ հայհոյանք է հնչեցրել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հասցեին և մեր կուսակցության անդամներն էլ փորձել են բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել և, առհասարակ, կոռեկտ չէ հայհոյանքներ հնչեցնել բակում»,- պատմում է Ալեքսանյանը:

Նա ընդգծեց, որ այդ պահին մոտ 10 երիտասարդներ մոտեցել են իրենց կուսակցության անդամներին. «Նրանց վրայից սուր ալկոհոլի հոտ է եկել, նրանք փորձել են ուժ գործադրել ՔՊ 4 անդամների նկատմամբ, բռնություն կիրառել և խոչընդոտել քարոզարշավը: Հաշվի առնելով երիտասարդների ոչ սթափ լինելը՝ ՔՊ անդամները հեշտությամբ ինքնապաշտպանության շրջանակներում գործադրել են համաչափ ուժ, որի արդյունքում այդ 10 երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում: ՔՊ ոչ մի անդամ վնասվածք չի ստացել և շարունակել է իր քարոզարշավը»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Կապ հաստատեցինք նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ, վերջինս ասաց՝ որևէ ՔՊ անդամ իրենց մոտ չի տեղափոխվել:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Փաստի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրգործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության»,- ասաց նա։

Զվարթ Պետրոսյան