ԱՄՆ զինված ուժերի շարքային Բրեդլի Մենինգի գործով դատական քննությունը մոտեցել է եզրափակիչ փուլին: BBC լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ շուտով կհրապարակվի «Wikileaks» կայքին հազարավոր գաղտնի փաստաթղթեր տրամադրած զինծառայողի դատավճիռը:
Ըստ մեղադրող կողմի 25-ամյա զինվորը 2009-2010 թվականների ընթացքում այդ կայքին է տրամադրել 250 հազար դիվանագիտական փաստաթղթերի պատճեներ և Իրաքի ու Աֆղանստանի իրավիճակներին առնչվող ռազմական ոլորտի 500 հազար զեկույց:
Մենինգին առաջադրված է 22 կետից բաղկացած մեղադրանք, որոնցից, սակայն, նա ընդունում է միայն 10-ը: Նրան ներկայացվողներից առավել ծանրը թշնամու հետ համագործակցության մեղադրանքն է, որը նա չի ընդունում:
Եթե մեղադրող կողմին հաջողվի ապացուցել, որ Մենինգի կողմից փոխանցված տեղեկատվությունները երրորդ կողմին պետք է դիտարկվի, որպես թշնամու հետ համագործակցություն, ապա ապագայում դա զսպող գործոնի կվերածվի նրանց համար, ովքեր կորոշեն առևտուր անել գաղտնի փաստաթղթերով, նշում է BBC-ն:
Գաղտնի փաստաթղթերի այս արտահոսքը ամենամասշտաբայինն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Այն վնաս է հասցրել այդ երկրի շահերին: Հարցի նկատմամբ այդպիսի մոտեցումը, սակայն չեն կիսում Մենինգի փաստաբանները: Ըստ նրանց, իրենց պաշտպանյալը, բացահայտելով տեղեկատվությունը, կատարել է հերոսական քայլ:
Եթե նա մեղավոր ճանաչվեց, ապա կդատապարտվի 154 տարվա ազատազրկման:
Մենինգը չի ժխտում, որ ինքը բացահայտել է գաղտնի տեղեկությունները: Փետրվարին նա հայտարարել էր, որ այդ քայլն ինքը կատարել է, որպեսզի խթանի ԱՄՆ-ի արտաքին և պաշտպանական քաղաքականության հասարակական քննարկումները:ՍակայնԱՄՆ-ի իշխանություններին ներկայացնող մեղադրող կողմը մնում է իր նախնական կարծիքին և պնդում է, որ տեղեկատվության արտահոսքը վնաս է հասցրել երկրի անվտանգությանը և վտանգել է ամերիկյան զինվորների կյանքը: