Երեկ՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին:
Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք: N զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովից մաշկային հիվանդություն ունեցող քաղաքացուն ուղարկել էին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, իսկ մյուս դեպքում զինկոմիսարիատի հանձնաժողովի հոգեբույժը քաղաքացուն ուղեգրել էր ստացիոնար հետազոտման, սակայն տվյալ զինկոմիսարիատի ղեկավարը մերժել էր առանց պատճառաբանության՝ ենթադրելով, որ քաղաքացին պիտանի է ծառայության համար: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում:
Սույն թվականի հունիսի 11-ից մեկնարկած զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել անհանգստացած ծնողներից, քանի որ առողջական բարդ խնդիրներ ունեցող իրենց երեխաներին զորակոչում են ՀՀ զինված ուժեր: Դատապարտելի է նման քաղաքացիներին ՀՀ զինված ուժեր զորակոչելը, քանի որ զինկոմիսարիատների անբարեխիղճ աշխատելաոճը կարող է հանգեցնել առողջական վիճակի հետագա վատթարացման և անդառնալի հետևանքների:
Առաջարկում ենք Պաշտպանության նախարարությանը խիստ հսկողություն սահմանել զինվորական կոմիսարիատների գործունեության ոլորտում, անուշադրության չմատնել զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, տրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար, հաշվի առնել զորակոչիկների մոտ առկա հիվանդությունների բնույթը, հետագա բացասական զարգացումները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները՝ պատշաճ ձևով հիմնավորելով առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչը: Հակառակ պարագայում, նման առանձին դեպքերը կարող են հիմք հանդիսանալ անվստահության համար և կասկածի տակ դնել ոչ միայն բուժզննության օբյեկտիվությունը և հիմնավորվածությունը, այլ նաև ամբողջ զորակոչի կազմակերպման օրինականությունը:
Պաշտպանի աշխատակազմ